ԿարևորՀասարակություն

Կարմիր խաչն այցելել է հայ–ադրբեջանական սահմանը հատած զինծառայողին

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 23–ին անհայտ հանգամանքներում հայ–ադրբեջանական սահմանը հատած շարքային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, տեսակցությունից հետո հայտնել, որ վերջինի առողջական վիճակ լավ է, նրան ընտանիքի անդամների հետ նամակագրության հնարավորություն է տրվել։  Թե ինչու և  ինչպես է զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում, փորձելու է   պարզել պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը։ Մինչ այդ ադրբեջանական կողմը  19–ամյա զինծառայողին արդեն հասցրել է որպես դիվերսանտ ներկայացնել։                                                       

Ապրիլի 30–ին Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել  են ամսի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը դեռևս անհայտ հանգամանքներում հատած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էդուարդ Մարտիրոսովին։  Հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասաց, որ սա իրենց և զինծառայողի  առաջին տեսակցությունն էր, նրան  նամակագրության հնարավորություն է տրվել․

«Այս հանդիպման ժամանակ հնարավորություն է  տրվել  նաև ընտանեկան լուրեր փոխանակելու, նաև այստեղ ընտանիքին փոխանցել մեր տեսակցության հետ կապված տեղեկություններ։ Այս անգամ նամակագրության հնարավորություն ենք տրամադրել»։

Ըստ պաշտպանության նախարարության՝ ապրիլի 23–ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովի հետ։  Ռուսական կողմի միջնորդությամբ  Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Մարտիրոսովը նույն օրը դեռևս անհայտ հանգամանքներում հատել է հայ–ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։  Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը կփորձի պարզել, թե ինչու և  ինչպես է զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում: Մինչ այդ ադրբեջանական կողմը  19–ամյա զինծառայողին արդեն հասցրել է որպես դիվերսանտ ներկայացնել, ինչը հերքվել է հայկական կողմից։ 

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն  ապրիլի սկզբին էլ հանդիպել են  Ադրբեջանում պահվող մյուս գերիների հետ՝ ասում է Զառա Ամատունին․  

«Այս ընթացքում  հնարավորություն ենք ունեցել տեսակցել այն բոլոր անձանց , որոնք գտնվում են Ադրբեջանում։ Մեր տեսակցությունները ներառել են ընտանեկան կապի հնարավորություն՝ հեռախոսազանգերի, նամակների ու տեսաուղերձների միջոցով»։

150 հայրենադարձված, 38 պաշտոնապես հաստատված գերի ունենք՝ «Ռադիոլուր»–ին ասում է ՄԻԵԴ–ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ 38 գերիներից 37–ի նկատմամբ Ադրբեջանն արագացված ընթացակարգերով դատական գործընթացներ է սկսել՝ նրանց վերագրելով շինծու մեղադրանքներ՝ ահաբեկչություն, լրտեսություն, զինված խմբավորումների ձևավորում, սահմանի  ապօրինի հատում։ Գերիների վերադարձի ուղղությամբ, ըստ Սիրանուշ Սահակյանի, միջազգային կառույցների հետ աշխատանքը  շարունակվում է, բայց տեմպերը բավարար չեն․

«Սակայն գործընթացը շարժվում է, միգուցե ոչ ակտիվ տեմպերով։ Եվ մենք կտեսնենք առաջիկայում ինչ նոր արդյունքներ կարելի է արձանագրել»։  

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունները  80 գերիների վերաբերյալ, մինչդեռ հայկական կողմը բազմաթիվ փաստեր ունի նրանց՝  գերեվարված լինելու մասին։ Այլ հարց է՝ նրանց ողջ լինելը կամ Ադրբեջանում գտնվելը

Գերեվարվածներից բացի՝ անհետ կորած  է  համարվում շուրջ 200 անձ։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանում պահվողների և անհետ կորածների առնչությամբ այդ երկրից տեղեկություններ է պահանջել, սակայն Ադրբեջանի մոտեցումն այս հարցում ժխտողական է։ Բաքվի ջանքերը հիմնականում ուղղված են փաստաթղթերը կեղծելուն։ Ադրբեջանը բոլոր ուղղություններով կեղծ վարկածներ է  առաջ քաշում․

«Ադրբեջանը կեղծ վարկածներ է առաջ քաշում և այնքան հեռու է գնացել, որ հայ զինծառայողներին սկսել է  ներկայացնել  որպես ադրբեջանցի զինծառայողներ, որոնք իբր հագել են հայկական համազգեստ և ակտիվ հակամարտության ընթացքում հայկական բանակին ծաղրելու նպատակով բեմականացրել են գերեվարման դեպքեր։ Եվ մենք այս պահին կարող ենք ասել , որ ակտիվ փաստաթղթերի կեղծման գործընթացներ են ընթանում Բաքվում, սակայն դրա հակափաստարկները կան , կարծում եմ կարճաժամկետ հեռանկարում ամբողջ այս կեղծիքները վեր են հանվելու և  ամոթալի դրության մեջ են գցելու Ադրբեջանը միջազգային ատյաններում»։

Ստացվում է, որ ՄԻԴ –ի կողմից բավարարված 291 դիմումներից Բաքուն  հաստատում է 38 –ը, «լռում»՝ 253–ի վերաբերյալ, իսկ միջազգային հարթակներում հայտարարում, որ Ադրբեջանում գերիներ չկան։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներով  պայմանավորված Ադրբեջանը ձգձգում է գերիների ազատ արձակումը, օգտվելով իրավիճակից՝ հարցը դարձնում է սակարկման առարկա։  Այս երկիրն ամեն ինչ անելու է  հարցը փակուղի մտցնելու համար՝ ասում է փորձագետը։

«Ամեն մի գերու դիմաց ինչ–որ մի բան պահանջելու է։ Այդ հարցով զբաղվում է։ Հայկական կողմն ամեն վայրկյան զբաղվում է  այս հարցով, պարապ չի մնում։ Աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված է աշխարհը լռում այս հարցում։  Մենք պետք է այդ ամեն ինչը հաշվի առնենք։ Միջազգային բոլոր ֆորումներում այդ հարցի մասին պետք է անընդհատ  խոսվի»։

ՄԻԵԴ–ում գերիների ներկայացուցիչը վստահ է՝  հայկական կողմի ջանքերն արդյունքի հանգեցնելու են, իսկ Ադրբեջանը հայտնվելու է  տարածած կեղծիքների ծուղակում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button