ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիաները կշարունակվեն

Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժումը երեկոյան հանարահավաք անցկացրեց, որին՝ նախորդ օրվա պես հաջորդեց երթը մայրաքաղաքի կենտրոնի փողոցներով։

Հանրահավաքի մասնակիցներին Աժ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց երթի ավարտին վերադառնալ  Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարևոր հայտարարություն է հնչելու:

Արդեն երթից հետո հրապարակում նա հայտարարեց, որ վաղ առավոտվանից շարունակվելու են բողոքի ակցիաները, սակայն 15:30-ին բոլորը պետք է հավաքվեն Ֆրանսիայի հրապարակում: «Վաղն Ազգային ժողովում  կառավարության հետ հարցուպատասխանի օր է, 16:00-ին Փաշինյանը գալու է, մենք պետք է լինենք այստեղ, որ պահանջենք նրա հրաժարականը», — ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո ձևավորելու են Ազգային համաձայնության կառավարություն, որում ընդրգրկվելու են կարող ուժեր, մարդիկ, որոնք դուրս կբերեն երկիրը ստեղծված վիճակից: Կառավարությունը լինելու է ժամանակավոր:

Ֆրանսիայի հրապարակում վրանային նստացույցը շարունակվում է: Շարժման անդամներն արդեն երկու գիշեր անցկացրել են հրապարակում, իսկ անհնազադության ակցիաներ այսօր իրականացվել են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Ոստիկանությունը շարունակել է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 237 քաղաքացի:

Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Այսօր ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձի։

Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։

Back to top button