Ծովահայեր

Ջրի հատակին բոլոր առարկաները՝ ավելի մոտ ու ավելի մեծ. վտանգավոր խորություն. «Ծովահայեր»

Ուրիշ իրականությունում ուրիշ կանոններ են գործում։

Ջրում մարդու մարմնի զանգվածի կորստի պատճառով, լողայնության ուժի շնորհիվ շատ դժվար է կոորդինացնել շարժումները։

Ջրի տակ այլ է նաև պատկերների ընկալումը։

Սուզորդի տեսողությունը ջրում ապահովում է դիմակնոցը, սակայն դրա ապակիով անցնելիս ճառագայթները բեկվում են, բոլոր առարկաները թվում են ավելի մոտ և մոտավորապես 25 %-ով ավելի մեծ:

Սուզորդի օրգանիզմի վրա մեծ ազդեցույթուն ունի ջրի ճնշումը։ Մակերևույթին ջրի ճնշումը 1 մթնոլորտ է, յուրաքանչյուր 10 մետր խորանալիս ավելանում է ևս 1 մթնոլորտով։ 10 մետր խորության վրա սուզորդը զգում է 2 մթնոլորտ ճնշում, 20 մետրում՝ 3 մթնոլորտ ճնշում և այդպես շարունակ։

Եթե պատկերավոր ներկայացնենք օրգանիզմի փոփոխությունները թոքերի օրինակով, կունենա հետևյալ տեսքը.

  • 10 մետր խորությունում սուզորդի թոքերի ծավալը կկրճատվի ուղիղ հիսուն տոկոսով,
  • 20 մետրում թոքերը կսեղմվեն՝ կազմելով իրենց ծավալի մեկ երրորդը և այդպես շարունակ,
  • 60 մետր խորության վրա սուզորդի թոքերի ծավալը կսեղմվի անհավանական չափերի՝ կազմելով իրական ծավալի ընդամենը 14 տոկոսը։

Այնուհետև բարձր ճնշման գոտուց ցածր ճնշման գոտի անցնելիս կամ, ավելի պարզ ասած, ջրի մակերես բարձրանալիս, անհրաժեշտ է պահպանել անվտանգության պարտադիր կանգառները, այլապես սուզորդին կթիրախավորի ապաճնշումային հիվանդությունը, ինչն առավել հայտնի է որպես կեսոնային հիվանդություն կամ սուզորդի հիվանդություն։

Բարձր ճնշման գոտում արյունը և հյուսվածքները հագենում են ազոտով կամ հելիումով, որը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև շնչած օդում այդ գազերի ճնշումը հավասարվում է հյուսվածքներում եղած դրանց ճնշմանը։ Սովորաբար դա տևում է մի քանի ժամ, ընդ որում՝ հյուսվածքներն ազոտով կամ հելիումով հագենում են տարբեր արագությամբ։ Օրինակ՝ արյունն ավելի արագ է հագենում, քան ճարպային հյուսվածքը, բայց վերջինը 5 անգամ ավելի շատ է ազոտ լուծում, քան արյունը և մյուս հյուսվածքները։ Հյուսվածքների հագեցումն ազոտով մինչև 4 մթն. ճնշման դեպքում (բարձր ճնշում ստեղծելու կանոնները պահպանելով) օրգանիզմի վրա վնասակար ներգործություն չի ունենում։

Սակայն բարձր ճնշման վայրից ցածր ճնշման գոտի շատ արագ անցնելիս լուծված ավելցուկային ազոտը չի հասցնում թոքերի միջոցով արտազատվել, որի հետևանքով արյան և հյուսվածքների գազերը լուծված վիճակից անցնում են գազանման վիճակի՝ առաջացնելով պղպջակներ։

Հիվանդության ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս բարձր ճնշման գոտուց դուրս գալու 1-ին ժամվա ընթացքում, բայց հաճախ՝ նաև ավելի ուշ։ Հիվանդությունն արտահայտվում է մաշկի քորով, հոդերի ու մկանների ցավերով։ Ամենածանր ախտանշաններն առաջանում են գլխուղեղի, թոքերի և կենսական կարևոր մյուս օրգանների արյունատար անոթները գազային պղպջակներով խցանվելիս։

Այս ամենից խուսափելու կամ սուզումը հաճելի ժամանցի վերածելու համար միջազգային սուզորդական կազմակերպությունները հազարավոր փորձերի ու նույնիսկ մահերի արդյունքում կազմել են աղյուսակներ, կոչվում են «Պլանավորիր սուզումներդ կամ սուզվիր պլանավորված», որոնց հետևելով սուզորդները չեն ունենա որևէ խնդիր։

Սուզորդական հիվանդության, վտանգավոր խորությունների ու Հայաստանում առաջին ապաճնշումային բուժսարքավորման մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում են ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, սուզորդ Արտակ Էլմասակյանը և Բժիշկ Հովհաննես Ասլանյանը։

Back to top button