ԿարևորՏնտեսական

Խոշոր ներդրողները մշակում են խոշորացված Վանանդի հողերը, գյուղացիները սպասում են փոփոխությունների

Բաղրամյան համայնքի  սահմանամերձ բնակավայրերի անջրդի տարածքները վերջին տասնամյակում դարձել են ոռոգելի: Հողերը մշակում են ոչ թե տեղի բնակիչները, այլ օտարերկրյա խոշոր ներդրողները։ Նախկին քարքարուտների մեծ մասն  այժմ վարելահողեր ու տնկարքներ են: Հողերն օտարվել են, համայնքը խոշորացվել է, բայց գյուղի կյանքն առանձնապես չի փոխվել:

Վանանդ գյուղի 3214 հա ընդհանուր տարածքից 2400 հա-ն արդեն ոռոգելի է։ Ամեն տարի խոշոր սեփականատերերը մշակովի տարածքներն ավելացնում են շուրջ 100 հեկտարով.  նշի, ընկույզի, կեռասի, պիստակի  այգիներ են հիմնում: Գյուղացիներն աշխատում են այդ այգիներում: Սուսաննա Հարությունյանի ընտանիքը 2002թ.-ից  Վանանդում է ապրում, Թալինից են եկել։

«Թալինում աշխատանք չկար, այստեղ սեզոնային էր գործը, եկանք, աշխատեցինք, որպեսզի մեր գոյությունը պահեինք: Գերադասեցինք օրը 3000 դրամով չարչարվել, տանջվել, բայց սոված չմնալ»:

Թալինից հետո Վանանդում դժվարությամբ են հարմարվել: Սեփական հող չունեն, տնամերձ հողամասում պտղատու ծառեր են տնկել, տնամերձը Միչուրինի այգին դարձրել: Սեզոնին աշխատում են այլ հողերում:

«Ծիրան հավաքելու ժամանակ  ծիրան ենք հավաքում. տղաս ծառերի բներն է փորում, բաժակներ՝ բացում, տնկիների համար փոսեր փորում, օրական 5000-6000 դրամ են ստանում»:

Վերջին տարիներին  գյուղի արոտավայրերն ամբողջությամբ  մշակվում են, ինտենսիվ այգիներ են հիմնել՝ ասում է Ալեքսան Գևորգյանը: Նա էլ է որոշել այգեգործությամբ զբաղվել.  սեփականաշնորհված հողամասում  ծիրանի ու դեղձի տնկիներ է տնկել, արանքներում՝ անասնակեր ցանել:

«Ոռոգման ջուրն է խնդիր: Այն չի բավարարում, քանի որ  հիմա բոլոր հողերը, արոտավայրերը մշակվում են: Չգիտենք էլ՝ պարսիկնե՞ր են առել, Ամերիկայի՞ց են, որտեղի՞ց են, չգիտենք: Առայժմ միայն պիստակ են մշակում, արդեն երկու տարի է, դեռ բերք չեն ստացել»:

Արոտավայրերը պակասել են, անասուններին սեփական հողամասերում են արածեցնում՝ ասում է զրուցակիցս։ Մի կով ու երկու հորթ ունի. բազմազավակ ընտանիքը  կառավարությունից է այս աջակցությունը ստացել, հիմա անասունները կերակրում են  բազմազավակ ընտանիքին:  

«Մենք անասուններին մարտից  արդեն արոտ ենք տանում, բայց  այս տարի ուշ տարանք, չնայած արդեն արոտ էլ չկա: Մեր գյուղի եզդիներն օրական 8000-10000 գլուխ ոչխար են արածեցնում՝ մինչև կբարձրանան սար»:

Ալեքսան Գևորգյանը 10 երեխա ունի, վեցն  անչափահաս են: Ավագ որդին 26 տարեկան է, կրտսերը՝ 3 ամսական: 14 հոգով  ապրում են 3 սենյականոց փոքր տան մեջ: Նեղվածք է, որոշել են տունն ընդարձակել և մի սենյակ ավելացնել: Շինարարությունը սկսել են, բայց  մտավախություն ունեն, որ դժվարությամբ են ավարտին հասցնելու՝ ասում է բազմազավակ ընտանիքի մայրը՝ Նարինե Գևորգյանը։  

