ԿարևորՏնտեսական

Լաստանավային փոխադրումը՝ Լարսին այլընտրանք․ կառավարությունը կսուբսիդավորի ծախսերը

Ամենաուշը հունիսի 15-ից հայկական ներմուծող ու արտահանող ընկերություններին որպես Վերին Լարսի այլընտրանք կառաջարկվի լասատանվային փոխադրումը։ Լաստանավով բեռների փոխադրումը կիրականացվի  շաբաթական երկու անգամ՝ 40 վագոն ու 50 բեռնատար ավտոմեքենա տեղափոխելու հնարավորությամբ։ Կառավարությունը կսուբսիդավորի լաստանավային փոխադրումների ծախսերը։

Ինչպե՞ս ապահովել հայկական բեռների անվտանգ, ապահով ու ժամանակին փոխադրումը Լարսի անցակետով։ Այս պահին Վրաստանի հատվածում  շուրջ 142 հազար մեքենա է կուտակվել, որոնցից 1000-ը, ըստ էկոնոմիկայի նախարարի,  հայկական մեքենաներ են։

Որքան երկար են արտահանող ընկերությունների բեռները տեղափոխող մեքենաները  մնում Լարսում, այնքան մեծանում են նրանց կրած վնասները։ Գործարար, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանը «Ռադիոլուր»-ի հետ  զրույցում նկատում է՝ ստեղծված իրավիճակում ելքը լաստանավերով փոխադրում կազմակերպելն է, հատկապես, որ արտահանողներն արդեն խնդիրներ ունեն` ռուս-ուկրաինական պատերազմով ու ՌԴ-ում գնաճով պայմանավորված՝ ասում է գործարարը։

«Հայաստանից արտահանողները չեն կարողանում ինդեքսավորել, արտահանումն իրականացնել նոր, ավելի թանկ գներով։ Եթե անգամ դա կիրականացվի, դրա համար երկար ժամանակ է պետք,որպեսզի շուկան ընկալի գների աճը»։  

Հայկական ապրանքները հիմնականում ՌԴ արտահանվում են ցամաքային ճանապարհով։ Լարսի անցակետում առկա բազմաթիվ խնդիրներին այս փուլում գումարվել են   նաև ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքները՝ արձանագրում է վարչապետը։

«Երկար տարիներ առնչվում ենք Վերին  Լարսի թողունակության հետ կապված պրոբլեմներին՝  կապված եղանակային պայմանների հետ։ Այժմ  նաև սրվել է ուկրաինական իրադարձությունների պատճառով, երբ  ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելու»։

Արտահանող ու ներմուծող ընկերություններին որպես այլընտրանք  առաջարկվում է լաստանավային փոխադրումը։ Օպերատորն արդեն ընտրվել է, այն  «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն  է, որը երկաթուղային երկու ընկերությունների՝  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ու «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ ու պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը՝ ասում է էկոնոմիկայի նախարարը․

«Ըստ մեր պլանի՝ «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք գործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն, որի վրա կա 40 վագոնի ու 50 բեռնատար ավտոմեքենայի տեղ։ Կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ սուբսիդավորել լաստանավային հատվածը»։

Արդյունքում կունենանք Հայաստանի երկաթուղային համակարգի կանոնավոր կապ Եվրասիական երկաթուղային համակարգի հետ, որը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տնտեսության, արդյունաբերության մրցունակությունը`հստակեցնում է նախարարը։ Կառավարությունն իր հերթին  կանխատեսելի ու թափանցիկ չվացուցակ կապահովի՝ ասում է Նիկոլ Փաշինյանը ու հստակեցնում՝  փոխադրումները կիրականացվեն կոնկրետ օրերի ու ժամերի և կսուբսիդավորվեն։

«Սուբսիդավորումը բնականաբար հավերժ չի լինելու։ Մենք հույս ունենք, որ այս տնտեսական սխեման կսկսի աշխատել ու երբ դրա արդյունավետությունը բարձրանա, կառավարությունն իր ներկայության հատվածը կամաց-կամաց կնվազեցնի»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս ունի, որ սուբսիդավորման դադարեցումից հետո էլ գները ճկուն կլինեն։ Նավագնացությունը նվազում է, բեռների հոսքը ավելանում ՝ արձանագրում է

«Լարսում վիճակը շատ վատ է։ Կուտակումները ոչ ԵԱՏՄ անդամ երկրների մեքենաներն են, ինչը նշանակում է, որ սահմանային ու մաքսային հսկողությունը դանդաղել է։  Թողունակությունը օրական 700 մեքենա այսօր   չեն կարողանում ապահովել նաև, որ մեքենաների մեծ մասը ԵԱՏՄ կարգավորումներով չեն ու դանդաղ են անցնում սահմանը։ Սա շատ ակտուալ թեմա է»։ 

Գինի, կոնյակ, ձկնամթերք՝ որոշակի քանակությամբ, պահածոներ ու թարմ պտուղ-բանջարեղեն, հումքային արտադրանք․ ՌԴ արտահանվող ապրանքների հիմնական ցանկն է։  2021-ի  դեկտեմբերի տվայլներով՝ Հայաստանից ավելի քան 200 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել։ Սա շուրջ 38.5 տոկոսով ավելի է 2020-ի (145830 տոննա) և 41.3 տոկոսով՝ 2019-ի (142893 տոննա) ծավալից: 2021-ին արտահանման առաջատարը կարտոֆիլն էր՝ ավելի քան 48 հազար տոննա: Ավելի քան 35 հազար տոննա էլ ծիրան է արտահանվել։

Արտահանման առաջին եռյակում նաև լոլիկն է՝ շուրջ 35 հազար տոննա (34961 տոննա), 2020-ի և 2019-ի համեմատ դարձյալ աճ կա: Առջևում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնն է։ Գործադիրը հույս ունի, որ լաստանավային փոխադրումը կնվազեցնի արտահանողների ռիսկերը։

Back to top button