ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Շուրջ 2 շաբաթ ընդդիմադիր տարբեր ուժեր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր էին իրականացնում։

Հայաստանի 4 տարբեր ուղղություններից` Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները այսօր հասել են Երևան և միացել մայրաքաղաքում ակցիաներ իրականացնող խմբերին։

Փողոցային պայքարին մասնակցում են ինչպես խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների, այնպես էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ և արտախորհրդարանական ընդդիմադիր այլ ուժեր։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ հիշեցնելով որ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։

ՀՀ ոստիկանությունը հորդորել է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները՝ նշելով, որ դա բխում է հասարակական անվտանգության շահերից։

Back to top button