ԿարևորՀասարակություն

Առուվաճառքի կեղծ գործարքներ հեռախոսի միջոցով. խորհուրդներ խարդախության զոհ չդառնալու համար

Ապրիլի 28-ին ոստիկանություն դիմած մի ընկերության տնօրեն հայտնում էր, որ սուպերմարկետի մենեջեր ներկայացած անձն իր հետ հեռախոսով պայմանավորվել էր 3500000 դրամի համակարգչային վիդեոքարտեր գնելու վերաբերյալ: Համաձայնության էին եկել, սարքավորումները փոխանցել էր գնորդի ուղարկած անձին, որից հետո մենեջերի հետ կապ հաստատել չէր կարողացել:

Ներկայացված խարդախության դասական օրինակը արձանագրվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Պարզունակ այս մեխանիզմը, որից տուժած անձինք ու կազմակերպություններն այսօր բավական շատ են, կիրառվում է միանման ալգորիթմով։ Խարդախության հերթական զոհ չլինելու համար նախ պետք է լինել տեղեկացված։

Խարդախությունը սկսվում է, այսպես ասած, հավաքագրումից։ Խարդախն ուսումնասիրում է համացանցի առուվաճառքի հայտարարությունների կայքերը։ Հեռախոսով, որպես կանոն՝ հավելվածների միջոցով, կապվում է ապրանք վաճառող քաղաքացու հետ, հարցուփորձ անում, գին իջեցնում, համոզում, վստահություն շահում։ Երբեմն խարդախության զոհը համաձայնում է ապրանքը փոխանցել միջնորդին, երբեմն էլ՝ խարդախն անձամբ է հանդիպում վաճառողին, վերցնում ապրանքը, խոստանում մի քանի րոպեից փողը բերել ու տարբեր պատրվակներով անհետանում է։

Հանցագործության բացահայտումը անհամեմատ բարդանում է, երբ կիրառվում է փոքր-ինչ այլ մեխանիզմ։ Խարդախը կապվում է տարատեսակ ապրանքներ վաճառող կազմակերպությունների հետ, ներկայանում մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ և պայմանավորվում վճարել բանկային փոխանցման միջոցով։

Սովորաբար զոհի մոտ վստահություն ներշնչելու համար խարդախություն կատարող անձինք ներկայացնում են գումարի փոխանցման կեղծ բանկային անդորրագիր, փողը չստանալը պատճառաբանում տեխնիկական խնդրով կամ բանկային օրվա ավարտով։ Հանցագործությունից անտեղյակ երրորդ անձանց, հիմնականում՝ տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիների միջոցով փոխադրում են ապրանքը, ինչից հետո պարզապես զոհի զանգերին չեն պատասխանում։ Հետքը կորցնելու համար խարդախը նախապես պայմանավորված է լինում մի քանի տաքսու վարորդի հետ, որոնք, բանից անտեղյակ, մեկը մյուսին փոխանցելով՝ խարդախությամբ հափշտակված ապրանքները փոխադրում ու տեղ են հասցնում։

Խարդախության այս տեսակի զոհ չդառնալու համար ոստիկանությունը հորդորում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՛ հավատացեք ու մի՛ վստահեք անծանոթներին ձեր կողմից վաճառվող ապրանքն ու իրերը։ Ապրանքը փոխանցեք բացառապես բանկային իրական փոխանցումից հետո, երբ գումարն արդեն համալրված կլինի ձեր հաշվեհամարին։ Թեկուզ 1-2 րոպեով, մի՛ կորցրեք գնորդին ձեր տեսադաշտից, երբ ապրանքն արդեն հանձնել եք նրան, իսկ փողը դեռ չեք ստացել։

Հաճախ խարդախները ստեղծում են մի իրավիճակ, երբ խնդրում են սպասել, ասենք, իր ավտոմեքենայում կամ իրեն ուղեկցող անձի հետ։ Նման դեպքերում միայն վերջում է պարզվում, որ ավտոմեքենան, որի մեջ սպասում եք՝ նրանը չէ, իսկ անձը, որն ուղեկցում էր խարդախին, պարզապես բանից անտեղյակ տաքսու վարորդ է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արդեն դարձել եք խարդախության զոհ, ապա անմիջապես դիմեք ոստիկանություն, քանի որ յուրաքանչյուր հապաղած րոպեն կարող է բարդացնել կամ անհնար դարձնլ հանցագործության բացահայտումը»։

Back to top button