ԿարևորՀասարակություն

«PlastExpert» ռուսական ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզում մասնաճյուղ հիմնել

Մոսկվայում գործող  կենցաղային պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող «PlastExpert» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Եգորովը ներդրումային ծրագրի առաջարկով այսօր Արագածոտնի մարզպետարանում է եղել։ Նրան ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա են եղել մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։ 

Գործարարների այցի նպատակը մարզի տարածքում իրենց ընկերության մասնաճյուղը հիմնելու հեռանկարները քննարկելն էր։ Մասնավորապես, նրանք նախատեսում են առաջիկա կես տարվա ընթացքում մարզում հիմնել հավաքման արտադրամասը, որից հետո, մինչև տարվա վերջ, արտադրության  ամբողջական շղթան կազմակերպել Հայաստանում։

Հեռանկարում պատրաստի արտադրանքը արևելյան և եվրոպական շուկաներում իրացնելն է։

Մարզպետի հետ  «PlastExpert»-ի սեփականատերերը քննարկել են արտադրության համար տարածքի ձեռքբերման և պետության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։ 

Հանդիպման ավարտից հետո, Սերգեյ Մովսիսյանի  հանձնարարությամբ, Արմեն Գրիգորյանը և Գագիկ Պողոսյանը ներդրողներին ուղեկցել են դեպի մարզի տարբեր բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող մի քանի շինություններ՝ քննարկելու որպես արտադրամասի տարածք դրանց նպատակահարմարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպել և առավել առարկայական քննարկել  արտադրությանն սկսելու  հետ կապված հարցերը։

Back to top button