ԿարևորՀասարակություն

Ավելի մեծ թվով պաշտոնյաների ունեցվածքը կուսումնասիրվի․ փոփոխություններ գործող օրենքում

Գործադիրի հերթական նիստում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը հավանության է արժանացել։ Փոփոխություններով արդարադատության նախարարությունը առաջարկում է ընդլայնել այն պաշտոնյաների շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրություն։ Գործադիրն առաջարկում է փոփոխություններով նաև դատախազությանը հնարավորություն տալ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ սկսելու։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը զգուշացնում է՝ այսուհետև բոլոր պաշտոնյաները ավելի ուշադիր ու զգուշավոր պետք է լինեն։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նախարարաության առաջարակած փոփոխություններով ավելի մեծ թվով պաշտոնյաների գույքն ու ունեցվածքն է ուսումնասիրվելու։

«Գործող կարգավորումներով ուսումնասիրություն կարող է կատարվել քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ․ ավելի պարզ ասված՝ օրինակ վարչապետը փոխվարչապետերը, նախարարները, նրանց տեղակալները, ՄԻՊ–ը դատավորները։ Այս փոփոխության նպատակն է ընդլայնել այն պաշտոնների շրջանակը և ընդգրկել բոլոր այն մարդկանց, որոնք հայտարարագրեր են ներկայացնում։ Փոփոխությունների ընդունումից հետո նրանք նույնպես ենթակա կլինեն այս օրենքի շրջանակում ուսումնասիրման»,– մանրամասնում է արդարադատության նախարարը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան

2021թ–ին էականորեն ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը․ ավելի քան 10 հազար պաշտոնյա  իր գույքի ու ունեցվածքի մասին հաշվետվություն է ներկայացնում։

Գույքի օրինականությունը ուսումնասիրության առարկա է դառնում այն դեպքերում, երբ քաղաքացին անցնում է որևէ քրեական գործով։ Եթե քննության ընթացքում ի հայտ են գալիս կասկածներ, ապա տվյալներն ուղարկվում են գլխավոր դատախազության համապատասխան վարչություն, որն էլ սկսում է ուսումնասիրությունը։

Գործադիրն առաջարկում է փոփոխություններով դատախազությանը հնարավորություն տալ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ սկսելու։

«Բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված քննության մեջ հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ, դատախազությունը կարող է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել»,– ասում է Կարեն Անդրեասյանը։

2020թ–ի ապրիլին ընդունված և սեպտեմբերից ուժի մեջ մտած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը միանշանակ չի ընդունվել։  2021թ նոյեմբերին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հայցով դիմել են Սահմանադրական դատարան։ Այն մինչև մայիսի 23-ը հայցն ուսումնասիրելու, ապա նաև քննության  ժամկետը3 ամսով երկարացնելու հնարավորություն ունի։ Մինչ այդ արդարադատության նախարարն ասում է՝ օրենքի գործարկման ընթացքում թերություններ ու խնդիրներ նկատել են, հենց դրանք փոխելու նախաձեռնությամբ են հանդես գալիս։

«Օրենքի կարճատև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազության կողմից արդեն հսկայածավալ աշխատանք է կատարվել և հենց այդ աշխատանքի ընթացքում դուրս են բերվել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և լավարկել այս օրենքը որպեսի այն ավելի մեծ արդյունավետություն ունենա»։

Օրենքի արդյունավետության վերաբերյալ վերապահումներ ունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ հասարակությունն էլ գոհ չէ արդյունքներից։  

«Հասկանալի պատճառներով այս պրոցեսների վերաբերյալ կա որոշակի դիմադրություն։ Որքանով ես տեղյակ եմ, քանի որ սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից վիճարկվում է այս օրենքը, քննվող ապօրինի գույքի բռնագանձման գործերը առաջ չեն գնում, կասեցվում են»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

Այս պահի դրությամբ, Գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 8 հայց՝ 42 միլիարդ դրամ հայցագնով՝ գործադիրին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 300–ից ավելի դեպքերով ուսումնաիրություն է ընթանում։ Դատախազի գնահատմամբ՝ աշխատանքի ծավալներն ավելի մեծ են, քան համապատասխան ստորաբաժանման ռեսուրսները։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

«Օրինակ ի սկզբանե նախատեսված է եղել, որ այդ ծավալի ուսումնասիրություններ կատարելու համար ստորաբաժանմանը անհրաժեշտ է ընդամենը երկու տնտեսագետ, բայց այս պահի դրությամբ մենք ունենք 10 տնտեսագետ և դեռ էլի հաստիքներ ավելացնելու անհրաժեշտություն»,– մանրամասնում է Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ներկայում իրականացվում է 316 ուսումնասիրություն։ Միայն 2021թ․–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 279 անձի պատկանող գույք է ուսումնասիրվել, 14-ի գործն ավարտվել է, բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք:

Back to top button