 «Երկու ննջարան ունենք, մեր բաղնիքը ննջարան ենք սարքել, խոհանոցը  շատ փոքր է, չենք կարողանում տեղավորվել: Ուզում ենք մի քիչ մեծացնել, տեսնենք՝ ոնց կավարտենք»:

Վանանդում թեթև քամուց փոշու ամպեր են գոյանում, փողոցները կիսաքանդ են:  Գյուղի միակ լուսավոր կետը դպրոցն է. 11 տարի առաջ Սոցիալական  ներդրումների հիմնադրամի  միջոցներով և համայնքի ներդրմամբ  հիմնանորոգվել են 2 մասնաշենքերը։ Այստեղ պետք է տեղակայվեր նաև գյուղի մանկապարտեզը: Դպրոցը գործում է, բայց մանկապարտեզը դեռ  չի բացվել: Խոշորացումից հետո առաջին քայլերն են արվում Վանանդի բարեկարգման ուղղությամբ՝ ասում է Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը։

«Լուսավորության համակարգն ենք թարմացրել, խմելու և ոռոգման ցանցի վրա ենք աշխատելու՝ վնասված հատվածները փոխելու ենք: Նախատեսել ենք ասֆալտապատել նաև Վանանդի կենտրոնական փողոցը»:

Կենտրոնական փողոցը սուբվենցիայով է ասֆալտապատվելու: Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանն ասում է, որ ծրագրի հաստատումից հետո կսկսեն աշխատանքները:

«Բաղրամյան խոշորացված համայնքը նախնական հայտեր ներկայացրել է, և հիմա ամբողջական փաթեթներն են կազմվում: Համայնքի վեց բնակավայրերում ասֆալտապատման ծրագրեր կան, որից մեկը՝ Վանանդում: Նախնական ծրագրով 400 մ ասֆալտապատում է նախատեսվում»։

Վանանդը  մոտ է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ գյուղերին, որտեղ  երկար տարիներ հասարակական տրանսպորտ չկա: Տարիներ  առաջ համայնքապետարանները փորձել են խնդիրը սեփական միջոցներով կարգավորել, բայց կարճ ժամանակ անց երթուղին դարձյալ չի շահագործվել:  Վանանդի բնակչուհի Սուսաննա Հարությունյան.

«Շատ դժվար է այստեղ ապրելը: Գլխացավի մի դեղ առնելու համար պետք է 3000 դրամ տանք տաքսուն, իջնենք ներքևի գյուղերը, առնենք, հետ գանք, տրանսպորտ չկա: Կուզեի տրանսպորտի հարցը լուծվեր, շարժ լիներ,  և հետո՝ դեղատուն բացեին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հեռավոր գյուղերի տրանսպորտի հարցը կարգավորելու համար առաջիկայում միասնական երթուղիների մրցույթ է անցկացվելու։

«Շահող ընկերությունը թեև որոշ երթուղիներից վնաս կկրի, բայց որոշ երթուղիներ էլ բավական եկամտաբեր կլինեն և  կկարողանա սպասարկել»:

Մրցույթը կայացել է, բայց արդյունքները  վիճարկվում են դատարանում, իսկ սահմանամերձ  համայնքների բնակիչները դեռ սպասում են:

Վանանդում գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներն արդեն  սկսվել են,  խոշորացված հողատարածքներում  տարբեր բնակավայրերից են գալիս աշխատելու: Համայնքի նախկին ղեկավար Ջիվան Մանուկյանն ասում է՝գյուղում աշխատանքը շատ է, աշխատուժը չի բավականացնում:  Իր սեփական հողերը մշակելու համար Ուզբեկստանից էժան աշխատուժ է հրավիրել:

Վանանդի բնակիչները հուսով են, որ խոշորացումից հետո իրենց համայնքում փոփոխություններ կլինեն, ու գյուղում կյանքը կբարելավվի:

Back to top button