ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս է ազդել ռուս–ուկրաինական պատերազմն անշարժ գույքի շուկայի վրա

Այս տարվա առաջին եռամսյակի հատկապես երկու ամիսներին՝ փետրվարին ու մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվել։ Փորձագետներն այդ աշխուժությունը պայմանավորող երկու հիմնավոր պատճառ են տեսնում։ Առաջինը ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված ներհոսքն է, երկրորդը՝ տարվա երկրորդ կիսամյակից  եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը Երևանի առաջին գոտու բնակարանների համար ։

Հունվար–մարտ ամիսներին օտարերկրացիները մեր երկրում և ավելի շատ անշարժ գույք են գնել, և ավելի շատ վաճառել՝ փաստում է վիճակագրությունը։  Տարվա առաջին եռամսյակում օտարերկրացիների կողմից կատարվել է  առքուվաճառքի 1046 գործարք։ Սա ընդհանուր թվի շուրջ 9 տոկոսն է։ Օտարերկրացիների գնած գույքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ  աճել է 39․5 տոկոսով, նախորդ եռամսյակի համեմատ նվազել 29 տոկոսով։ Սա ունի իր պատճառները՝ ըստ «Ռադիոլուր»–ի զրուցակցի՝ տնտեսագետ Մերի Բոյաջյանի։

«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը հիմնականում պայմանավորված է ՌԴ քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի ծավալների 42․4 տոկոս ավելացմամբ։ Անշարժ գույքի շուկայում  գործարք իրականացրած քաղաքացիների մեջ գերակշռողը ՌԴ քաղաքացիներն են» ։

Ուշագրավ մյուս միտումն այն է, որ օտարերկրյա քաղաքացիներն ավելի շատ գույք վաճառել են, քան գնել՝ արձանագրում է տնտեսագետը։ Հիմնականում ձեռք են  բերել բնակարան, նախընտրել են մայրաքաղաքը։  Գրանցված գործարքներում գերակշռողը  Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն են.

«Անշարժ գույքի շուկայում գրանցված աճը հիմնականում պայմանավորված է ռուս–ուկրաինական հակամարտությամբ ու Հայաստան եկած օտարերկացիներով»։ 

Ընդհանուր առմամբ հունվար–մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է առքուվաճառքի 13 հազար գործարք՝ նախորդ եռամսյակի համեմատ՝ 25 տոկոսով պակաս, իսկ նախորդ տարվա  առաջին եռամսյակի  համեմատ՝ 9,5 տոկսովով ավելի։ 

Անշարժ գույքի պահանջարկի ավելացումը ազդել է գների վրա։ 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնարականները թանկացել են 12․4 տոկոսով, մարզերի քաղաքներում ՝ 15․5 տոկոսով։ Վիճակագրությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գների աճ է արձանագրել։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում Կենտրոնում, օրինակ, բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը միջինում 606 հազար դրամ էր, այս տարի 15 տոկոսով ավելի՝ 696 հազար դրամ։ Թանկացել են նաև բնակարանների վարձակալության գումարները

«Առաջին եռամսյակում իրականացվել է 2209 գործարք՝ նախորդ եռամսյակի համեմատ 24․3 տոկոսով պակաս, իսկ 2021–ի առաջին եռամսյակի համեմատ՝ 12․7 տոկոսով։ Ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան  ժամանած ՌԴ և Ուկրաինայի  քաղաքացիների քանակը չի արտացոլվում կադաստրի կոմիետի ցուցանիշերում։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ վարձատուներն ու վարձակալները պայմանագրեր չեն կնքում»։

Անշարժ գույքի  գործակալություններում, սակայն, որոշակի արձանագրումներ անում են։ Դրանցից մեկի աշխատակից Արմեն Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ պահանջարկից ելնելով՝ որոշ բնակարանատերեր մոտ 20 տոկոսով բարձրացրել են վարձավճարները։

«Հիմնականում դիմել են ոչ թե օրավարձով, այլ մի քանի ամսով՝ հիմնականում մինչև վեց ամսով բնակարանների վարձակալության համար։ Գների օրինակ բերեմ, եթե նախկինում 200 հազար դրամ արժեր բնակարանը, ապա այժմ 250 հազար դրամ է՝ կախված նրանից, թե որտեղ է բնակարանը, որ հարկում է , ինչ դիրք ունի»։

Այս տարվա առաջին եռամյակում անշարժ գույքի շուկայում իրականցվել է իրավունքի պետական գրանցման 42 939  գործարք։ Սա 2010–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, նախորդ տարվա առաջին  եռամսյակից 6 տոկոսով ավելի։

Գործարքների ավելացման պատճառը նաև  այս տարվա հուլիսի 1–ից  Կենտրոն և  Արաբկիր վարչական շրջաններում կառուցվող շենքերի համար եկամտային հարկի վերադարձի կասեցումն է։ Մինչև 2025 թվականը Երևանում ամբողջությամբ կհրաժարվեն եկամտային հարկի վերադարձի մեխանիզմից: Սահմանափակումները կամ չեղարկումը ծրագրի ներկա շահառուներին չեն վերաբերի. օրենքով նրանք կշարունակեն հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել հիփոթեքի մարմանը։  

Սա այս ծրագրի առաջին սահմանափակումը չէ։ 2018 թվականի հունվարի մեկից  բնակարանի ձեռքբերման շեմ է կիրառվում։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելիս ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը պետք է չգերազանցի 55 մլն դրամը։ Հիփոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարն էլ չի կարող ավելի լինել  1.5 մլն դրամից, այսինքն՝ ամսական առավելագույնը 500 հազար դրամ ։ Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։  Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Եթե 2015 թվականին այս ծրագրի շրջանակում հարկատուներին վերադարձվել էր ընդամենը 274 մլն դրամ եկամտային հարկ, ապա 2021–ին այդ գումարն արդեն  22․7 մլրդ դրամ էր։

Back to top button