Մշակույթ

«Մի փոքր արև». բացառիկ համերգ՝ երկամյա սպասումից հետո

Հանրաճանաչ երաժիշտներ թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա) և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վերջապես կյանքի են կոչում իրենց գարնանային տաք գույներով հարուստ տարվա առաջին համատեղ համերգը։ «Մի փոքր արև» համերգը տեղի կունենա մայիսի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Համերգը երկու անգամ հետաձգվել է համաճարակի և հետպատերազմյան իրադարձությունների պատճառով։ Հայաստանյան հանդիսատեսին երաժիշտները ներկայացնելու են Աստոր Պիացոլայի, Իգոր Ստրավինսկու, Խեսուս Տորեսի, Ռոդիոն Շչենդրինի, Մանուել Դե Ֆայայի, Գասպար Քասադոյի և Էնրիկե Գրանադոսի ստեղծագործությունները։ Որոշ ստեղծագործություններ Հայաստանում կհչնեն առաջին անգամ։

«Այս ծրագիրը Սևակի հետ միասին հավաքել էինք մինչքովիդյան շրջանում, այնուհետև մեր բոլոր նպատակներն ուղղեցինք հետագայում առ Արցախ ու վիրտուալ ելույթներ։ Այսօր արդեն ցանկանում ենք կենտրոնանալ գեղեցիկ ու վառ ծրագրի վրա, որին վերաբերվում ենք նաև նորովի. թող այն գարնան, արևի ու լավ տրամադրության վերածնունդ լինի բոլորիս համար»,- նշում է դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Սևակ Ավանեսյանն ու Հայկ Մելիքյանը արդեն հասցրել են ելույթ ունենալ միասին՝ Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով։ Այն տեղի էր ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Back to top button