ԿարևորՔաղաքական

ԱԺ դահլիճի փոխարեն՝ այլ դահլիճներ․ ընդդիմությունը խորհրդարան չի եկել

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի՝ այսօր սկսված լիագումար նիստերի աշխատանքը։ 107 պատգամավորից գրանցվել և նիստին մասնակցել են 64–ը։ Օրակարգում 23 հարց  է,  դրանց թվում՝ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը  և Մարդու իրավունքների պաշտպանի  տարեկան զեկույցը։

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, ԱԺ լիագումար նիստերի դահլիճի փոխարեն օրվա ընթացքում եղել է այլ շենքերի այլ դահլիճներում։ Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները և հստակեցնում, թե որ դեպքում կհասնեն հաջողության։  

Խորհրդարանական ընդդիմությունն առայժմ չի բացահայտում, թե ինչ գործողությունների կդիմի, օրինակ, խորհրդարանում։ Տեսականորեն ԱԺ միջանցքներում քննարկվում է այն տարբերակը, թե ինչ կլինի, եթե ԱԺ–ի 3 խմբակցությունից ընդդիմադիր 2–ի՝ «Հայաստան»–ի և «Պատիվ ունեմ»–ի անդամներն իրենց 35 մանդատները վայր դնեն։ Նման հստակ մտադրության մասին ընդդիմադիրները դեռ չեն խոսել, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արդեն պատասխանում է․

Regular session of the RA National Assembly took place

«Ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Չի կարող որևէ պատգամավորի կամ նույնիսկ փոքրամասնության վարքագծի պատճառով, ըստ էության, խորհրդարանի  բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը, ըստ էության, որոշ առումով համահունչ չէ ժողովրդավարական  զարգացումներին, բայց դրան ոչինչ չի հետևի։ Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված  մեխանիզմները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար։ Սա է այն տեղը, որտեղ հնարավոր է ծավալել երկխոսություն»։

Խորհրդարանի իշխանական թևը պնդում է, որ տարբեր ժամանակներում երկխոսության տարբեր ձևաչափի շուրջ 15 առաջարկ է արել ընդդիմությանը։ Դրանք մշտապես մերժվել են։ Երկխոսության պատրաստ չեն նաև այս անգամ՝  հաստատում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը.

«Մենք իշխանության հետ որևէ բանակցություն չենք վարում, մենք մեր ժողովրդի հետ փողոցում ենք, մեր պահանջի տերն ենք, մենք որևէ մեկի հետ որևէ բան չենք պայմանավորվի։ Պետք է անենք ամեն ինչ, որ ժողովուրդն ավելի շատ դուրս գա փողոց։ Միայն խնդրում եմ, որ ժողովուրդը ոչ թե պատշգամբներից, հեռուստատեսությամբ կամ համացանցով մեզ ողջունի և իր աջակցությունը հայտնի, այլ գա ուղղակի կանգնի մեր կողքին, 1–2 օր։ Շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին, այն է՝ Նիկոլ փաշինյանի հեռացմանը, այնուհետև՝ մեր Հայաստանի և Արցախի վերականգնմանը»։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ոչ  իր աշխատասենյակում էր, ոչ էլ՝ ԱԺ նիստերի դահլիճում։ Ընդդիմադիր պատգամավորն այս օրերին այլ դահլիճներում է ։ Օրինակ՝ ԵՊՀ լսարաններում, որտեղ շարունակվում են դասերը.

«1988 թվականին այստեղից սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, այս պատերազմին ձեր ընկերներից, ձեր հասակակիցներից, ձեր կուրսեցիներից շատերը իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի համար, ձեզ համար, մեզ համար։ Այս պայքարը իշխանության համար չէ, ձեզ համար է, բոլորիս համար է։ Խնդրում եմ միացեք, ինձ չեք միանում, որևէ ուժի չեք միանում, միանում եք ձեր ընկերներին։ Հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի լավ մնացեք, մենք ձեզ կսպասենք հրապարակում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ և լարվածություն չի տեսնում։ Ընդդիմադիրների բողոքի ակցիաներն ընկալում է իբրև ժողովրդավարության գործիքներից օգտվելու քայլ, բայց ընդդիմադիրներից քաղաքական նոր ասելիք չի լսում։ Սիմոնյանի կարծիքով՝ փողոց են դուրս եկել 2021–ի ընտրություններին պարտված ուժերը, որոնց ասելիքը ընտրություններից հետո չի փոխվել.

«Թող իրենք իրենց առաջարկը ձևակերպեն։ Երբ վիրավորում են կամ գոռում են «միացի՛ր», դա առաջարկ է անվտանգության համա՞ր։ Այն, ինչ իրենք պետք է անեին անվտանգության համար, մոտավորապես 20 տարի ունեցել են։ Ասում են՝ պետք է Փաշինյանը չբանակցի։ Ներողություն եմ խնդրում, բա ո՞վ պետք է բանակցի, Ռոբերտ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, որը քննարկում էր Մեղրին Ղարաբաղի հետ փոխելու հարցը։ Թե՞ Սերժ Սարգսյանը, որն իր 10 տարվա պաշտոնավարումից հետո եկավ այստեղ և ասաց, որ բանակցային պրոցեսը այլևս լավատեսություն չի ներշնչում, և մենք գտնվում ենք փակուղում, թե՞ դաշնակցությունը պետք է բանակցի, թե՞ Վանեցյան Արթուրը։ Ուզում եմ հասկանալ իրենց առաջարկները, իրենց լիդերներին։ ՀՀ ժողովուրդն այդ հարցի պատասխանը տվել է։ Մեր ընդդիմությունն այսօր, մեղմ ասած, բավական վատ իրավիճակում է, որովհետև սա իրենց միգուցե վերջին շանսն է, և այս փորձից հետո իրենք՝ որպես քաղաքական գործիչներ, կարծում եմ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետև իրենց քաղաքական ասելիքը այլևս սպառված է»։

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, դեռ չեն պատրաստվում վերադառնալ խորհրդարան։ Օրվա ակցիաներից հետո՝ օրվա ավարտին, կազմակերպում են վերջին օրերին ավանդական դարձած հանրահավաքը։ Իսկ իշխանական պատգամավորները հիշեցնում են խորհրդարանական կառավարման յուրահատկությունը։ Այն չի ենթադրում միակենտրոն կառավարում՝ ասում է պետաիրավական հանձնաժողովի նախագահը։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ «ընդդիմությունը իշխանության հետ հավասար կիսում է կառավարման պատասխանատվությունը»։ Վկայակոչում է «Դոնթի բանաձևը» և այդ համամասնության շրջանակում ընդդիմությանը հատկացված տեղերում աշխատելու անհրաժեշտությունը։  

Back to top button