ԿարևորՔաղաքական

Մաքոքային դիվանագիտություն՝  նաեւ հայ–թուրքական գործընթացում․ փորձագետ

Մայիսի 3-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հերթական հանդիպումը, որին ընդառաջ Թուրքիայի արտգործնախարարը շտապել է խոսել հայկական կողմի հետ ինչ–ինչ պայմանավորվածությունների, մասնավորապես,  «սահմանները կրկին որոշելու հարցում» ձեռք բերված համաձայնության մասին։ Հայաստանի և Թուրքիայի միջև վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա՝ ի պատասխան հստակեցրել է  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Մայիսի 3-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը ։  Սա նրանց երրորդ հանդիպումն է։ Առաջինն  այս տարվա հունվարի 14–ին էր՝ Մոսկվայում։ Հաջորդը  փետրվարի 24–ին էր՝ Վիեննայում։ Մինչև  երրորդ հանդիպումը Թուրքիան պնդում էր այն Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու առաջարկը։  Քաղաքագետներն Էրդողանի այս պնդումը բացատրում էին առանց միջնորդների հանդիպում անցկացնելու Անկարայի ձգտմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանն ընդառաջ Sabah թերթին հայտնել է, որ Վիեննայի հանդիպմանը քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նոր թեմա է շոշափել՝ նշելով, որ «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել», ինչին ի պատասխան  Հայաստանի  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հստակեցրել է․ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա»։ Նման հարց օրակարգում չկա՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Համարձակ քայլերի մասին հայտարարություն Չավուշօղլուն արել էր նաեւ 17 օր առաջ, նշելով, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում համարձակ քայլերի անհրաժեշտության կա, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը արձագանքել էր, որ  «հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելուն» և բացատրել էր․ «Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի»,– ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանի կարծիքով՝ այս հայտարարությունն ուղղված է ոչ այնքան Թուրքիային, որքան  միջազգային հանրությանը․

«Այդ հայտարարությունը ոչ թե Թուրքիային էր վերաբերում, այլ միջնորդ կողմերին՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Եվրոպա, ԱՄՆ, որոնք շահագրգռված են։ Դրանով Հայաստանն ասաց, որ պատրաստ ենք թե սահմանները բացելուն եւ նոր անցակետեր ստեղծելուն, որ մարդիկ կարողանան անցնել։ Ի վերջո, ՀՀ քաղաքացին, որ ուզում է, Թուրքիա հասնում է կամ Վրաստանի, կամ Իրանի միջով։ Դրա համար խնդիրը քաղաքականից պետք է տեղափոխվի տեխնիկական հարթություն։ Դրա համար հայկական կողմը հայտարարեց, որ դա վերաբերում է այս գործի միջնորդներին՝ քավորներին»։

Փորձագետի կարծիքով՝ սահմանների բացման հարցը ապագայում առեւտրի առարկա կդառնա միջնորդների ու Թուրքիայի միջեւ։ Անկարան անընդհատ ինչ–որ պահանջներ կներկայացնի եւ մաքոքային դիվանագիտությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման ՄԽ–ի գործընթացից կտեղափոխվի հայ–թուրքական գործընթաց.

«Այդ մաքոքային դիվանագիտությունը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված կլինի, ինչպես ժամանակին դա կիրառվում էր Արցախյան խնդրում։ ՄԽ–ն էր վարում այդ քաղաքականությունը։  Նման մի բան այս գործընթացում կտեսնենք»։

Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստան –Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման արդեն չորրորդ փորձը նախորդներից տարբերվում է այն հրապարակային հայտարարություններով, որ դրանք  ընթանում են առանց նախապայմանների։ Չնայած սրան՝ Անկարան բացահայտ հայտարարում է, որ բոլոր հարցերը համաձայնեցվում են Բաքվի հետ։  Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը քիչ հավանական է համարում  հայ–թուրքական հարաբերութունների հաստատման հավանականությունը։ Կա եւս մի կարեւոր գործոն, որը, ըստ նրա, կտորպեդահարի գործընթացը.

«Չեմ  կարծում, թե հարաբերությունները կհաջողվի կարգավորել այս փուլում, եւ խնդիրը նախապայմաններ չեն։ Մեծ հաշվով խնդիրն այն է, որ Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ հայ–թուրքական հարաբերությունների տեւական կամ վերջնական կարգավորումը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի դերի թուլացում մեր տարածաշրջանում ,եւ, օրինակ, Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա պահպանման նպատակահարմարության հարց կառաջանա։ Ռուսաստանին գուցե ձեռնտու լինի այդ կարգավորումը այն դեպքում, եթե  Հայաստանն ամբողջությամբ գտնվի ռուսական ազդեցության տակ, պարզ ասած՝ դա լինի ռուսական նահանգի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում»։

Քաղաքագետի  համոզմամբ՝ բանակցությունները, որոնք սկսվել են, դանդաղ կընթանան։ Դրանք կձգձգվեն, ու ոչինչ չի ստացվի, քանի որ Թուրքիան ուզում է դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից ։

Պատմաբաններն էլ հիշեցնում են այն կարմիր գծերը, որոնք չպետք է անցնել Անկարայի հետ բանակցությունների ընթացքում, դրանք են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, Կարսի պայմանագիրն ու  արցախյան հարցը։ Մանվել Ղումաշյանը կարծում է, որ վտանգավոր ձեւակերպումներից պետք է զգուշանալ, շեշտը դնել նախ հարաբերությունների հաստատման վրա.

«Հարաբերությունները վերականգնելուց հետո գործընթացը կտեղափոխվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարթություն։ Ի վերջո , է մեր սերունդը չտեսնի, բայց հաջորդ սերունդները կտեսնեն։ Ես լավատես եմ այդ հարցում։ Իսկ դուք կարծում եք հակառակ ուղղությամբ եթե գնանք, խնդիրը կլուծվի՞։ Հակառակ ուղղությանը խնդիրը փակուղի մտցնելն է»։

Մայիսի 3–ին Վեիննայում նախատեսված Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպման նախաշեմին  Թուրքայի ԱԳՆ Չավուշօղլուն որոշել է բացատրել նաև Ուրուգվայում հայկական համայնքի ապրիլ 24–յան բողոքի մասնակիցներին ուղղված «գորշ գայլերի» ժեստի ցուցադրման իր գործողությունը։ Ցուցարարները, նրա  ձեւակերպմամբ,  «տգեղ» վերաբերմունք են դրսևորել, ինչին ինքը տվել է իր պատկերացմամբ  անհրաժեշտ պատասխան: Չավուշօղլուի կողմից ազգայնական «գորշ գայլերի» ժեստը, մինչդեռ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, ռասիստական քարոզչության ժեստ է  և հրապարակային ատելության խոսքի տարածում , որը քրեորեն դատապարտելի  արարք է։

Back to top button