ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունն անակնկալներ է խոստանում ԱԺ–ում և ոչինչ չի բացառում

Ներքաղաքական պայքարում «Դիմադրություն» շարժման «ակտիվ» փուլի առաջին օրվա պատկերը, ըստ թվերի, հետևյալն է․ Երևանի մայրաքաղաքում շուրջ 5 ժամ պարբերաբար փակվող ճանապահներ, 200–ից ավելի բերման ենթարկվածներ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ։ Դատախազությունում սկսված քննություններ՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերով, վնասվածնքեր ստացած քաղաքացիներ։  

Ընդդիմությունը հայտարարում է, որ պայքարի «զինանոցում» իշխանությունների համար  դեռ անակնկալ գործողություններ ունի, իշխանությունն էլ զգուշացումներով է արձագանքում հայտարարություններին։

Փակ ճանապարհներին, իրազեկման ակցիաներին և ցույցերին ընդդիմադիրները առաջիկա օրերին ավելացնելու են նոր գործողություններ՝ խոստանում է դաշնակցական գործիչ,  «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Թեև պայքարը տեղափոխել են փողոց, բայց չեն բացառում, որ ինչ–որ պահի կվերադառնան խորհրդարան։ Բայց ոչ օրինաստեղծ աշխատանքի, ինչպես ընդդիմադիրներին հորդորում են իշխանական գործընկերները։ Խորհրդարանի լիագումար նիստերը սկսվելու են մայիսի 3–ին, Իշխան Սաղաթելյանը ոչինչ չի բացառում․

«Ինչ ասես հնարավոր է, գեղեցիկ դրվագներ ունենալու ենք։ Ո՞վ չի թողնի, դա հո իրենց հոր խորհրդարանը չի։ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինն է, որտեղ ընդդիմությունը շուրջ 35 մանդատ ունի։ Շուրջ 330 հազար քաղաքացի երկու դաշինքներին մանդատ է տվել, հետևաբար, իրենք ո՞վ են, որ մեզ չթողնեն մտնել խորհրդարան, դեռ ավելին՝ ուրիշ շենքեր ենք մտնելու։ Մեր դեմ արգելք չկա։ Պետք է պայքարել ճիշտ, հետևողական, պարզապես պետք է թիվը առաջիկա 1–2 օրվա ընթացքում ավելացնենք, որ ամեն ինչ լինի արագ, անցնցում և ամենակարևորը՝ արդյունավետ»։

Ընդդիմադիր գործիչը պնդում է՝ մինչ այս պահը ընդդիմության գործողություններն ընթանում են ըստ ծրագրածի, գոհ են պայքարի ընթացքից։

Խորհրդարանի իշխանական թևը վստահեցնում է՝ անհանգստություն չունեն։ Նորմալ են համարում, որ ընդդիմությունն օգտվում է ժողովրդավարության գործիքներից, բայց  իշխանական պատգամավորներից Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Հովհաննիսյանը միաժամանակ զգուշացնում են՝ ժողովրդավարությունը չի բացառում «կարմիր գծեր»–ը։

Վլադիմիր Վարդանյան. «Ցանկացած իրավախախտմանը հետևելու է պատասխանատվություն։ Պարոն Սաղաթելյանը չպետք է մոռանա, որ հանդիսանում է ոչ թե արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, այլ դեռ Աժ նախագահի տեղակալն է և նրա վարքագիծը ՀՀ քաղաքացու կողմից դիտարկվում է նաև որպես ԱԺ նախագահի վարքագիծ։ Այս առումով նա պետք է չափազանց զգոն և զգույշ պետք է լինի իր արտահայտությունների մեջ»։

Արթուր Հովհաննիսյան. «ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու ժողովրդավրության գործիքների հատուկ բոլոր միջոցներով, բայց եթե որևէ մեկը փորձի ժողովրդավարությունն օգտագործել սանձարձակություններ անելու համար, անկարգություններ հրահրելու համար, փորձի ժողովրդավարության տված հնարավորություններն օգտագործի արցախից գնդացիրներ բերելու հգամար, ապա նրանք շատ կոշտ դիմադրության են հանդիպելու, օրենքի դիմադնորթյանը, իրավապահ և ուժային կառույցների դիմադրությանը»։

