ԿարևորՀասարակություն

Աշակերտի նկատմամբ բռնության այսօրվա դեպքը խիստ դատապարտելի է․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը դատապարտել է աշակերտի նկատմամբ բռնության այսօրվա դեպքը։

«Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ 

Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։

Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։

Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից»,- ասված է ՀՀ ՄԻՊ գրառման մեջ։ 

Back to top button