ԿարևորՔաղաքական

Բանակցությունների սեղանին «5+6» օրակարգն է

Խաղաղության օրակարգից մինչև անկլավներ՝ ԱԽՔ-ն այսօր լրագրողներին որոշ պարզաբանումներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների մասին ու մասնավորեցրել, թե որ հարցերի  շուրջ կարող են  ծավալվել դրանք։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  հայկական կողմի  համար առաջնային են Արցախի բնակիչների անվտանգության պաշտպանության, իրավունքների և  ԼՂ-ի կարգավիճակի հարցերը։

Դրանք հայկական կողմը ձևակերպել է որպես  6 առաջարկներ։ Արդյունքում բանակցությունների սեղանին «5+6» օրակարգն է։   

Լուծումներ գտնել Արցախի բնակիչների անվտանգության, պաշտպանության,  իրավունքների հարցերին և ըստ այդմ՝  ձևավորել կարգավիճակը․ սա խաղաղության օրակարգի Հայաստանի կողմից առաջ քաշվող  բանաձևն է, որը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ձևակերպում է նաև  որպես «5+6» օրակարգ։ Նրա խոսքով՝ Բաքվի առաջ քաշած 5-կետերին Երևանն ավելացրել է իր 6 կետերը։  Այս օրակարգի շուրջ և Բաքվում, և միջազգային հանրությունում ըմբռնում կա՝ ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Հայաստանի համար Ադրբեջանի առաջարկած կետերը անընդունելի չեն եղել։ Հայաստանն իր 6 կետերում առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղություն ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հիշեցնում է՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում շեշտադրվող երեք հիմնարար սկզբունքներից առանցքայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է, ինչը համառորեն անտեսում է Բաքուն։ Արցախի կարգավիճակի մասին խոսելիս պետք է հստակեցնել,  թե որ սկզբունքի հիման վրա է որոշվելու կարգավիճակը, հարցնում է քաղաքագետը․

«Ի՞նչ ենք հասկանում անվտանգային համակարգ ասելով։ Արդյո՞ք այդտեղ տեղ և դեր ունի բանակը։ Այս անվտանգության եզրույթի տակ բավականին հեշտ ձևով ծածկվում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Եթե չեղավ ազգերի ինքնորոշման իրավունք, մնացած բոլոր կատեգորիաները սուտ են։ Կարգավիճակն առանց սրա ևս ազգային անվտանգության սպառնալիք է։ Ի՞նչ եք կարծում՝ արցախցին Ադրբեջանի կազմում քանի տարվա կյանք է ունենալու»։

Ի՞նչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է, որ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարի այս ձևակերպումն անհասկանալի է ԱԽՔ-ին։ Եթե Ադրբեջանի նախագահը նկատի ունի այս պահին գոյություն ունեցող իրավիճակը ու դրանով կարողանում է պնդել, որ այն այլևս իրականություն է, ապա դա հայկական կողմի համար էլ ամբողջովին ընդունելի է, հակադարձում է Արմեն Գրիգորյանը։

«Եթե իրավիճակը նկարագրենք ու դա ասենք իրականություն է, ապա մեր կյանքում, մեծ հաշվով, Սյունիքում կամ ՀՀ տարածքում որևիցե բան չի փոխվել, եթե սա նկատի ունի, մենք կարող ենք դա ընդունել, որ իրականություն է»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը կտրականապես դեմ է միջանցքային որևէ տրամաբանության, դրան դեմ է նաև պաշտոնական Երևանը, այդ մասին բազմիցս հայտարարվել է։

«Զանգեզուրի կամ Սյունիքի միջանցք» ասվածը ցանկացած պահի եթե իրականություն դառնա, և կապ չունի դա կլինի մեր վերահսկողության ներքո թե Ռուսաստանի ու չի լինի Թուրքիայի վերահսկողության ներքո, այնուամենայնիվ «միջանցքի առկայությունը» կամ այդ ծրագիրը ստարտ կտա հայկական պետականության վերջին»։  

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է նաև անկլավների մասին, տեղեկացրել, որ  մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել։ «Երկու կողմն էլ լուռ է այս հարցում՝ ասել է  Գրիգորյանը և հավելել՝ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին։

Back to top button