ԿարևորՀասարակություն

Աշխատողն իր իրավունքների մասին հիշում է գործից դուրս գալուց հետո․ ԱԱՏՄ-ն ամփոփել է ոլորտի խնդիրները

2023 թվականի հուլիսից պետական, իսկ 2025 թվականից նաև ոչ պետական մարմիններում աշխատանքի անցնելիս կկնքվի էլեկտրոնային պայմանագիր՝  թղթայինի փոխարեն։ Նպատակը Հայաստանում աշխատանքի իրավունքի պաշտպանության համակարգն ամրապնդելն է՝ նշում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյան։ Եթե այժմ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները, իրենց իրավունքներին տեղյակ չլինելու պատճառով, օրինակ, չեն ստանում աշխատանքային պայմանագրի իրենց օրինակը կամ առհասարակ չեն իմանում, որ իրենք աշխատող-գործատու օրինական դաշտում հարաբերությունների մեջ չեն, ապա այս փոփոխությունից հետո  նման խնդիրները կբացառվեն։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեսչական մարմինն ամփոփում է այս ոլորտում 2021-ին և 2022-ի առաջին եռամսյակում գրանցված իրավախախտումները:

«2021-ի ընթացքում տեսչական մարմնի կողմից աշխատանքի իրավունքի, ներառյալ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում հարուցվել է 532 վարչական վարույթ, որից 255–ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, 277–ը՝ դիմումների հիման վրա։ 2022-ի առաջին եռամսյակում հարուցել է 322 վարչական վարույթ, որից 229-ը տեսչականի նախաձեռնությամբ, իսկ 93-ը՝ տեսչական մարմնի ստացած դիմումների հիման վրա»։

2021-ին վարչական վարույթների հիման վրա նշանակվել է ընդհանուր 24 մլն 400 հազար դրամ տուգանք։ 2022-ի առաջին եռամսյակում այդ թիվը դեռ 17 միլիոն դրամ է։ Տեսչական մարմնից տեղեկացնում են՝ ստուգումների առիթ հիմնականում դառնում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից ուղարկված արձանագրությունները, Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունները և իրավախախտումների մասին լրատվամիջոցներում հրապարակած նյութերը։ Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսվում է 2022-ին իրականացնել 407 ստուգում, որոնցից 235-ը աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության, իսկ 172-ը՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության բնագավառներում։ Հակոբյանը խոսում  է նաև հիմնական խնդրահարույց ոլորտների մասին։

«Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում առավել ռիսկային ոլորտներ են հանքագործական արդյունաբերության, մշակող արդյունաբերության և շինարարության ոլորտները, իսկ աշխատանքի իրավունքի ոլորտում ռիսկային են համարվում հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության ոլորտը, ցամաքային տրանսպորտի և առևտրի ոլորտները»։

Տեսչական մարմնից տեղեկացնում են՝ քաղաքացիները հաճախ բողոքում են այն ժամանակ, երբ արդեն դուրս են գալիս աշխատանքից, հազվադեպ են դեպքերը, երբ աշխատողը փորձում է վերականգնել իր իրավունքները և շարունակել աշխատանքը նույն ընկերությունում։ Քաղաքացիներից ստացած բողոքների բովանդակության մասին պատմում է աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

«Դիմում-բողոքները հիմնականում ստացվում են քաղաքացիներից, երբ արդեն աշխատանքից ազատվում են, դրա համար դրանց գերակշիռ մասը վերաբերում է վերջնահաշվարկ չկատարելուն, ամենամյա արձակուրդներ չտրամադրելուն և գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու ընթացակարգերի խախտմանը»։

2020-ի հուլիսին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին։ Այդ շրջանից տեսչական մարմինը սկսեց դիմումների հիման վրա վերահսկողություն իրականացնել աշխատանքային իրավունքի ոլորտում։ 2020-ին ստացան 93, 21-ին՝ 277, իսկ 22-ին՝ դեռ 93 դիմում։ Սակայն աշխատանքային իրավունքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելու իրավասություն մարմնին վերապահվեց 2021-ի հուլիսի մեկից։ Ավելացված լիազորություններին զուգահեռ ավելացավ նաև տեսուչների քանակը․ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյան․

«Նոր լիազորությունների վերապահմանը համընթաց տեսուչների հաստիքների քանակն ավելացավ 60-ով։ Այդ հաստիքները լրացվում են համապատասխան մասնագետներով։ Այնուամենայնիվ, բավական ծանրաբեռնված են աշխատում տեսուչները, քանի որ վերահսկողական պրոցեսները շատ ինտենսիվ են գնում և հուսով եմ, որ ամբողջական համալրումից հետո կկարողանանք նաև ավելի մեծ ծավալով աշխատանք կատարել»։

Իգիթ Հակոբյանի խոսքով՝ տեսչական մարմինը օրական 20-25 քաղաքացիների հեռախոսազանգի է պատասխանում։ Ակնկալում են, որ քաղաքացիների՝ ավելի իրավագիտակից ու պահանջատեր դառնալուց հետո կնվազեն նաև իրավախախտումների դեպքերը։

Back to top button