Վերնատուն

Բարքերի և քաղաքականության հատման կետում․ «Վերնատուն»

«Աշոտ Հովհաննիսյանի» անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի «Մշակույթ և արդիականացում» նախագիծը մեկնարկել է 2021 թվականին։ Նախագծի շրջանակներում իրականացվել է «Բարք և քաղաքականություն» հետազոտական ծրագիրը։

Նախագիծը նախատեսում է ընդգրկուն ծրագիր՝ կայքի շնորհանդես, սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ, հետազոտությունների հանրային ներկայացումներ, ծրագրի ավարտին՝ նաև գիտաժողով։

«Բարք և քաղաքականություն» ծրագրի շրջանակներում 6 հետազոտողներ շուտով կհրապարակեն իրենց հետազոտությունները։ Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտողներ Նարե Սահակյանն ու Աշոտ Գրիգորյանը ներկայացնում են նախագիծը, հետազոտություններն ու դրանց իրականացնելու շարժառիթները։

«Ավանդված ապրելաձևեր և ազատագրական քաղաքականություններ․ այս երկու երևույթներն ավանդաբար քննարկվում են մեր գիտության մեջ, բայց դրանց հատումը կամ թե ինչպես են ազատագրման բաղձանքները ներդրվում կյանքում և ինչ լարումներ են առաջանում՝ մեր հետազոտական նախագծի առանցքն է», – ասում է Նարե Սահակյանը։

«Մեզ հետաքրքիր է, թե ինչ սերտաճում է տեղի ունենում բարքի և քաղաքականության միջև, ինչ կյանք են ունենում այն քաղաքականությունները, որոնք ներդրվում են։ Մեզ հետաքրքիր է, թե որտեղից է գալիս մեր՝ լուսավորվելու մղումը», – ասում է հետազոտող Աշոտ Գրիգորյանը։

Խոսելով իրենց հետազոտությունների մասին՝ հետազոտողները նշում են, որ արդիականացման կամ պահպանողական լինելու խնդիր չեն դնում, այլ փորձում են հասկանալ, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են ձևավորվել հայերը և արդիականանալու ի՞նչ փորձ ունեն։

Back to top button