ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը շնորհավորել է աշխատանքի օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատանքի օրվա կապակցությամբ` մաղթելով արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։

«Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն։

Հայերս միշտ աչքի ենք ընկել բացառիկ աշխատասիրությամբ, բարեխղճությամբ, հմտությամբ, գործարար և ստեղծագործ հատկանիշներով։

Աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները, իրավամբ, ունեն աշխատելու, ստեղծելու և արարելու բարի համբավ, իրենց ոլորտներում հասնում են հաջողությունների՝ վայելելով համընդհանուր հարգանք և վստահություն։

Այսօր մեր առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է՝ տնտեսության զարգացումը, երկրի կարողությունների ընդլայնումը, և այդ ճանապարհին անհրաժեշտ է գործի դնել ազգային այն որակները, որոնք գնահատում և որոնցով հիանում է ողջ աշխարհը։

Ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը, գործազրկության և աղքատության հաղթահարումը շարունակում են արդիական մնալ մեր երկրում։

Անելիքները շատ են և, այդուհանդերձ, առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը։

Կարևոր է պետության և գործարար համայնքի համագործակցության զարգացումը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության բարձրացումը։

Վերստին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։

Ամենայն բարիք բոլորիս ընտանիքներին»,-ասել է ՀՀ նախագահը։

Back to top button