Արցախյան հարսանիքներ

Ապագան՝ երեխա ունենալու մեծ պատասխանատվությամբ. «Արցախյան հարսանիքներ»

Անի Մինասյան

Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Արցախում ապրողներից շատերն ապագայի հանդեպ վախեր ունեն։ Այդ վախը, հիմնականում, դրսեւորվում է որեւէ նոր գործ չնախաձեռնելով, երկարաժամկետ պլաններ չգծելով ու այսօրով ապրելով։

Երիտասարդ զույգերի մոտ այդ վախը հիմնականում արտահայտվում է երեխա ունենալ- չունենալու երկմտությամբ։ Այդ զույգերից շատերը հասկանում են, որ առանց երեխաների իրենց ընտանիքը լիարժեք երբեք չի կարող լինել, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ անորոշությունը նորից «հաղթում է»։

Երեխա ունենալն Արցախում դարձել է ապագայի հանդեպ ունեցած վախերի ու անորոշության հաղթահարման ամենավառ ապացույցը։

Ապագան և՛ երեխաներով, և՛ առանց նրանց

Վանը գլխարկը մեր ամբողջ խոսակցության ընթացքում չէր հանում։ Ընդհանրապես, ես Վանին առանց գլխարկի հազվադեպ եմ տեսել։

«Եթե նկարելուն չի խանգարի,- հարցնում է Վանը,- գլխարկս չհանեմ»։

Մեր զրույցի սկզբում ես ավելի շատ էի խոսում, տալիս հարցեր։ Վանի պատասխաններն սկզբում ավելի կարճ էին, տպավորություն ունեի, որ չի կարողանում մինչեւ վերջ բացվել։

«2016-ից հետո սկսեցի մտածել, որ էգոիստ եմ։ Հա մտածում էի, բա որ երեխաներ ունենամ, բա որ մի բան լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց եմ դուրս գալու։ Բայց մյուս կողմն էլ կա»։

Կա, ու մենք սկսում ենք խոսել ապագայի, երեխաներ ունենալու պատասխանատվության ու վախերի մասին։

«Ես չափից դուրս պատասխանատվության զգացողություն եմ ունեցել, միշտ։ Ապրիլյանից հետո մտածում էի, որ ես ինքս հավաքվելու ու փոքրիկ քայլերով նորից երջանկանալու կարիք ունեմ, ուր մնաց երեխա ունենամ։ Էս վերջին պատերազմն ավելի սրեց ամեն ինչ»։

Վախը, անհանգստությունը, անորոշությունը, պատասխանատվության զգացողությունը, բոլոր զգացողություններն են սրվել։ Ու սրված այս իրավիճակում չգիտես՝ ինչ անել։

Ինչ էլ անում ես, նույն կետին ես գալիս։

«Էգոիստ եմ էլի, մենակ իմ մասին եմ մտածում, բայց հա’մ երեխա ունենալը, հա’մ չունենալը, երկուսն էլ էգոիստություն ա։ Ուրիշ ոչինչ»։

Վանը շտապում էր, մեր խոսակցությունից հետո պիտի հետ դառնար Ստեփանակերտ։

-Նորի՞ց մենակ,- հարցնում եմ հույսով, որ կասի չէ։

-Նորից մենակ, ցրտերն անցնեն, ամռաը գալու հետ կամուսնանանք,- պատասխանում է։ -Բայց մի բան էլ ասեմ, ինչքան էլ դժվար լինի, պիտի փորձեմ իմ մեջ բոլոր դժվարությունները հաղթահարել։ Դե, եթե էգոիստություն, գոնե երեխա ունենալով դա արտահայտվի,- ծիծաղում է։- Երեխաներին միշտ եմ սիրել, բայց հիմա սկսել եմ էլ ավելի շատ սիրել։

Շա՜տ-շա՜տ սիրել։

Ապագան շատ երեխաներով, ներկան՝ վախերով

Դժվար թեմայից առաջ թեթեւ խոսակցություն ունենալն օգնում է, մտածում եմ ես ու սկսում խոսել ապագայի մասին։

«Մեր մեղրամսից հետո վերադարձանք էստեղ,- ասում է Լիլիթը,- ու էլ չենք գնացել ոչ մի տեղ։ Գնալու իմաստ արդեն էլ չենք տեսնում։ Չունենք ուրիշ ոչ մի տեղ, էստեղ ա մեր տունը։ Ո՞ւր գնանք։ Հիմա ամեն տեղ պատերազմ է, ոչ մի տեղ ապահովագրված չես»։

Արմենը մի քանի անգամ գլուխը դրական շարժեց` այս կերպ հաստատելով Լիլիթի ասածը։ Զգում եմ, որ Արմենի ու Լիլիթի քայլերում միանձնյա որոշումներ կայացնող չկա. իրենք երկուսով են հանգում մի կետի, հաշվի առնում իրար ու փորձում ստեղծել մի միջավայր, որտեղ երկուսն էլ ասելիք ու անելիք ունեն։

Արմենը շարունակում է, լրացնում կնոջ միտքը։

«Վերադառնալով էստեղ` մենք ամեն ինչ թողել ենք կյանքին, ինքնահոսի, անջատվել ենք։ Շուշիի մոտով անցնելիս ենք նորից վերապրում, նորից հիշում։ Ու ես վստահ եմ, որ էստեղ մնացողը միշտ էլ մտածում ա, որ դրսում լավ ա»։