Մինչ ֆեյսբուքում գրառումների միջոցով իշխանական պատգամավորները շնորհակալություն են հայտնում ոստիկանությանը գրագետ և լավ աշխատանքի համար, տարբեր լրատվամիջոցների տեսախցիկներ արձանագրում են  մայրաքաղաքի տարբեր փողոցներում ոստիկանության գործողությունները։

Կադրերն արձանագրել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից պահվածքն ու լրագրողների աշխատանքին խոչընդոտելը, քաղաքացուն բերման ենթարկելու պահին բիրտ ուժի կիրառումը։ Այս գործերով քննություն դատախազությունում արդեն սկսվել է։ Դիմողներից է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Արձանագրել է, որ ոչ բոլոր դեպքերում է ոստիկանությունը ներկայացրել իր պահանջը, ապա՝ ուժ կիրառել.  

«Բռնության դեպքերը կրել են հիմնականում երկու բույթ։ Գրանցվել են  թեթև բռնության դեպքեր ցուցարարների և քաղաքացիների միջև, որպես կանոն՝ վարորդների կողմից, որոնք բողոքում էին ճանապարհների փակված լինելուց։ Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բռնության դեպքերին, ապա եղել են մի քանի դեպքեր։ Այն, որ քաղաքացու ինքնազգացողությունը վատացած էր և փորձում էին օգնություն ցուցաբերել, դա տեսել ենք, բայց ինչի արդյունքում է դա եղել, չենք տեսել։ Մեկ քաղաքացու նկատմամբ բռնության դեպք բերման ենթարկելիս ծառայողներից մեկը 3 անգամ բռունցքով հարված է հասցնում ամբողջությամբ անտեղի՝ քաղաքացին այլևս չի դիմադրում, չի կարող դիմադրել։ Սա բավական խնդրահարույց է՝ անկախ նրանից, թե քաղաքացին ինչ էր մինչև այդ արել։ Ոստիկանության կողմից հիմնականում օգտագործվում է ֆիզիկական ուժ, միակ կիրառված հատուկ միջոցը եղել է ձեռնաշղթան, ընդ որում՝ դա էլ չի կրել մասսայական բնույթ։ Ուրիշ այլ հատուկ միջոցի կիրառման դեպք չի նկատվել»։

Մինչ ընդդիմությունը ձևակերպում է իր պահանջը՝ անհամաձայնություն հայտնելով իշխանությանը հատկապես Արցախի հարցում վարած քաղաքականության առումով, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիրներն օրակարգ չունեն։ Այս հարցով հեռակա բանավիճում են Իշխան Սաղաթելյանն ու  Արթուր Հովհաննիսյանը։

Իշխան Սաղաթելյան․ «Ես քաղաքական հայտարարություն եմ արել, կոչ եմ արել ՔՊ–ին որ պատմական շանս ունեն ինքնամաքրվելու և այս պատասխանատվությունը չկրելու, որովհետև իրենցից շատերը՝ այդ խմբակցության, կապ չունեն էն ամեն ինչի հետ, իրենք այդ որոշումների ընդունման անմիջական մասնակից չեն դարձել, բայց գերի են այդ մարդու ձեռքը»։

Արթուր Հովհաննիսյան․ «Ընդդիմությունը օրակարգ չունի, ես չեմ լսել, որ ընդդիմությունը իշխանության հրաժարականն է պահանջում։ «Նիկոլ Փաշինյան, հեռացի՛ր», չի նշանակում ընդդիմության հրաժարական։ Ընդդիմությունը չի կարող Արցախը փրկել, որովհետև ընդդիմությունը ինչ հնարավոր վատ բան կար, արդեն արել է Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ։ Ընդդիմության շարքերում հայտնված «ռևանշիստները» չեն, որ Հայաստանի և Արցախի շահը պետք է սպասարկեն։ Ընդդիմության հիմանակն նպատակն է Արցախի հարցը օգտագործելով գալ և զավթել Հայաստանում իշխանությունը»։

«Դիմադրություն» շարժման «ակտիվ» փուլի առաջին օրվա պատկերը, ըստ թվերի, հետևյալն է․ Երևանի մայրաքաղաքում շուրջ 5 ժամ պարբերաբար փակվող ճանապահներ, 200–ից ավելի բերման ենթարկվածներ։ Վնասվածքներ ստացածների հստակ թիվ դեռ չի ներկայացվում, բայց ընդդիմությունը հայտարարում է, որ առաջիկա օրերին շարունակելու է իր պայքարը։

Back to top button