ԿարևորՀասարակություն

Դպրոց նրանց համար, ովքեր չեն կարող վիրաբույժ չդառնալ․ նոր կրթական ծրագիր «Միքայելյան» հիվանդանոցում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում վերաբացվել է «Թամազյան վիրաբուժության դպրոցը»։ Այն լրացուցիչ կրթական ծրագիր է ապագա վիրաբույժների համար, որոնք հնարավորություն կունենան ավելի գործնական  քայլերով մասնագիտանալ ընտրած բժշկագիտական ուղղության մեջ։ Դպրոցը կկրի անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյան անունը, որը դեռ 30 տարի առաջ, բժշկության մեջ կարևորելով սերնդափոխությունը, հիմնեց այս դպրոցը։ Լուսահոգի վիրաբույժի ընկերներն ու գործընկերները հիշում են՝ Համլետ Սերգեյիչն հատուկ  պատասխանատվությամբ էր վերաբերվում մանկավարժությանը և շեշտում՝ վիրաբուժությունը մասնագիտություն չէ, այլ մարդ լինելու տեսակ։

«Նա այնքան գեղեցիկ էր վիրահատում, կարծես նկար նկարեր»․ այսպես են նշտարի զինակից ընկերները հիշում բժիշկ-գիտնական, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար Համլետ Թամազյանին։ Անվանի վիրաբույժի 75-ամյակի կապակցությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում վերաբացվում է «Երիտասարդ վիրաբույժների դպրոցը», որը 1990-ականներին հիմնադրել էր հենց Համլետ Թամազյանը։ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասում է՝ հենց այս դպրոցն էր, որ 90-ականներին կերտեց վիրաբուժության այսօրվա օրը։

«Այդ դպրոցի հիմքում դրված էր Համլետ Սերգեյիչի անզուսպ ցանկությունը՝ տեսնել արժանի վիրաբույժներ, վիրաբույժներ, որոնք կարող էին հետագայում համալրել այն բանակը, որը ստեղծել էր Խորհրդային միությունը։ Հենց այդ բանակի վառ ներկայացուցիչներից մեկը ինքն էր իր պատվախնդիր կեցվածքով, վիրաբուժի խառնվածքով և հայ մարդու եզակի տեսակով»,– ասում է Արմեն Մուրադյանը։

Գործընկերները հիշում են՝ բժիշկ Համլետ Սերգեյիչը աննկարագրելի հատուկ պատասխանատվությամբ էր վերաբերվում մանկավարժությանը․ հիվանդության պատճառով երկար չկարողացավ զբաղվել իր հիմնած դպրոցով, բայց անգամ մինչև կյանքի վերջին օրը կրտսեր գործընկերները դիմում էին նրան խորհրդի համար։

«Բոլորը անխտիր՝ սանիտարները, բուժքույրերը անվերապահորեն վստահում ու հավատում էին Համլետ Սերգեյիչին։ Այդպիսի անվանի, հզոր մարդը թիկունք էր կանգնում անգամ սանիտարին»։

Համլետ Թամազյանն ասում էր՝ վիրաբուժությունը մասնագիտություն չէ, այլ մարդ լինելու տեսակ։ Եվ հենց այս սկզբունքն էր դրել իր դպրոցի հիմքում դեռ 30 տարի առաջ։ Այսօր արդեն նրա երիտասարդ գործընկերները կշարունակեն նույն ավանդույթները՝ վստահ է Արմեն Մուրադյանը։

«Ես հպարտ եմ լինել նրա կրտսեր ընկերը, հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել վիրահատությունների ժամանակ, երբ նա 1988թ ղեկավարում էր Միքայելյան հիվանդանոցի վիրաբուժության բաժինը և ընդունում էր վիրավորների աղետի գոտուց»,– պատմում է Մուրադյանը։

Վիրաբուժության դպրոցը վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելու համալսարանական ծրագիր է, որը հնարավորություն կտա գործուն քայլերով մասնագիտանալ  ընտրած բժշկագիտական ուղղության մեջ: Միքայելյան հիվանդանոցում վստահեցնում են՝ ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը։ Դպրոցի ապագա ուսանողների համար կրթաթոշակ է սահմանել նաև Թամազյանների ընտանիքը։ Համլետ Թամազյանի դուստրը՝ անվանի ակնաբուժ Լուսինե Թամազյանը,  ասում է՝ հպարտ է, որ իր հոր անվան դպրոցով են անցելու ապագա վիրաբուժները։

Ակնաբուժ Լուսինե Թամազյան

«Դպրոցը գերազանցությամբ ավարտած առաջին շրջանավարտը կստանա նվեր իմ հայրիկի ոսկե նշտարը։ Ինչպես կասեր հայրիկս, եթե նորից ծնվեի, ապա անպայման նորից կընտրեի վիրաբուժությունը»,– ասում է Լուսինե Թամազյանը։

Վիրաբույժը պիտի գիշեր-ցերեկ մնա, ապրի հիվանդանոցում, որ մասնագետ դառնա: Ընտանիքի անդամները պատմում են՝ Համլետ Սերգեյիչը հենց այդպես էր վերաբերվում իր աշխատանքին․ բացառություններ էին ոչ թե աշխատավայրում, այլ հենց տանն անցկացրած գիշերները։ Ընտանիքի անդամներն ու կրտսեր գործընկերները հուսով են, որ Բժշկական համալսարանի և «Միքայելյան» ինստիտուտի շնորհիվ դպրոցը կկայանա և կտա գիտակ, բանիմաց վիրաբույժների նոր,  թամազյանական սերունդ:

Back to top button