ԿարևորՀասարակություն

Նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը

Նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը: Այս մասին ԱԺ-ում ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավորի հարցին, թե այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին որքա՞ն է եղել այն մարդկանց թիվը, ովքեր դիմել են` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ 2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8591 անձ, որից առաջին եռամսյակում 1611 դիմում է եղել:

2021թ. հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը941 դիմում:

2022թ. առաջին եռամսյակում Ոստիկանությունը ստացել է 3206 դիմում, միայն հունվարի 1-ից ապրիլի 20-ը 4696, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը3278 դիմում:

«Այսինքն մոտ 3 անգամ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց թիվը»,- նշել է Ֆիդանյանը:

Կառավարության որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Սակայն, Հայաստանի կառավարությանն օրենքով դեռեւս տրված չէ այդ լիազորությունը: Սա հաշվի առնելովնախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետներն ու եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նիստերի ընթացքում որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Back to top button