ԿարևորՀասարակություն

Պարարտանյութի սուբսիդավորումը` խնդրի կարգավորո՞ւմ, թե՞ խնդիր

«Գարնանացանը ձախողված է, նման տարի դեռևս չի գրանցվել։  Շատ բնակավայրերում  գյուղացին հերկված, վարած հողերը սերմացու չունենալու պատճառով չի ցանում։  Պարարտանյութը սուբսիդավորում են, որ ի՞նչ անեն», –հարցադրումը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանինն է։

Կառավարության մարտի 3-ի նիստում ընդունված աջակցության ծրագրով նախատեսվում  է մեկ հեկտարի համար  մինչև 500 կգ պարարտանյութ տրամադրել։ Հայաստանում  պարարտանյութը տարեսկզբին կրկնակի թանկացել է․ շուկայի փորձագետները նշում են` մինչև սուբսիդավորումը պարարտանյութը շուկայում 16-18 հազար դրամ էր, այսօր սուբսիդավորված վրացական պարարտանյութը գյուղացուն առաջարկվում  է 20-22 հազար դրամով:

Շահառուներին վաճառվող պարարտանյութի գնի 50 տոկոսը պետությունը կվճարի մատակարարին, բայց 1 պարկ պարարտանյութի դիմաց 9000 դրամից ոչ ավելի։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան.

«Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես, մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»։

Փորձառու գյուղատնտես Աշոտ Հարությունյանը նշում է` մի կողմից պետությունը խրախուսում է օրգանիկ, կանաչ գյուղատնտեսությունը, մյուս կողմից՝ մեկ հա-ի համար  մինչև 500 կգ ազոտական պարարտանյութ է նախատեսում։ Հարությունյանը նկատում է` միայն ազոտական պարարտացումն իջեցնում է բույսերի պաշտպանվածությունը, հանգեցնում  բերրիության անկման, վնասում մարդու առողջությունը.  

«Այս պահին փոխանակ սերմացուն սուբսիդավորեն, որ վարած հողերում գարնանանցան կատարվեր, այդ թվում գարնանացան ցորեն, պարարտանյութն են սուբսիդավորում։  Ժամանակի առումով անարդյունավետ քայլ է»։

Աշոտ Հարությունյանը շեշտում է`  հացահատիկի բարձր գին է ակնկալվում` նույնիսկ պետության կողմից  պարարտանյութի սուբսիդավորման դեպքում.

«Մեկ հա ցորենը պարարտացնելու համար վեց պարկ պարարտանյութ է պետք, պետությունը մեկ հա-ի համար ֆինանսավորելու է 54 հազար դրամ, մոտ այդքան գումար էլ ծախսելու է գյուղացին, արդյունքում միայն պարարտացման համար ծախսվելու է մոտ 110 հազար դրամ, դրան էլ  ավելացրած վարի, ցանքի, կուլտիվացիայի, բերքահավաքի  ծախսերը` ասում է մասնագետը։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ հա հացահատիկի ցանքատարածության հողը վարելու, մշակելու, պարարտացնելու համար անհրաժեշտ է մոտ 350-400 հազար դրամ։ Երբ մեկ հա-ից ստացվի 20 ց հացահատիկ, մեկ կգ-ը լինելու է ավելի քան 200 դրամ»։

Գյուղատնտեսության ոլորտում մենք ավելի հրատապ, լուրջ խնդիրներ ունենք` շարունակում է  գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ Հողերի մշակման շղթայում առաջնահերթը դիզվառելիքի խնդիրն է համարում, այնուհետև սերմացուի, ոռոգման ջրի պակասը, և հետո  միայն պարարտացման խնդիրը.

 «Դիզվառելիքն այսօր ՀՀ շուկայում պատմական ռեկորդ է գրանցել։ Հնարավոր չէ այդ արժեքով վառելիք ձեռք բերել և հող մշակել։ Հանրապետությունում առկա է սերմացուի պակաս։ Հարկավոր էր նախորդ տարվա աշնանացանից հետո ներկրել սերմացու։  Աշնանացան ցորենի ցանքսը պակասել է ոչ միայն պարենային անվտանգության տեսանկյունից, այն նաև անանսնապահության տեսանկյունից երկիրը ծառացած է լուրջ խնդիրների առջև։ Դիզվառելիք, սերմացու, ոռոգման ջրի հարցը կարգավորելուց հետո է, որ պարարտանյութը ընդհանուր գյուղատնտեսության մեջ հանդիսանում է բերքի խթանիչ։ Երբ մենք դաշտերը չենք ցանել, ինչը խթանենք»։

Պարարտանյութի գնի նվազեցման, սուբսիդավորման խնդիրը տնտեսագետ Արմեն Քթոյանը դիտարկում է նորարարական լուծումների համատեքստում։ Սուբսիդավորումը, ըստ նրա,  հարակից խթանող միջոցառում պետք է լինի` ուղղված այն տնտեսություններին, որոնք միտված են արդյունավետ գործունեություն վարելուն.

«Պարարտանյութի թանկ լինելն ավելի շատ պայմանավորված է  լոգիստիկ, մրցակցային խնդիրներով, պարարտանյութի օգտագործման ոչ բավարար արդյունավետությամբ։ Ինչպես են օգտագործում, ինչպես են հարստացնում հողը։ Երբ ավելի արդյունավետ մոտեցումներ կիրառվեն, հնարավոր կլինի պարարտանյութի ինքնարժեքն ավելի ցածր դարձնել,մասնակցությունը ծախսի մեջ նվազեցնել։ Ռեսուրսները օգտագործվում են անարդյունավետ։ Գյուղատնտեսությունը նույնպիսի գործունեության տեսակ է, միջոց ,  որը պահանջում է նորարարական մոտեցումներ, համապատասխան գիտելիք, տեխնոլոգիա, տեխնիկա։  ավանդական պատկերացումը, թե գյուղում ապրելով, պետք է գյուղատնտեսական մշակությամբ զբաղվես, պետք է փոխվի։   Գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն նրանք, ովքեր ունեն համապատասխան գիտելիք, ցանկություն»։

«Ռադիոլուր»-ի  երկու զրուցակիցներն էլ համակարծիք են` գյուղատնտեսությունը պետք է որպես արտադրություն դիտարկել, տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով` երբ այն վերածվում է կենսակերպի, ձախողվում է։

Back to top button