ԿարևորՔաղաքական

Սյունիքը՝ կապող օղակ հայ-իրանական հարաբերութուններում

Կապանում իրանական հյուպատոսություն բացելու շուրջ 9 ամիս առաջ ձեռք բերված երկկողմ համաձայնությունը մտնում է գործնական փուլ։ Իրանական կողմն արդեն գիտի, թե ով է զբաղեցնելու հյուպատոսի պաշտոնը,  այժմ հստակեցվում է, թե որտեղ է կառուցվելու հյուպատոսության շենքը։

Օրերս այդ առիթով Սյունիքում էր Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Աշխատանքային քննարկումներին զուգահեռ բարձրաստիճան դիվանագետը կրկնել է Իրանի մոտեցումները Հայաստանի համար սկզբունքային մի քանի հարցերի, մասնավորապես,  սահմանների անքակտելիության և «Զանգեզուրյան միջանցք» եզրույթի անընդունելիության վերաբերյալ։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին օրերս աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի առիթը Կապանում Իրանի հյուպատոսության բացումն էր, ինչը հայ և իրանցի պաշտոնյաների դիտարկմամբ` երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելու նոր հնարավորություն է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի Հանրապետության և   հատկապես Սյունիքի համար։

«Ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի Սյունիքի մարզի ու Պարսկաստանի միջև փոխհարաբերությունների բարելավման, այդ առումով կանենք առավելագույնը։ Պարսկաստանից Հայաստան ճանապարհի մի մեծ ու կարևոր հատված անցնում է Սյունիքի մարզով, և հիմնական աշխատանքային հարաբերությունները  ստեղծվելու են հենց այս մարզում։ Ողջունելի է ու խիստ անհրաժեշտ էր, որ  հենց Կապանում  գործի հյուպատոսարան»։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նույնպես կարծում է, որ Սյունիքի մարզում հյուպատոսարան բացելը տարբեր ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություն կտա։ Չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն՝ ասում  է  դեսպանը.

«Եվ այս բոլորը պայմանները նկատի առնելով՝ մենք պիտի տեսնենք, թե համագործակցության որ շրջանակում են  գործերը դանդաղ ընթանում, ինչ խնդիրներ են եղել, որ կարողանանք լուծել դրանք։  Մի քանի անգամ այցելել եմ ձեր գեղեցիկ մարզ, հաշվի առնելով դրական բոլոր հարաբերությունները՝ պիտի նշեմ, որ տնտեսական հարաբերությունները  բարձր նպատակի վրա չեն։ Պիտի տարբեր ուղղություններով ակտիվացնենք մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը, կարողանանք մեր փոխհարաբերություններին նոր երանգ հաղորդել, նկատի ունենալով, այն կարիքները, այն առաջնահերթությունները, որ գոյություն ունեն»։

Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրանական կողմի հետաքրքրվածությանը՝ դեսպանը տեղեկացնում է,  որ արդեն կան դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ։

«Ինչպես գիտեք, «Հյուսիս-հարավը» սկսվում է Հնդկական օվկիանոսից և հասնում է Սև ծով։ Այդ միջանցքն անցնում է նաև Իրանի տարածքով, մենք հետամուտ ենք , որ այն մեծ պոտենցիալ ունի։ Երկու կառավարությունների միջև կատարվել են որոշ քայլեր։ Արդեն խոսվում է 60 կմոց Սիսիանի ճանապարհի, 30 կմոց Ագարակից մինչև Քաջարան ճանապարհի մասին, որպեսզի  կարողանանք «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործարկումը հայկական ու իրանական ընկերությունների միջոցով սկսենք»։

Դեսպանը կրկնում է նաև  Իրանի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի՝  միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին։ Բոլոր երկրները պետք է հարգեն այս սկզբունքը՝ ասում է դեսպանը.

«Կովկասի տարածաշրջանում շատ մեծ զարգացումներ են տեղի ունեցել։ Սյունիքի մարզի հետ կապված զարգացումների վերաբերյալ  Իրանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, տարբեր հարցեր են քննարկվում,  խոսվում  է միջանցքների, հաղորդակցության ուղիների մասին։ Հայաստանը բազմիցս հակառակվել է այդ դիրքորոշումներին, մենք  նույնպես համաձայն  չենք դրա հետ ու գտնում ենք, որ Հայաստանը պիտի ունենա իր տարածքային ամբողջականությունը»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորում է իրանական կողմի այս դիրքորոշումը.

«Զանգեզուրյան միջանցքի հետ կապված Ձեր դիրքորոշումը չափազանց կարևոր է  Հայաստանի համար, հատկապես Սյունիքում ապրող սյունեցու համար, մենք ևս դեմ ենք։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր սյունեցի կգնահատի դա»։

Սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը՝ տեղեկացնում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նա նույնպես կարևորում է Իրանի դիրքորոշումը սահմանների անքակտելիության և «Զանգեզուրյան միջանցք» եզրույթի անընդունելիության վերաբերյալ.

«Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր պաշտոնական դիրքորոշման համար՝ կապված սահմանների անքակտելիության, տարածքային ամբողջականության ու Զանգեզուրյան միջանցք եզրույթի անընդունելիության վերաբերյալ։ Դուք էլ գիտեք, որ պատերազմից հետո մեզ մոտ լրիվ այլ վիճակ է ստեղծվել։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ ունենում ենք լարված վիճակներ մեր սահմաններում, բայց հուսով ենք, որ շուտով այդ հարցերը, խնդիրները կլուծվեն»։

Իրանական կողմն արդեն գիտի, թե ով է զբաղեցնելու հյուպատոսի պաշտոնը, առաջիկայում  նրան և հյուպատոսության ամբողջ  կազմը կներկայացվի Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստատմանը։ Այժմ հստակեցվում է, թե որտեղ է կառուցվելու հյուպատոսության շենքը։

Back to top button