ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ հեռացավ Բաբայանը․ իշխանությունը դեռ տեղյակ չէ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44–օրյա հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետագա աշխատանքներին։ Հանձնաժողով նա հրավիրվել էր որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ։

Իշխանության առաջարկով և ղեկավարությամբ խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը ձևավորման պահից  կանգնել է կազմին առնչվող խնդիրների առջև։ Նախ՝ աշխատանքը բոյկոտեց ընդդիմությունը՝ հարցականի տակ դնելով հանձնաժողովի  լեգիտիմությունը։ Հետո՝ նման հայտարարություններ հնչեցին արտախորհրդարանական ուժերից։

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները դեռ չգիտեն, թե ինչն է ստիպել Արցախի ՊԲ նախկին հրամանատար,  «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին հրաժարվել հանձնաժողովում աշխատելու որոշումից։ Ինքը՝ Բաբայանը, առայժմ հարցազրույցներ չի տալիս, ասում է՝ ժամանակը գա, կխոսի։ Նրա հայտարարությունից միայն հայտնի է՝ մի քանի պատճառ կա, որոշումը անձնավորված չէ, խոսում է «խաղի կանոնների» փոփոխության և «թիրախավորումների» մասին։

Մինչդեռ մինչև վերջերս հանձնաժողովում Բաբայանի մտադրությունները աշխատանքային էին ու «մարտական» և չէին համընկնում ընդդիմության՝ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու որոշման հետ։ Այդ ժամանակ Բաբայանն ասում էր․

«Այ նրանք, ովքեր «գեներալսկի» ուսադիրներ ունեն, որ գան, տեսնելու եք, որ նրանք ընդդիմություն չեն, իրենք բոլոր առումներով մասնակից են։Այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել մարտի դաշտում այս պատերազմի ընթացքում։ Այնպես որ, հանգիստ եղեք, ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն։ Իրենք մասնակից են։ Թողեք դա և խնդրում եմ, որ միշտ ճիշտ շեշտադրում անեք»։

Հանձնաժողովի ձևավորման ժամանակ հանձնաժողովի ղեկավար Անդրսանիկ Քոչարյանը  հրապարակավ կարևորում էր աշխատանքներին հենց Բաբայանի մասնակցությունը։

«Պարոն Բաբայան, ձեր ներկայությունը՝ որպես անկախ խորհրդատու, շատ կարևոր է լինելու»։

Բաբայանը հանձնաժողովի կազմում ընդգրկվել էր որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ։ Վարչապետի հետ պարբերական հանդիպումների ձևաչափին մասնակցող  11 ուժերից ընտրվել են 3–ը՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Բացի Սամվել Բաբայանից աշխատանքներին մասնակցում են նաև «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն ու «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Հեռախոսազանգով նրանց մտադրությունները պարզել առայժմ չի հաջողվում։

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակների մասին խոսվում էր այն ժամանակ, երբ դեռ չէր ձևավորվել 8–րդ գումարման խորհրդարանը։ Հանձնաժողովն ստեղծվել է փետրվարի 10–ին, ունեցել է ընդամենը 2 դռնբաց նիստ և աշխատանքային, տեխնիկական հանդիպումներ։ Նախատեսում են առարկայական քննարկումների անցնել արդեն հաջորդ շաբաթվանից։

Հանձնաժողովի անդամներն ու ղեկավարը բազմիցս հայտարարել են, որ 44–օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով կհրավիրվեն ՀՀ և Արցախի պաշտոնյաները, անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր կուղարկեն՝ հաստատել էր Անդրանիկ Քոչարյանը։

Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է պարզել աշխատանքների ընթացքում։ Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը վաղուց առանձնացրել է իրեն հետաքրքրող հարցերը՝ ըստ կարևորության.

«Օրինակ, Գորիսի և Կապանի տարածքում մինչև պատերազմը որքանով չեն սխալվում 2016 կամ 2017 թթ–ին եղել են զորամասեր, գնդեր, բավականին համալրված և բավականին մարտունակ գնդեր են եղել, բայց 2016–17 թթ–ին այդ գնդերը վերացվեցին։ Ինչո՞ւ համար Սյունիքում, ռազմավարական նշանակություն ունեցող այդ տեղանքում այդ գնդերը հանվեցին։ Իմ դիտարկումներով վստահ եմ, որ այդ գնդերի բացակայությունը պատերազմի ժամանակ, քանի որ առաջին մեծ հարվածը վերցրել էր առաջին բանակային կորպուսը Ջաբրաիլի շրջանում, այ հենց առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումներ են եղել դրանք։ Կոնկրետ ինձ համար դա մեծ հարց է և հաստատ ես այս հարցը ուղղելու եմ համապատասխան պաշտոնյաներին՝ ինչո՞ւ են այդ զորամասերը վերացվել»։

Մինչ քննիչ հանձնաժողովը դեռ կազմին առնչվող խնդիրներ ունի, իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը, նույնպես կոնկրետ հարցադրումով արդեն դիմել է հանձնաժողովին։ Ընդդիմադիրների ցույցերի ժամանակ լսելով զոհված հերոսների ծնողներից մի քանիսի ելույթը, որտեղ պնդում կա, թե տղաներին ասել են, որ հողերը հանձնված են, կռվելն իմաստ չունի, պատգամավորը պատրաստվում է առաջարկել, որպեսզի քննիչ հանձնաժողովը լսի բոլոր նման պնդում անող տղաներին, քննի, թե ումից են լսել այդ հայտարարությունները, ո՞վ է տարել այդ դավաճանական քարոզը պատերազմի ժամանակ, ու՞մ հարազատը՝ եղբայրը, որդին, բարեկամը, ու փորձել հասկանալ, թե այդ քարոզը տարածների հարազատներն ու բարեկամները կամ ինքն անձամբ, օրինակ՝ նոյեմբերի 9-ին, եղե՞լ է շենքեր գրավող խմբի մեջ և արդյո՞ք հիմա ներգրավված են ընդդիմության շարժման մեջ։

Քննիչ հանձնաժողովի ձևավորման պահից ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին՝ կասկածի տակ դնելով աշխատանքների լեգիտիմությունը։ Ընդդիմադիրներն ակնկալում էին, որ իշխանությունը վերահսկողական գործիքը կտա իրենց, բայց իշխանությունը հայտարարում է, որ ավելի շահագրգռված է պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները։

Back to top button