ԿարևորՀասարակություն

Հետևողական ենք լինելու բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է՝ հետևողական են լինելու վերջին օրերին ընդդիմության կազմակերպած հավաքների ժամանակ՝ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանության  և խախտումները վեր հանելու հարցում։ 2 օրվա ընթացքում ակցիաների շուրջ 380 մասնակից արդեն  բերման է ենթարկվել։ Քրիստինե Գրիգորյանն ասում է՝ երեկվանից պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում է իրականացնում ոստիկանության բաժանմունքներում․ արձանագրված խախտումները բազմաբնույթ են։

«Ոստիկանության կողմից անձանց բերման ենթարկելիս բազմաթիվ ընթացակարգային խախտումներ ենք արձանագրել։ Մասնավորապես, հաճախ բերման ենթարկվածին չի ներկայացվել պահանջը, չեն բացատրվել նրանց իրավունքները, հաճախ խախտվել է նաև քաղաքացիների լռության իրավունքը։ Արձանագրվել ենք դեպքեր նաև, որ անձիք ոստիկանությունում սահմանված ժամանակից ավելի են պահվել»,– մանրամասնում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Որոշ դեպքերում քաղաքացիներին բերման ենթարկելիս Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել՝ շեշտում է օմբուդսմենը և հավելում՝ հաճախ բռնության են ենթարկվում նաև ոստիկանները։

«Բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման դեպքեր ունենք։ Օրինակ՝ քաղաքացիներից մեկը հենաշարժողական խնդիր ուներ, ձեռնափայտով էր տեղաշարժվում, և ոստիկանները նրան բերման ենթարկելիս նույնիսկ սա հաշվի չեն առնում, կամ մեկ այլ քաղաքացու դեպքում կանխամտածված հարվածներ էին հասցնում գլխի շրջանում»։

Անվայելուչ պահվածք ենք արձանագրել նաև ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ․ քաղաքացիները հայհոյում էին, վիրավորում, քաշքշում, ուսադիրները պոկում և այլն»,– ասում է Քրիստինե Գրիգորյանը։

Մայիսի 2-ին բողոքի ակցիայի ժամանակ մասնագիտական գործունեություն ծավալելիս բռնության էր ենթարկվել նաև ԶԼՄ–ներկայացուցիչը։ Սա ժողովրդավար հասարակության համար ամենացավալի միջադեպերից է՝ շեշտում է ՄԻՊ–ը։

«Մոնիտորինգի ենք ենթարկել նաև սոցիալական ցանցերը և ԶԼՄ–ները։ Հետևությունն այն է, որ ունեինք հանրային կարևոր դերակատարների կողմից ուժի գործադրումը արդարացնելու և ատելության խոսքի տարածման դեպքեր․ սա ևս անընդունելի է»։

ՄԻՊ–ը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ապրիլի 26-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենայի կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ կնոջ վրաերթի ենթարկելու դեպքին՝ շեշտելով՝ բոլոր պարագաներում ավտոշարասյան մեքենան պետք է կանգներ և օգնություն ցուցաբերեր։

«Ես՝ որպես մարդ, որը մասնակցել է ոստիկանության բարեփոխումներին, կարող եմ ասել՝ մենք առանձին անդրադարձ ենք ունեցել հենց ուղեկցող ծառայությանը։ Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայության գործունեությունը չընկալվածության խնդիր ունի։ Կոնկրետ այս դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը վթարից հետո շարունակում է ճանապարհը, չի կանգնում։ Սա որևէ պրոտոկոլով և որևէ կանոնով կարգավորված չէ, պարզապես հումանիզմի հարց է։ Պետք է ամեն ինչ արվեր րոպե առաջ օգնություն ցույց տալու և կնոջ ու երեխայի կյանքը հնարավորության դեպքում փրկելու համար»,– կարծում է ՄԻՊ–ը։

Քրիստինե Գրիգորյանը վստահեցնում է՝ հետևողական են լինելու այս գործի անաչառ քննության և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն ենթարկելու հարցում։

Անդրադառնալով մամուլի ազատության համաշխարհային օրվան՝ օմբուդսմենը  շեշտում է՝ այսօր ավելի քան երբևէ Հայաստանում մեծ է անաչառ ու ազատ մամուլի դերը ժողովրդավարության կայացման համար։ Պաշտպանի գրասենյակը 2021–ի  ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ շուրջ 90 դիմում–բողոք է ստացել։ Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական կառավարման մարմինները  հարցումներին պատասխանում են  ժամկետների խախտումներով, երբեմն՝ բովանդակազուրկ պատասխաններով։

«Կարծում եմ, որ լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի որևէ ժողովրդավարությունում և հատկապես Հայաստանում։ Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևոր երաշխավորն եք և այս առումով պատահական չէ որ մամուլը համարվում է 4-րդ իշխանություն»,– եզրափակում է Քրիստինե Գրիգորյանը։

Պաշտպանը նաև զուգահեռներ է անցկացնում չորրորդ իշխանության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի միջև․ օմբուդսմենի գրասենյակը  զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ,  իսկ մարդու հիմնարար իրավունքներից երկուսը՝ խոսքի և տեղեկատվության ազատությունը, հենց լրագրողների աշխատանքի տիրույթում են։

Back to top button