ԿարևորՏնտեսական

Ռուս-ուկրաինական պատերազմը՝ նաև դրամի արժևորման պատճառ․ մինչև երբ ու որքան կիջնի դոլարի կուրսը

Ինչու՞ է արժևորվում դրամն ու ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը․ մասնագետներն ասում են ՝ գործում է տնտեսագիտական պարզ՝ առաջարկի-պահանջարկի կանոնը։ Դրամի պահանջարկն ավելացել է, իսկ դրա հիմքում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող օտարերկրացիների  մեծ թիվն է։

Հենց նրանց փոխարկումների պատճառով է շուկայում դրամի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել։ ԿԲ-ն իրավիճակին չի միջամտում, բայց հետևում է ազգային արժույթի վարքագծին։

Վիճակագրությունը փաստում է՝ այս տարվա առաջին եռամսյակում միջազգային այցելությունների աշխարհագրությունը փոխվել է․ եթե նախորդ տարիներին Հայաստան  այցելողները հիմնականում Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից էին, ապա այս տարի առաջին տասնյակում նաև Բելառուսն  ու Ուկրաինան են։  Փոփոխությունը մասնագետները պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմով։ Այցելուների մեծ հոսքն ազդել է նաև դոլար-դրամ փոխարժեքի վրա։ Մարտի 29-ին, օրինակ, դոլարի փոխարժեքը 490 դրամ էր, մայիսի 2-ին արդեն՝  449 դրամ։ Մեկ ամսում  դրամն արժևորվել է ավելի քան 9%-ով՝ արձանագրում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը։

 «Առաջին պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է ու դրա հետ կապված անորոշությունները, ինչի հետևանքով Հայաստանում միջազգային այցելուների հոսքն է ավելացել։ Սա նպաստել է ծառայությունների արտահանելիության մակարդակի բարձրացմանը։ Երբ օտարերկացիները գալիս և օգտվում են մեր ծառայություններից, դա նշանակում է, որ մեր ծառայությունները դառնում են արտահանելի։ Դա  հանգեցրել է դրամի արժևորմանը»։

Ավելի պարզ՝ Հայաստան եկած այցելուներն իրենց հետ հիմնականում դոլար կամ ռուբլի են բերում, իսկ  առևտուրը մեր երկրում կատարվում է դրամով։ Նրանք իրենց հետ բերած արտարժույթը փոխարկում են դրամի՝ այսպիսով մեծ  հետաքրքրություն առաջացնելով հայկական դրամի նկատմամբ։  

Փոխարժեքի վրա ազդել է  նաև ՏՏ մասնագետների ներհոսքը։ Նրանք նույնպես իրենց արտարժութային պաշարների որոշակի մասը Հայաստանում դրամի են վերածել։ Դրամի արժևորմանը  նպաստում է նաև ԿԲ քաղաքականությունը՝  ասում են մասնագետները՝  վկայակոչելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ գնաճի զսպման նպատակադրումը։  

ԿԲ խորհրդը վերջին նիստում որոշեց անփոփոխ՝ 9․25 տոկոս թողնել տոկոսադրույքը, բայց դրանից առաջ այն բարձրացել էր միանգամից 1․25 տոկոսային կետով։ ԿԲ խորհրդի որոշման հիմքում  այն մարտավարությունն է, որ դեռ պետք է հետևել  միջազգային այցելուների վարքագծին ու դրանով պայմանավորված տնտեսական հետևանքներին։

Հենց սրանք էլ արտացոլվելու են  փոխարժեքի մեջ՝ արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը.

«Եթե մենք հասկանանք այն գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեքի որոշակի դրսևորումների, մեզ ավելի հեշտ կլինի հասկանալ նաև հետագիծը։ Այն բնականաբար իր մեջ անորոշություններ է ներառում։ Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում միջազգային այցելուների մեծ հոսք կա։ Մենք նրանց չենք դասակարգում որպես զբոսաշրջիկ կամ որպես այլ խումբ,  քանի որ այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան բավարար չէ»։

Որպես  դրամի արժևորման  հետևանք՝ տնտեսագետ Մերի Բոյաջյանն առանձնացնում է ներմուծվող ապրանքների գնի նվազումը։ Սա, վերլուծաբանի կարծիքով,  անհավասար պայմաններ է ստեղծելու տեղական արտադրողների համար և խնդիրներ արտահանման ոլորտում։

«Եթե դիտարկում ենք արտահանման տեսանկյունից,ապա դրամի արժևորման պարագայում հայրենական ապրանքները թանկանում են միջազգային շուկաներում։ Սա որոշակի դժվարություններ է առաջացնում։ Մասնավորապես՝ նվազեցնում է արտահանողների շահութահարկի նորմը։ Օրինակ, նախկինում եթե 4 դոլարի ապրանք վաճառելով՝ արտասահմանյան շուկա, ստանում ենք պայմանական 2 հազար դրամ, ապա դրամի արժևորման պարագայում արդեն ստացվում է 1700 դրամ ու տվյալ արտահանողը կորուստ է կրում»։

Թե որքան կշարունակվի դրամի արժևորումը, ոչ փորձագիտական դաշտում են կանխատեսում, ոչ էլ ԿԲ-ում են հստակեցնում։ Հիշեցնում են՝  Հայաստանը որդեգրել է լողացող կուրսի քաղաքականությունը, ուստի գինը որոշում է շուկան՝ առաջնորդվելով  առաջարկի ու պահանջարկի կանոնով։

Back to top button