ԿարևորՀասարակություն

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղում կյանքի որակը լավացել է, բայց արտագաղթը չի նվազել  

Ֆերիկն Արմավիրի  մարզի միակ չմիավորված համայնքն է, որտեղ ապրում են բացառապես եզդիներ:  Ազգային փոքրամասնությամբ համայնքը գրեթե ամբողջ տարին զբաղված է հողագործությամբ ու անասնապահությամբ,  թեպետ արոտավայրեր չունեն: Գյուղի 205 հա արոտավայրը տարիներ առաջ օտարվել է, այս որոշումն  արդեն 2 տարի վիճարկվում  է դատարանում: Կառավարության սահմանած արտոնությունների համաձայն՝  փոքր բյուջե ունեցող համայնքում առաջին անգամ սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու: Կյանքի որակը փոխվել է, բայց Ֆերիկից շարունակում են հեռանալ:

Եզդիաբնակ փոքր համայնքում օրնիբուն զբաղված են՝ անասուն են պահում ու հող մշակում: Ամեն ինչ հասցնում են ժամանակին: Հողերը քիչ են՝ ընդամենը 200 հա, որից ոչ մի թիզն անմշակ չեն թողնում:  Հիմա բաց  դաշտերում  ու տնամերձ հողամասերում  կանաչել են թարխունը, համեմը, սոխն ու մաղադանոսը: Երեկոյան քաղում են, կապում, վաղ առավոտյան մեծածախ շուկա գնում: Մինչև Համբարձման տոնը չեն դժգոհել՝ կանաչին լավ է վաճառվել՝ օրական 1000 կապ:  Հիմա վաճառք չկա՝ ասում  է զրուցակիցս: Նա չցանկացավ ներկայանալ.

«Տանում ենք շուկա ու հետ բերում, չի վաճառվում:  Մեյմանդարի մեծածախ  շուկայում շարժ չկա: Ովքեր առնում էին, նրանք հիմա ցույցերի են մասնակցում: Զատիկից հետո է այս վիճակը, իսկ մինչև Զատիկ՝ վաճառքը մի ժամ  էլ չէր տևում»:

Կանաչի մշակելը հեշտ գործ չէ, արևի տակ երկար  աշխատում են մարգերի մեջ, մաքրում մոլախոտերից։ Համեմ ու մաղադոնոս միշտ ունեն, իսկ թարխունի մշակությունն այլ է՝ մի տարի սպասում են, երկու ամիս՝ վաճառում.

«Թարխունի սածիլները հողում մայիս ամսին ենք դնում, հաջորդ տարվա մայիսին վաճառում: Ուղիղ մեկ տարի մնում է: Ընթացքում մենք ջրում ենք, պարարտացնում, քաղհան անում, սրսկում միջատների դեմ: Հաջորդ տարվա ապրիլին էտում ենք ու սկսում քաղել»:

Թարխունից հետո  շուկա են տանում  կարտոֆիլը, բայց այս գարնանը տեղացած  անսպասելի ձյունը հետաձգել է  կարտոֆիլի վեգետացիան, բույսը ցրտահարվել էր:  Վաղահաս կարտոֆիլն այստեղ բաց դաշտում են ցանում, ջերմոցներ գրեթե չկան: Ֆերիկում հողը տարվա մեջ երկու անգամ են մշակում:  

«Կարտոֆիլը, որ հանում ենք, հուլիս-օգոստոսին արդեն վարունգ ենք ցանում, տանջանքը շատ է»:

«Ցորենը քաղում ենք, վարում, հետո կարմիր լոբի ցանում: Եկամուտն ավելի շատ է՝ տնից կիլոգրամը 1000 դրամով վաճառում ենք»:

Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանն ասում է, որ գյուղի 128 հա վարելահողերից  30 հա–ն ցորեն ու գարի է, 30 հա–ն՝ առվույտ: Անցած տարի ջրի պակասի պատճառով անասնակեր քիչ քաղեցին,  արոտավայրեր չունեն:  Ֆերիկի  205 հա արոտավայրը տարիներ առաջ խաբեությամբ  օտարվել է, ապա վերավաճառվել: Սիրիացի նոր սեփականատիրոջ հետ վեճը հիմա քննվում է  վերաքննիչ դատարանում: Եզդիաբնակ  փոքր համայնքում 1000 գլուխ մանր ու խոշոր եղջերավոր  անասուն են պահում, կաթը՝ 190 դրամով վաճառում  ֆերմերներին:  Գյուղում երիտասարդներ քիչ կան, Ռուսաստան են գնում: Տան դռները հերթով փակվում են.

«Դիմացի տունը,  մյուս երկհարկանի տունը,  անկյունի տունը, բոլոր Ռուսաստանում են: Իմ երեք տղաներն էլ են գնացել, մենք էլ ենք գնալու, մնանք ինչ անենք, առանց երեխա, առանց թոռ: Տղաներս այնտեղ ջերմոցներ են հիմնել ու լոլիկ են մշակում: Լավ են ապրում»:

99 տնտեսությունից 47-ի դռները  փակ են:  ֆերիկում կյանքի որակն աստիճանաբար լավացել է, բայց արտագաղթը չի կանգնել:  Անցած տարի Եվրասիական զարգացման բանկի  «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով» գյուղում կառուցվել է 2250մ ոռոգման  կիսախողովակային ցանց:  Ծրագիրն իրականացրել են բարերարի աջակցությամբ՝  ասում է համայնքի ղեկավար  Ռուստամ Հասանյանը.

«Քանի որ մեր համայնքը փոքր է և բյուջեն քիչ է, չէինք կարող պահանջվող  10 տոկոս ներդրումն  անել:  Եվրասիական զարգացման բանկի ծրագրի արժեքը  100 հազար դոլար էր և 10 հազար դոլարը մենք պետք է վճարեինք, բայց  մեր բյուջեում ընդամենը 4000 դոլար ունեինք: 6000 դոլարը վճարեց  մեր բարերար Միրզա Սլոյանի որդին»:

Ֆերիկն այս տարի մասնակցելու է սուբվենցիոն ծրագրի․ արտաքին լուսավորություն են անցկացնելու: Փոքր բյուջե ունեցող համայնքներին Կառավարությունն արտոնություններ է տվել՝պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնելով 10 տոկոսով:  Արմավիրի մարզպետարանի  զարգացման ծրագրերի , զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյան.

«Քանի որ այդ համայնքը բյուջե չունի, շատ փոքր է և շատ էինք ուզում, որ ծրագրին մասնակցվի, ներկայացրել է մեկ ծրագիր:  Ամբողջական  փաթեթն արդեն  ՏԿԵ նախարարությունում է: Ծրագրի արժեքը 4 մլն 600 հազար դրամ է, որի 55 տոկոսը համաֆինասավորելու է պետությունը, 45 տոկոսը՝  համայնքը»:

Ծրագրի հաստատումից հետո  գյուղի 6 փողոցները կլուսավորվեն. անցկացվելու է 2 կմ արտաքին լուսավորության ցանց, տեղադրվելու են  էներգախնայող 39 լեդ լամպեր և հենասյուներ: 400 բնակիչ ունեցող գյուղում խանութ  ու դեղատուն չկա: Ֆերիկի գյուղապետը պատրաստ է աջակցել նրանց, ովքեր կցանկանան գյուղում առևտրի կետ բացել: Այնուամենայնիվ, գյուղացիներն ասում են.

«Հայաստանից լավ տեղ չկա, միայն խաղաղություն լինի Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ: Թող խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի»:

Back to top button