ԿարևորՏնտեսական

Գնաճի տեմպը թուլացել է, բայց միտումները պահպանվում են

Ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան այցելած քաղաքացիները նպաստել են ծառայությունների ոլորտի աճին, ինչպես նաև դրամի արժևորմանը։ Կենտրոնական բանկում կարծում են, որ սա կնպաստի գնաճի թուլացմանը, ուստի  խորհուրդը  նպատակահարմար է  գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս անփոփոխ թողնել։  Կանխատեսվում է, որ 12–ամսյա գնաճի տեմպն աստիճանաբար  կնվազի։ Տարվա առաջին եռամսյակում վիճակագիրները 7․4 տոկոս գնաճ են արձանագրել։

Զսպել գնաճը, որն առաջացել էր նախ համավարակի ու սահմանափակումների, այժմ էլ՝ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով․սա աշխարհի գլխավոր դրամատների  այս փուլի գլխավոր խնդիրն է։ Համաշխարհային բանկի արձանագրմամբ՝ աշխարհում սկիզբ առած այս գնաճը հասել է վերջին 11 տարվա ամենաբարձր մակարդակին, ու դրան հակազդելու համար աշխարհի կենտրոնական բանկերի 40%-ը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Հայաստանի ԿԲ–ն,  սակայն, այս անգամ որոշեց անփոփոխ՝ 9.25% թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին 1 տարում  տոկոսադրույքը  8 անգամ  բարձրացրել է։ Գլխավոր դրամատան տնօրեն Մարտին Գալստյանն արձանագրում է՝ գնաճային ազդեցությունը կպահպանվի՝ փոքր–ինչ թուլանալով․ 

«2022 թվականի առաջին եռամսյակում դիտվել են ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածից ավելի դրական զարգացումներ։ Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվել է ծառայությունների ճյուղի բարձր  աճում  և ընդլայնել ամբողջական պահանջարկը։ Դա նպաստել է ՀՀ արտաքին հաշվեկշռի բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը։ Գնահատվում է, որ վերջինը դրական ազդեցություն կփոխանցի, նաև ՝ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման։ Ստեղծված իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռ թողնել անփոփոխ»։

Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ, բարձր գնաճային միջավայրը պահպանվում է, սակայն, ոչ այն տեմպերով, ինչպես աշխարհում։ Բացատրում է՝ Հայաստանում գնաճն ավելի վաղ էր սկսվել․

«Պայմանավորված ռուս–ուկրաինական հակամարտությամբ ու դրա հետ կապված ապրանքային շուկաների գների աճով, ընդհանուր առմամբ գնաճային միջավայրը շարունակում է  պահպանվել։ Չնայած անցյալ տարի նույն ժամանակահատվածում մենք նորից բարձր գնաճ ունեինք, բայց տեմպերը բարձր են։ ԿԲ–ն արդեն բավական մեծ քայլերով բարձրացրել է տոկոսադրույքը, այն արդեն իսկ բարձր մակարդակում է, ուստի բարձրացումը նպատակահարմար չի համարվել՝ թերևս գտնելով, որ զսպող քաղաքականության չափը բավարար է, որ գնաճային ազդեցությունը չեզոքանա և տեմպը կայունանա»։ 

Նախորդ անգամ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր միանգամից 1․25 տոկոսային կետով։ Փողը Հայաստանում թանկ է՝  արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանն ու պարզաբանում՝  նպատակը գների, ֆինանսական կայունության ապահովումն է․

«Գնաճի զսպումը միշտ էլ հակադիր է տնտեսական ակտիվությանը։ Տնտեսական քաղաքականություն իրականացնող ինստիտուտը պետք է ընտրություն կատարի՝ կամ թողնել տնտեսությունը աճի՝ համակերպվելով բարձր գնաճի հետ, կամ էլ զսպել գնաճը՝ աչքի առաջ ունենալով, որ տնտեսական ակտիվությունը ևս զսպվելու է։ Սա ինչ-որ առումով գնաճի կառավարման գինն է»։

Առաջին եռամսյակում Հայաստանի սպառողական  շուկայում գնաճը  7․4 տոկոս է կազմել, փետրվարի համեմատ կյանքը Հայաստանում շուրջ  2 տոկոսով  թանկացել է։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը այս ցուցանիշերը պայմանավորում  է համավարակով  ու դրան հաջորդած սահմանափակումներով, նաև՝ ռուս–ուկրաինական պատերազմով․

«Հատկապես զարգացող ու ԵԱՏՄ երկրներում են բնակիչներն անմիջապես իրենց վրա զգում գնաճի ազդեցությունը։ Համավարակով պայմանավորված՝ գնաճի ֆոնը պահպանվում է։ Չպետք է նաև մոռանանք, որ ՌԴ–ն, Ուկրաինան ու Բելառուսը գյուղմթերք, հումք ու բնական ռեսուրսներ  արտահանող երկրներ են, ուստի, ռուս–ուկրաինական պատերազմն ու պատժամիջոցները ազդում են, սահմանափակում են հնարավորությունները ու դա ազդում է համաշխարհային տնտեսության վրա»։

Հայաստանում գների աճը ԿԲ–ի թիրախավորած՝ 4+-1․5 տոկոսից, իհարկե, բարձր է , բայց՝ օբյեկտիվ պատճառներով՝ պարզաբանում է մասնագետը։ Մեկ տարում՝ 2022–ի մարտին 2021–ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բանջարեղենը թանկացել է ավելի քան 40 տոկոսով, մեկ ամսում՝ 2․4 տոկոսով։ Հատկանշական է, որ եթե մեկ տարում մրգի գինը նվազել էր շուրջ 4 տոկոսով, այս տարվա առաջին եռամսյակում այս ապրանքային խմբում էլ արդեն 3 տոկոս գնաճ է արձանագրվել։ Թանկացել են նաև շաքարավազը, թռնչամիսն ու ոչ միայն։ Մեկ տարվա ընթացքում շաքարն ու շաքարավազը  թանկացել են ավելի քան 20 տոկոսով։ Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովում գների մոնիթորինգ են իրականացրել։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյան․

«ՀՀ–ում այս տարի շաքարավազ չի արտադրվել, քանի որ հումքի ներմուծման խնդիրներ կային։ Մենք անցյալ տարի թույլ տվեցինք քվոտավորված շաքար ներկրել, արդյունքում գինն իջավ։ Բայց  դա էլ անսահմանափակ չէ ԵԱՏՄ–ում։ Նորից այս տարի քվոտա ենք վերցրել, որ կարողանանք ներմուծել։ Հիմնական երկիրը, որտեղից ներմուծում ենք, ՌԴ -ն է, իրենք էլ շաքարավազի խնդիր ունեն»։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ այս փուլում պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը՝  պարենի խնդիրները նվազեցնելու համար։ Տնտեսական աճի կանխատեսումներում այս պահին նոր ցուցանիշեր չկան, սակայն, գլխավոր դրամատան ղեկավարը չի բացառում, որ առաջիկայում դրանք վերանայվեն ու փոքր-ինչ բարձրացվեն։ Նախորդ անգամ Կենտրոնական բանկը վերանայել էր տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն 5․3-ից  իջեցնելով մինչեւ 1,6 տոկոս։ 

Back to top button