ԿարևորՄիջազգային

«Բուլլինգի մասին՝ մշակույթի և մեդիայի լեզվով». տեղի կունենա «Չուչել» ներկայացման պրեմիերան

Երևանի Հ․ Ղափլանյանի անվ․ Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Այս բեմադրությամբ «Գլոբալ թու լոքալի» հիմնադիր և ղեկավար Իրինա Ալեվերտը և ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը ցանկանում են մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող և շատերի համար դեռևս անծանոթ «բուլլինգ» երևույթի և դրա երկարատև բացասական հետևանքների մասին։

Ներկայացման գաղափարի համահեղինակն է Իրինա Ալեվերտը։ Բեմականացման հեղինակներ՝ Գրիգոր Խաչատրյան, Էմմա Մանուկյան։ Ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան։

«Չուչել» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Լևոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ադամյանը:

«Չուչել» ներկայացման գաղափարի համահեղինակ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը նշում է՝ եթե չլիներ Իրինա Ալեվերտը, այս գործին, հավանաբար, անդրադրարձ չարվեր։

«Մենք փորձել ենք լինել անկեղծ, ստեղծել մի ներկայացում, որը հնարավորություն տվեց խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Ես և Էմմա Մանուկյանը պիեսը զրոյից ստեղծեցինք՝ գրական հիմք ունենալով, սակայն այն ավելի արդիական ու ժամանակակից դարձնելով։ Յուրաքանչյուր գործ ցանկանում եմ տեսնել այսօրվա պրոյեկցիայի մեջ, տեսնել այսօրվա մարդուն․ ահա թե ինչու է այն ադապտացվել մեր օրերի համար»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ փորձել են լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչով է մտածում և այլն։ Ռեժիսորի խոսքով՝ բոլոր խոսակցությունները, լեզուն մոտ են մեր օրերին։

«Վերջին երկու տարիների ընթացքում «Գլոբալ թու լոքալը» Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպել է բուլլինգի կանխարգելմանը նվիրված վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական հինգ դպրոցների ուսուցչական կազմերի համար։ «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ միևնույն դպրոցներում ցուցադրվել են բուլլինգի բացասական հետևանքների մասին ուսուցողական ինտերակտիվ ներկայացումներ։ Որպես լրացուցիչ կրթական և իրազեկման նյութեր, նկարահանվել են նաև ուսուցողական հոլովակներ, որոնք մինչ օրս շարունակում են օգտագործվել դպրոցներում՝ կրթական ծրագրերի երկարատև ազդեցությունն ապահովելու համար»,-նշում է Իրինա Ալեվերտը։

Դերասանուհի Մարիամ Ադամյանը ներկայացման մեջ մարմնավորում է դասղեկի՝ ընկեր Մարգարիտայի կերպարը։ «Իմ հերոսուհին պետք է ամուսնանա և իր անձնական խնդիրներով այնքան է տարված, որ չի նկատում, թե ինչ է կատարվում իր դասարանում, ինչպես են երեխաներից մեկին բուլլինգի ենթարկում։ Այս ամենի հիմքում, իհարկե, կանխամտածված ոչինչ չկա, սակայն երբեմն մարդու անձնական խնդիրները թույլ չեն տալիս տեսնել դիմացինի ցավը։ Եվ այս պարագայում դասղեկը ոչինչ չի նկատում։ Սակայն, կարծում եմ, որ ցանկացած պարագայում ուսուցիչը պետք է մի կողմ դնի իր անձնական խնդիրները և դպրոց մտնի այն գիտակցությամբ, որ պետք է ուշադիր լինի երեխաների նկատմամբ։

Ուսուցչի աչքն է առաջին հերթին նկատում այն ամենն, ինչ կատարվում է դպրոցում երեխաների շրջանում և լավ ուսուցիչը միանգամից պետք է հասկանա դասարանում տիրող մթնոլորտն ու իր գործողություններով կանխի հնարավոր բուլլինգը որևէ երեխայի նկատմամբ»,-նշում է նա։ Ադամյանի խոսքով՝ մշակույթի միջոցով կարելի է խոսել շատ կարևոր բաների մասին, այն կարող է շատ կարևոր դեր խաղալ բռնության դեմ պայքարի հարցում։ Դերասանուհին վստահ է՝ թե՛ երեխաները, թե՛ ծնողները շատ բան կքաղեն ներկայացումից։ Եվ շատ եզրակացություններ կարող են անել նաև մանկավարժները, ովքեր իրենց ճիշտ վարքով կկարողանան կանխել ցանկացած երեխայի բուլլինգը դպրոցում։

Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել 1983-ին: Ստեղծագործության գործողությունները ծավալվում են դպրոցում՝ ներկայացնելով 6-րդ դասարանցիների առօրյան: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:

Back to top button