ԿարևորՄշակույթ

Հայ կինոյի 100-ամյակը՝ «Պեպո»-ի թվայնացված տարբերակով

Հայաստանի ազգային արխիվի «Կինոֆոտոֆոնո» մասնաճյուղում, պահվում են տասնյակ հազարավոր  ֆոտո և տեսաժապավեններ, որոնք այսուհետև կվերականգնվեն և կգործարկվեն համատեղ ջանքերով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային արխիվի համագործակցությամբ նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ պահոցներում գտնվող հին ժապավեններին, ֆիլմերին  և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ ավելի դյուրին դարձնելով հայկական կինոնկարների ներկայացվածությունը:

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ կվերականգնվեն ու կթվայնացվեն անցյալ դարասկզբի հայկական կինոարտադրանքի՝ Համո Բեկնազարյանի համր ֆիլմերը։  Հենց սրանով էլ կմեկնարկի  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և արխիվի համատեղ աշխատանքը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի համոզմամբ՝ անելիքը շատ է և չափազանց կարևոր։ Խոսքը մի ամբողջ կինոժառանգության մասին է, որի պատմությունը  սկսվում է դեռ 1923 թվականից.

«Հաջորդ տարի պետք է միասին նշենք հայ կինոյի 100-ամյակը։ Ուզում ենք սկսել «Պեպո»–ից՝ որպես առաջին հնչյունային ֆիլմ, բոլորի կողմից շատ սիրված։ Պետք է հարյուրամյակին վերականգնված տարբերակն ունենանք։  Մեծ պարտավորություններ ունենք, պետք է մեր հետագա սերունդներին կարողանանք մեր այս ֆիլմերը  լավագույն վիճակով փոխանցել։ Նախ՝ պետք է բոլոր ֆիլմերը թվայնացնենք, ապա, եթե կարողանանք, դրանց մի մասը  նոր ժապավենների վրա  փոխանցենք։ Ինչո՞ւ նոր ժապավենների, քանի որ ժապավենը ավելի մնայուն է, ավելի երկար կյանք ունի։ Նման ձևաչափով ֆիլմը պահելը նշանակում է սերունդներին ապահովել որակյալ ֆիլմերով»։

Թե որքան ժամանակ և գումար կպահանջվի մեկ ֆիլմի թվայնացման համար, կախված է ֆիլմի վիճակից։ Այս աշխատանքը մեկ լիամետրաժ ֆիլմի համար  կարող է արժենալ 50 հազարից մինչև նույնիսկ 300 հազար դոլար։ Հենց ֆինանսներից էլ կախված է, թե որքան ժամանակ կպահանջի մեկ ֆիլմի վերականգնումը։ Տարեկան նույնիսկ 2-3 ֆիլմ թվայնացնելը կարող ենք մեծ ձեռքբերում համարել՝ ասում է զրուցակիցս։ Իսկ ֆիլմերը շատ են։ Հայաստանի ազգային արխիվի «Կինոֆոտոֆոնո» մասնաճյուղում  պահվում են տասնյակ հազարավոր  ֆոտո և տեսաժապավեններ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է կառույցի փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյու­ղի վարիչ Ավագ Հարությունյանը.

«Հիմնադրման օրվանից այստեղ հավաքվել և պահպանվում են կինոփաստաթղթերը, որոնք հիմնականում  վավերագրական ֆիլմեր են՝ 20-ական թթ․–ի  խրոնիկան ներկայացնող։ Նաև գեղարվեստական կամ խաղարկային ֆիլմերն են՝սկսած  մեր առաջին համր կինոներից մինչև անիմացիոն և բումերանգ ֆիլմեր, ինչպես նաև տարբեր հեռուստահաղորդումներ»։

Ազգային արխիվը կինոկենտրոնին կտրամադրի հայկական կինոնկարների ելանյութային ժապավենները՝ թվային վերականգնման և կոմերցիոն ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Ազգային արխիվում ժապավենների թվայնացմամբ զբաղվել են, բայց կինոկենտրոնի համագործակցությամբ, վստահ են, նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ արխիվի պահոցներում գտնվող ժապավեններին, ֆիլմերին ու լուսանկարներին:

Ժապավենների սկանավորումից և վերականգնումից հետո դրանք Ազգային արխիվին կվերադարձվեն  2 օրինակով՝ բնօրինակով և ձայնագրված տարբերակով։

Back to top button