ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Նշվել է, որ Ֆրանսիայում ապաստան են գտել 20-րդ դարի առաջին ցեղասպանության արհավիրքներով անցած հազարավոր հայեր և նրանց սերունդները։

Այս համատեքստում դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ ընդգծել է ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։ Արարողությանը ներկա են եղել և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել նաև սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Սոի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, Շատենե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Բուրգ-լա-Ռենի քաղաքապետ Պատրիկ Դոնաթը, Վերիեր-լը-Բուիսոնի քաղաքապետ Ֆրանսուա Գի Տրեբուլեն և այլք։

Back to top button