ԿարևորՀասարակություն

Ընդդիմությունը հեռացավ, վարչապետը չբացահայտեց․ ԱԺ-կառավարություն երկխոսությունը չկայացավ

Իշխանությունն ու ընդդիմությունն այսօր առանձին-առանձին են պատրաստվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում յուրաքանչյուր չորեքշաբթի անցկացվող հարց ու պատասխանին։ Ընդդիմությունը դեռ նախօրեին էր հայտարարել, որ հարց ու պատասխանից մեկ ժամ առաջ հանրահավաք է հրավիրելու Ֆրանսիայի հրապարակում՝ հստակ ձևակերպելու իշխանություններից պահանջն ու անելիքները։

Օրվա ընթացքում ԱԱԾ-ն էր հայտարարություն տարածել, որ «հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադիր են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն»։ Ոստիկանությունը նույնպես հայտարարել էր ԱԺ շենքը զավթելու որոշ ցուցարարների մտադրությունների մասին։

Սաղավարտներ, վահաններ, լուսաձայնային նռնակներ և ԱԺ-ի շենքի ուժեղացված հսկողություն․ ԱԱԾ և ոստիկանության հայտարարություններից հետո ԱԺ-ում կառավարության անդամների և պատգամավորների ավանդական հարց ու պատասխանը ոչ ավանդական մթնոլորտում է ընթացել։

Երևանի փողոցներում ու մարզերի ճանապարհներին շուրջ երկու շաբաթ բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորները ժամանակավորապես վերադարձան խորհրդարանի նիստերի դահլիճ։ Մեկ ամիս է, ինչ բոյկոտում են կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը, վերադարձան խորհրդարանում բարձրաձայնելու Ֆրանսիայի հրապարակում ձևակերպված պահանջը։ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյան:

«Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը և այդ նպատակով է, որ այստեղ ենք։ Այդ պահանջը հետևյալն է․ տապալելով արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝ բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա, 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա։ Հիմա պատասխան կա՞ այս պահանջին, թե ոչ»։

D

Պատասխան Փաշինյանն ուներ, պատրաստվում էր հերթով արձագանքել ընդդիմադիրների պահանջում ներկայացված բոլոր կետերին։ Սկսեց 2018-ին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ձևակերպումից, որ «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում»։

Նիկոլ Փաշինյան «Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Ըստ էության՝ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները։ Հիմա շատ կարևոր բացահայտում է  հնչելու, պետք չէ թողնել, որ աղմուկ աղաղակի մեջ կորի։ Հիմա շատ կարևոր բան է բացահայտվելու։ Արձագանքեք, կասեմ»։

Արմեն Ռուստամյան  «Դուք չեք տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը, ի սկզբանե այդպես է եղել և հիմա էլ շարունակում եք դա անել։ Եթե ձեզ թվում է նախկինների վրա մեղքեր բարդելով  կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել մեր երկրի գլխին, դուք չարաչար սխալվում եք։ Մնում եք վարչապետ որ ի՞նչ անեք, որ թողեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ։ Սա պատասխանեք»։  

Նիկոլ Փաշինյան «Ախ, չեք ուզում լսել։ Բա դա էինք սպասում, բա դա ասեք»։

Ակնկալած պատասխանը վարչապետից չլսելուց հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Նրանց կոչերն ու վանկարկումները խլացան իշխանական պատգամավորների ծափերով։ Ընդդիմադիրների հեռանալուց հետո Փաշինյանը այլևս չշարունակեց և չարեց խոստացած բացահայտումը։ Ասում է՝ այդ պահին պետք է ընդդիմադիր պատգամավորների աչքերի մեջ նայեի և համոզված է, որ այդ հնարավորությունը ունենալու է։ Այս հիմնավորմամբ հարցը առկախված մնաց։

Իսկ  ընդդիմադիրների գործողությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը Փաշինյանը ձևակերպեց հետևյալ կերպ։

 «Ուզում եմ մենք երբեք ու երբեք այդ գայթակղությանը չտրվենք,  ժողովրդավարությունը հանկարծ որևէ կերպ չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործուն է իր օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմներով  ամբողջ թափով և խստությամբ»։

Այն դեպքում, երբ Փաշինյանը պնդում է, որ իրենց կրկնօրինակելով արդյունքի հնարավոր չէ հասնել, ընդդիմադիրները պատրաստվում են շարունակել իրենց գործողությունները։ Նախօրեի ցույցից և երթից հետո խոսում են «Ժամանակավոր կառավարություն» ձևավորելու որոշման մասին։

Փակագծերը բացում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը․

«Գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից և կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ։ Ղեկավարած և կառուցված է լինելու բացառապես «մերիտոկրատիայի» հիման վրա, այսինքն՝ ըստ արժանիքների։ Դա չի լինելու որևէ կուսակցության կառավարություն, դրանում անդամ են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը այդքան կա մեր երկրում։ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ ինքը այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, և եթե դրա կարիքը լինի, ապա իր խորհուրդներով կուղղորդի, խորհուրդ կտա նոր սերնդին»։

Սպասվող անկարգությունների մասին ԱԱԾ և ոստիկանության հայտարարություններին ի պատասխան ընդդիմադիրները հայտարարում են՝ որևէ անկարգություններ և առավել ևս շենքերի գրավում չեն նախատեսում։ Գործողությունները ծրագրում են օրինականության սահմաններում։

Back to top button