ԿարևորՀասարակություն

Կարգավորման նպատակով սկսված հայ-թուրքական գործընթացը նոր խնդիրներ է առաջացնում․ փորձագետ

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ երկու երկրների բանագնացների երրորդ հանդիպումից հետո վերահաստատվել է գործընթացն առանց նախապայմանների շարունակելու կողմերի համաձայնությունը։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շոշափելի առաջընթացի հասնելու համար մոտեցումների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկում է տեղի ունեցել։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Վիեննայի հանդիպման նախօրեին նոր թեզ առաջ քաշեց։ Հայտարարեց, թե իբր «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը անմիջապես հակադարձեց ՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,-ասաց նա։

Թեման, սակայն, ակտիվ քննարկումների փուլ է մտել։ Որոշ  փորձագետների կարծիքով՝  խոսքը Կարսի պայմանագրի վերահաստատման մասին է, ինչը թուրքագետները կարմիր գիծ են համարում։ Կարմիր գծերի թվում են նաև Հայոց ցեղասպանության խնդիրն ու արցախյան հարցը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ենթադրում է, որ Չավուշօղլուի հայտարարությունը փաստում է, որ Անկարան մոլորեցնող միջոցներ է կիրառում Կարսի պայմանագրի վերահաստատմանը հասնելու համար։ Նման փորձ արվել է նաև 1991 թվականին՝ ասում է։ Անկարան այդ ժամանակ էլ  ջանք էր գործադրում, որպեսզի Հայաստանը վերահաստատի Կարսի պայմանագիրը։ Այսօր Թուրքիայի քողարկված ձգտումը, ըստ թուրքագետի, նույնն է։     

«Սա, ըստ երևույթին, տրամադրությունների հերթական շոշափում է նշանակում։ Եթե ՀՀ չհակադրվի, սահմանագծում չեն ասի, կասեն Կարսի պայմանագիր վերահաստատում, ինչը  կդառնա նախապայման։ Մոսկովյան առաջին հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ գրված է և կողմերն էլ ստորագրել են, որ այս գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանի։ Այսինքն՝ ուզում են առաջին իսկ հնարավորության դեպքում զարտուղի ճանապարհով բերել ու մեր դեմը դնել»։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝  Վիեննայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների արդեն երրորդ հանդիպումը որևէ շոշափելի արդյունք  չի գրանցել, քանի որ կողմերից որևէ մեկը, կամ գուցե երկուսն էլ  բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորում։ Նրա կարծիքով՝ գործընթացն առաջ չի  գնում հենց Թուրքիայի պատճառով, քանի որ հայկական կողմը հստակ նշել էր, որ համարձակ քայլերի շրջանակում Անկարան կարող է, օրինակ,  բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, ինչը Թուրքիայի կողմից անտեսվում է։ Փոխարենը նոր թեմա է շոշափվում։

«Չավուշօղլուի հայտարարությունը անհասկանալի նոր նախապայման է առաջ քաշում, դա սահմանների ռեդեմարկացիայի կետն է, և ստացվում է, որ այս գործընթացը, որը նպատակ ուներ կարգավորելու հարաբերությունները, հիմա նոր խնդիրներ է առաջացնում»։  

Այն, ինչ տեղի է ունենում այսօր հայ-թուրքական գործընթացի շրջանակներում, ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության արտացոլումն է՝ համոզված է Հակոբ Չաքրյանը։ Նրա համար կարևոր էր Բայդենի  ապրիլ 24-յան ուղերձում  Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ձևակերպումը։

«Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանումը նշանակում է մինչ այդ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևի վավերացում»։

Թուրքերի անհանգստությունը հենց Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործմամբ է պայմանավորված, քանի որ ԱՄՆ-ն այդպիսով պարտավորություն է ստանձնում նաև ցեղասպանության հետևանքների վերացման  հարցում ՝ բացատրում է թուրքագետը։

Back to top button