Ժամանակի վկան

Հյուսիսային Արցախի հայաթափությունը․ «Օղակ» գործողություն․ «Ժամանակի վկան»

1991 թվականի ապրիլի 30-ին Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի երկու գյուղերում` Գետաշենում և Մարտունաշենում, սանձազերծվեց խորհրդային բանակի, ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ «Օղակ» պետական-ահաբեկչական, ցեղասպան հատուկ գործողությունը, որի հետևանքով հայաթափվեցին հայկական դարավոր պատմություն ունեցող այս գյուղերը, սպանվեցին և պատանդառվեցին մի քանի տասնյակ, վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Մինչև օրս անհայտ է պատանդ վերցված մեկ տասնյակից ավելի հայերի ճակատագիրը։

Գործողության ժամանակ սպանվեցին նաև Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար, հետագայում Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր, պատմաբան, ուսուցիչ, բանաստեղծ Թաթուլ Կրպեյանը, նրա մարտական ընկերներ Սիմոն Աչիքգյոզյանը, Արթուր Կարապետյանը, Հրաչ Դանիելյանը և Վալերի Նազարյանը։


Հաղորդման ընթացքում Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերը՝ Մհեր Հարությունյանը կպատմի հուշեր սարսափելի օրվա մասին, որոնք ձայնագրվել են 2012 թվականին։

Մհեր Հարությունյանը 16-17 տարեկան պատանի 1991 թվականի գարնանը մասնակցեց Գետաշենի ինքնապաշտպանությանը։ Նա Թաթուլ Կրպեյանի ջոկատի ամենակրտսեր ազատամարտիկն էր, այդ իսկ պատճառով նրան մարտական ընկերները «ճուտ» էին անվանում։ Հայտնի է Հրազդանցի Ճուտ անունով։

Մհեր Հարությունյանը մասնակցեց նաև վերջին պատերազմին՝ միանալով նորօրյա պայքարի նվիրյալների փաղանգին․ 44-օրյա պատերազմում՝ 2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Արցախում՝ Վարանգաթաղ լեռան համար մղված մարտում, Մհերը զոհվեց Պռոշյան գյուղի կամավորական ջոկատի 18 մարտիկների հետ։

«Օղակ» հատուկ գործողության, Գետաշենի ենթաշրջանի քառամյա ինքնապաշտպանության մասին ավելի հանգամանալից կարելի է տեղեկանալ պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանի՝ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստ․, Երևան, 2016) մենագրությունից և նույնի համալրված անգլերեն թարգմանությունից՝ “Tatul Krpeyan: The Self-Defense of the Getashen Sub-District in Northern Artsakh (Karabagh)” (Yerevan: Institute of History of the National Academy of Sciences, Republic of Armenia, 2019)։

Ցուցադրել ավելի
Back to top button