ԿարևորՔաղաքական

Միրզոյան-Բլինքեն հանդիպում․ նախնական կապիտալի կուտակում՝ առաջիկա բանակցությունների համար

Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ, ըստ ԱԳՆ հայտարարության, մտքեր են փոխանակվել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Արարատ Միրզոյան. «Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»։

Բլինքենն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ադրբեջանի հետ երկխոսության գործընթացում քաջության համար.

«Ուզում եմ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ երախտագիտություն հայտնելու տեսլականի, քաջության եւ ճկունության համար, որը վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում, որի նպատակը տեւական խաղաղությունն է»:

Միրզոյան-Բլինքեն վերջին հանդիպումը նախորդ տարվա  դեկտեմբերի 2–ին էր, Ստոկհոլմում։ Դրա  ընթացքում Միրզոյանը դարձյալ կարևորել էր հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով։Մինչև այս հանդիպումը՝ ապրիլի 11-ին, Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, իսկ ապրիլի 18–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ Որքանո՞վ է իրատեսական ռուս-ամերիկյան անուղղակի հակամարտության՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում այս երկրների համագործակցությունը Մինսկի խմբի ձևաչափում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան․

«Եթե մեղմացում նկատվի Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում, գուցե հնարավոր լինի Մինսկի խմբի մասին ավելի լավատեսական կանխագուշակումներ անել։ Այս պահին Մինսկի խմբի աշխատելու վերաբերյալ դեռևս հույս ունենալ պետք չէ։ Նույնիսկ, եթե պատերազմը չլիներ և Մինսկի խումբը աշխատեր, դժվար է միանշանակ պնդել, որ Մինսկի խումբն այս պահին նույն արդյունավետությամբ կամ նույն կերպ կաշխատեր, ինչպես աշխատել էր մինչև պատերազմը» ։

Քաղաքագետ  Էդգար Վարդանյանի դիտակմամբ՝ պետք է արձանագրել, որ Մինսկի խմբի ձևաչափը չի չեղարկվել, անդամ պետություններից որևէ մեկը ձևաչափից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն չի արել։ Մյուս կողմից՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակասություններն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեության վրա։ Էդգար Վարդանյան․

«Այստեղից կարող ենք եզրակացնել , որ Մինսկի խմբի ձևաչափը պահպանվելու է, բայց մյուս կողմից էլ Մինսկի խմբի ձևաչափում փաստացի երկու հոսանք կա, որոնք միայն հեռակա կարգով կարող են որոշակի համաձայնությունների գալ և առանձին-առանձին են աշխատելու»։

Ամերիկյան այցից հետո՝ մայիսի 13-ին, ռուսական կողմի առաջարկությամբ կկայանա  Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը։ Լավրովի առաջարկին նախորդել էին Միրզոյան-Բայրամով ուղիղ հեռախոսազրույցները։ Հայաստանի արտգործնախարարությունը հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են, թե ինչ ձևաչափով է գործելու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Միրզոյան-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այս հանձնաժողովի ստեղծմանը: Միացյալ Նահանգների դերակատարումն այս հարցում կարող է խորհրդատվական լինել, կարևոր՝  անվտանգային խնդիրների լուծման առումով՝ հաշվի առնելով վերջին շրջանում  ամերիկյան պրոակտիվ քաղաքականությունը տարածաշրջանում, սակայն Ռուսաստանը ևս չի նվազեցնի իր ներգրավվածությունը՝ նկատում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

«Չմոռանանք, որ այդ գործընթացը երկարատև է, և որևէ երաշխիք չկա, որ նույնիսկ հանձնաժողովի  ստեղծման դեպքում կարճ ժամանակահատվածում հնարավոր է  լինելու լուրջ, շոշափել ի արդյունքներ գրանցել։ Թեկուզ հայ-վրացական սահմանազատման փորձից գիտենք, որ տարիներ շարունակ այդ գործընթացը վերջնակետի չի հասնում»։

Ռուսաստա՞նը,  թե՞ Արևմուտքն առավելապես ներգրավված կլինի սահմանազատման գործընթացում։ Այս հարցի կարևորությունը կընդգծվի միայն միջազգային իրավիճակի լուրջ փոփոխության դեպքում։ Ռոբերտ Ղևոնդյան․

«Կոնկրետ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի հետ կապված տեսնում ենք, որ կան խոսակցություններ, բայց բավականին երկար ժամանակ է գործուն քայլեր դեռևս այդ ուղղությամբ չեն իրականացվել, և լավ է, որ չեն իրականացվում։ Ժամանակ շահելը Հայաստանի շահերից է բխում։ Գուցե Հայաստանն աշխատում է, որ կարողանա ժամանակի հետ ավելի լավ պայմաններով նշված գործընթացները սկսել»։

Նախարար Միրզոյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ լիովին աջակցում է հարաբերությունների կարգավորման օրակարգին: Մևլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատման հավանականություն կա։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ այդ հայտարարությունը քողարկված նպատակ ունի՝ օրակարգից հանել Ցեղասպանության հարցը։ Դեռ երկրորդ նախագահի օրոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախնական բանակցություններում կար նույն նպատակին ծառայող կետ, ըստ որի Հայաստանը պետք է ճանաչեր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը հերքել էր դրա հավանականությունը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ, «նախնական կապիտալի կուտակում» է՝ հետագայում միջազգային ավելի հավասարակշռված պայմաններում գործընթացներ սկսելու համար։

Կարդացեք նաև
Close
Back to top button