ԿարևորՀասարակությունՄշակույթ

Տիրամիսուից՝ սթեյքի պատրաստման գաղտնիքներ․ շեֆ խոհարարը սիրողական մաստեր կլասներ է անցկացնում

Քաղաքագիտությունից՝ ֆուդբլոգինգ․ ինստագրամում շուրջ 65 հազար հետևորդ ունեցող Հեղնար Շալունցն իր էջում կիսվում է տարատեսակ բաղադրատոմսերով, ասում է, որ մեծ հետաքրքրություն են վայելում հատկապես իր տատիկի բաղադրատոմսերը։ Նրա խոսքով` մարդիկ սիրում են հեշտ պատրաստվող, բայց նաև հետաքրքիր ու համեղ բաղադրատոմսեր սովորել, շատերը նաև հետաքրքրվում են, թե ինչպես ճիշտ պատրաստել, օրինակ, լազանիան, տիրամիսուն, սուշին, սթեյքը և այլն։

«Տնային տնտեսուհիներն ուզում են իմանալ, թե ինչպե՞ս կարող են իրենց խոհանոցում ռեստորանային համի ու տեսքի ուտեստներ ստանալ»,-ասում է ֆուդբլոգերը։ Շալունցի խոսքով՝ խոհարարական գաղտնիքներին ամեն տեղ հնարավոր չէ ծանոթանալ, մինչդեռ միջազգային փորձ կա շեֆ խոհարարների կողմից սիրողական «մաստեր կլասներ» կազմակերպելու, որոնց ընթացքում հնարավոր է խոհարարական հմտություններ ձեռք բերել։

Վերջերս ֆուդբլոգերը մասնակցել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն, շեֆ խոհարար Արբի Ղարախանիի մաստեր կլասին, պատմում է։

«Այսպիսի մաստեր կլասները հատկապես կարևոր են ֆուդբլոգերների համար, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են խոհանոցը, որովհետև այնպիսի գիտելիք ենք ստանում, որը գրքային չէ ու կարող ենք իմանալ միայն շեֆ խոհարարից, որն այդ գիտելիքը ձևավորել է երկար տարիների պրակտիկայի արդյունքում։ Ցավոք, նման մաստեր կլասները մեր երկրում շատ չեն կազմակերպվում և խոհանոցի սիրահարները շատ հնարավորություններ չունեն ստանալ իրենց հուզող խոհարարական գաղտնիքների պատասխանները»,-ասում է Հեղնար Շալունցը։

Սիրողական խոհարարական մաստեր կլասներ անցկացրել է նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, շեֆ խոհարար Արբի Ղարախանին շարունակում է արդեն ձևավորված  ավանդույթը։ Մաստեր կլասներ կազմակերպելու գաղափարը ծնվել է՝ հաշվի առնելով, թե  որքան շատ են  շեֆ խոհարարին  դիմում  խոհանոցի սիրահարները, տնային տնտեսուհիները ու ուզում էին իմանալ խոհարարական գաղտնիքներ։

Այսպիսի դասընթացներ սկսելու համար շեֆ-խոհարարը պատրաստվել է շուրջ մեկ տարի, ասում է՝ նախօրոք հարցումներ են իրականացրել մարդկանց շրջանում, պարզվել է՝ ամենից շատ մարդկանց հետաքրքրում են իտալական խոհանոցի ուտեստները, նաև՝ մսի պատրաստման եղանակներն ու գաղտնիքները։ Հենց այս թեմային էլ վերաբերելու է  շեֆ խոհարարի առաջիկա մաստեր կլասը։

«Շեֆ խոհարարուներն արտասահմանում շատ են անցկացնում նմանատիպ մաստեր կլասներ, շատ ընդունված պրակտիկա է։ Սթեյքի հետ կապված ասեմ, որ ամենակարևոր պայմանը մսի կտորն է, ճիշտ մսի կտոր պետք է լինի ու որ ամենակարևորն է, սթեյքը չի ստացվի, եթե այն սառնարանից հանեք ու անմիջապես սկսեք տապակել»,-ասում է Շեֆ խոհարարը։

Իտալական խոհանոցին նվիրված նախորդ մաստեր կլասի մասնակիցներից մեկը՝ Սաթենիկ Վարդանյանը, մասնագիտությամբ դաշնակահարուհի է, ամենաշատը սիրում է նվագել Շոպենի նոկտյուրները, իսկ խոհանոցի հանդեպ սերը դրսևորվում է հատկապես քաղցրավենիքի տեսքով։ Սիրելի իտալական աղանդերը՝ տիրամիսուն, փորձել է պատրաստել տասնյակ բաղադրատոմսերով․ դրանցից  և ոչ մեկի համը նման չի եղել սրճարաններում մատուցվող տարբերակներին․

«Պատահաբար եմ տեսել, որ կա դասընթաց ոչ խոհարարների համար, երբեք չէի հանդիպել նման բանի, մասնակցել եմ առաջին մաստեր կլասին ու վերջապես կարողացա  տիրամիսու պատրաստել, բայց գաղտնիքների մասին չեմ բարձրաձայնի հիմա, իրականում շատ հետաքրքիր էր ու այդ ինֆորմացիան ես ոչ մի բաղադրատոմսի մեջ չէի գտել»,-ասում է Սաթենիկ Վարդանյանը։

Խոհարարական վարպետաց դասեր, մաստեր կլասներ իրականացվում են IFEP-ի ստուդիայում։ Տնօրեն Գևորգ Մուրադխանյանի խոսքով՝ մաստեր կլասերը ոչ այնքան բիզնես նպատակ են հետապնդում, որքան տարածել խոհարարական մշակույթը հասարակության շրջանում և հնարավորություն տալ ոչ մասնագետ մարդկանց պատրաստել «ինչպես շեֆ խոհարարը»․

«Մաստեր կլասները, որոնք մեզ մոտ են արվում, ստեղծագործական մոտեցում ունեն և Արբիի հետ համագործակցությունն էլ ստացվում է, քանի որ մեր մոտեցումները համընկնում են, մենք խոհանոցը՝ որպես մշակույթ, ներկայացնելու նպատակն ենք հետապնդում», — ասում է Գևորգ Մուրադխանյանը։

Տնային տնտեսուհիների համար խոհանոցային գաղտնիքներ բացահայտելու հնարավորությունը՝ մաստեր կլասների միջոցով, շարունակական է լինելու։ «Տարբեր երկրներում բարի ավանդույթ դարձած այս պրակտիկան Հայաստանում պետք է տարածվի, Հայկական խոհանոցն էլ շարքից դուրս չի մնալու»,–ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն, շեֆ խոհարար Արբի Ղարախանին։

Կարդացեք նաև
Close
Back to top button