Բայց գնալու մասին մտքեր եղել են, շտապում են անկեղծանալ երկուսն էլ։ Ընդհանրապես, ասում են, պատերազմից հետո մտքերն ու մտավախություններն են շատացել, դրա համար ցանկացած միտք էլ ունենում են։

Ու շատացել է պատասխանատվությունը, հատկապես՝ իրենց կյանքում։

«Երեխան մեծ պատասխանատվություն ա, ունենալը հեշտ ա, պահելն ա դժվար։ Էդ պատասխանատվությունը վերցնելն ա դժվար,- ասում են, ու էլի շտապում խոսել։

-Պատասխանատվությունից չենք փախչում, բայց էս անորոշ ապագայում, անորոշ ներկայում դժվար ա պլանավորել երեխա ունենալ։ Կամ լավ, ունեցար՝ ո՞նց ես պահելու, ի՞նչ միջավայրում»։

Սրանք հարցեր են, որ ամեն երեկո Արմենի ու Լիլիթի փոքրիկ ընտանիքի քննարկման թեմաներն են։

Տան ավագներին իրենց երեխա ունենալ-չունենալու թեմաներից փորձում են հեռու պահել։ Ուզում են, որ որոշում կայացնողները միայն իրենք՝ ջահելները լինեն։

Դեռ չեն կողմնորոշվել։ Չգիտեն՝ վերցնե՞լ պատասխանատվություն, թե՞ դեռ սպասել։

Ամեն ինչ թողել են կյանքին, ինքնահոսի ու ժամանակավորապես անջատվել են իրական կյանքից։ Դա օգնում է երկուսին էլ։

Հեշտ տրվող հարցեր` դժվար թեմաների մասին

Մարիամի հետ հասանք խոսակցության վերջին, սկսեցի ապագայից ու երեխաներից հարցեր տալ, ասաց՝ երեւի հենց այս հարցերի համար էլ Հովիկը չուզեց խոսել։

«Հարցազրույցի էի մի աղջկա հետ, որ պատերազմից հետո երկվորյակներ է ունեցել Արցախում, ու հասկացա՝ ինչ մեծ պատասխանատվություն է պատերազմից հետո, հատկապես Արցախում, հղիանալը»։

Զգում եմ, որ խնդիրը ոչ թե թեման է, այլ այն մարդիկ, ովքեր տալիս են հարցեր, որ հաճելի չեն` մեղմ ասած։ Այլեւս երեխա ունենալուց չեմ խոսում։ Խոսում ենք միայն ապագայից։

«Ես չգիտեմ՝ պատերազմից անմիջապես հետո ինչ են զգացել կամ զգում այն ծնողները, որոնք գիտեն, որ տղա են ունենալու, բայց մյուս կողմից,- շարունակում է Մարիամը,- իմ ծնողներն էլ են ամուսնացել առաջին պատերազմի ժամանակ, ու ես ծնվել եմ պատերազմից ու հրադադարից անմիջապես հետո։ Ես ինչո՞վ եմ լավը իրենցից, որ մտածեմ, որ չէ, ես էստեղ պիտի չապրեմ։ Գուցե իմ երեխաները մեղադրեն ինձ իմ ընտրության համար, բայց թող հետո իրենք էլ իրենց ընտրությունը կատարեն»։

Ապագայի մասին խոսակցությունը թողնում եմ, որ շարունակվի։ Այնտեղ մե’կ է, կան երեխաներ, պատասխանատվություն, անորոշության զգացողություն, վախեր ու, մե’կ է, հավատ կա։

Հարցնում եմ՝ քո զավակներին ձեր հարսանիքի մասին ի՞նչ ու ինչպե՞ս կպատմեք։

«Ես հույս ունեմ, որ իմ ապագա սերունդների հետ Ղազանչեցոցի մասին անցյալով, հեռվից չենք խոսի։ Չգիտեմ՝ մեր պատմությունն ինչ նշանակություն կունենա մեր սերունդների համար, բայց մեզ համար այն շատ անձնական է, շատ կարեւոր»։

Նկատում եմ, որ Մարիամի հետ ինչից էլ խոսենք, վերջում խոսում ենք Շուշիի մասին։

«Ինձ ասում են, գիտե՞ս՝ Շուշին քեզ հետ ենք ասոցացնում։ Գիտեմ, որ ինձ հետ ուզում են Շուշիից խոսել։ Ինձ դա դուր է գալիս»։

Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն ասում է՝ 2021 թվականին գրանցվել է 1555 ծնունդ. «Ծնվածներից 680-ն արական սեռի ներկայացուցիչներ են, 875-ը՝ իգական: Գրանցվել է 11 երկվորյակ երեխայի ծնունդ: Ծննդյան ակտերի գրանցումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղա երեխաների ամենատարածված անուններն են Դավիթը, Նարեկը և Տիգրանը, իսկ աղջիկներինը՝ Նարեն, Մարիան և Մանեն»։

Այս նախագիծն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի՝ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնվում է Միջազգային Ալերտի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։  

Ցուցադրել ավելի
Back to top button