ԿարևորՀասարակություն

«Artsakh STEM Expo». գիտակրթական տոն Արցախում

Մայիսի 8-ին Մարտակերտում առաջին անգամ անցկացվելու է «Artsakh STEM Expo» միջոցառումը։ Նպատակը,  ըստ նախաձեռնողների,  դպրոցականների և ուսանողների շրջանում   գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, գիտական, ինժեներական ու  IT ոլորտներին ավելի մոտիկից ծանոթանալը։

Expo-ն մի քանի բաղադրիչներ է ունենալու՝ ցուցահանդեսներ, քննարկումներ, նաև՝ Արցախի գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ։

Մեկ շաբաթից Արցախում՝ Մարտակերտի թիվ մեկ դպրոցում,  մեկօրյա գիտակրթական տոն է լինելու․ առաջին անգամ կազմակերպվելու է Artsakh STEM Expo-ն։ Հիմնական նպատակն, ըստ ծրագրի կառավարման խորհրդատու Քրիստինե Ասատրյանի, աշակերտների  ու երիտասարդների  ուշադրությունը բնագիտական առարկաների ուղղությամբ  հրավիրելն է, դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը։

 «Կոնկերտ այս  էսքպոյի շրջանակներում բնագիտական՝  STEM առարկաներն են՝ գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա և մաթեմատիկա»։

Artsakh STEM Expo-ն  բաղկացած է մի քանի  հիմնական բաղադրիչներից՝ նախատեսվում են ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց ընթացքում  գիտության, ինժեներիայի, տեխնոլոգիայի ու բիզնեսի ներկայացուցիչները երիտասարդների հետ շփվելու, իրենց փորձը փոխանցելու հնարավորություն կունենան։ Կանցկացվի նաև գաղափարների մրցույթ։   

«Մեր նպատակը Արցախում ստարտափ էկոհամակարգի զարգացումն  է։ Ուսումնասիրելով դաշտը՝ հասկացանք, որ Արցախում այս պահին շատ քիչ սթարթափեր կան։ Ուստի որոշեցինք այս փուլում գաղափարները խրախուսել։ Հետագայում արդեն երկարաժամկետ պլանավորման տեսնակյունից հնարավորություն կունենանք, այդ նույն գաղափարները զարգացնելով, զարգացնել սթարթափ էկոհամակարգը Արցախում»։

Այս փուլում երիտասարդները հնարավորություն կունենան փորձառու մասնագետների հետ  քննարկել իրենց  գաղափարները, ապա մտածել դրանք նյութականացնելու ու կյանքի կոչելու մասին։ Տարբեր կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ներ են ձեռք  բերվել։

«Մենք առաջարկում ենք խրախուսական նվերներ և մենթորինգ՝ փորձառու մասնագետների կողմից։ Տարբեր ժամանակահատվածներում արդեն պետք է աշխատենք մենթորների հետ, որ հասկանանք, թե յուրաքանչյուր գաղափար որքան ժամանակ է պահանջում փուլային զարգացման ու պռոդուկտի մակարդակի հասցնելու համար»։

Հայտներ ներկայացնելու ժամանակ դեռ կա։ Այս պահին 7 գաղափար արդեն սեղանին է, սակայն դրանք դեռ չեն բացվել։ Հաղթող երեք լավագույն գաղափարները կընտրվեն հենց  մայիսի 8–ին։ Գաղափարների  մրցույթին կարող են մասնակցել միայն Արցախում ապրող երիտասարդները կամ կազմակերպությունները։ Artsakh STEM Expo-ի կամավոր Տաթև Ենոքյանի խոսքով․

«Սա աշակերտներին սեփական գաղափար ունենալու, դրանք ներկայացնելու համարձակություն կտա։ Հետագայում լավագույնները կընտրվեն ու կյանքի կկոչվեն։ Այսինքն՝ աշակերտը կհասկանա, որ միայն տեսական գիտելիքը այս դարում կարևոր չէ, կարևոր են  նաև դրա գործնական  ասպետկները։ Ցանկացած գիտելիք կարող է օգտագործել իր համայնքը, գյուղը, երկիրը զարգացնելու համար»։

Ակնկալվում է, որ Expo-ն մոտ 200 մասնակից  կունենա Հայաստանից ու Արցախից։ Հայաստանից Արցախ մեկնողները կգիշերեն հենց տեղացիների տներում՝ կծանոթանան արցախյան նիստուկացին, մշակույթին։ Սա, նախաձեռնողների կարծիքով, լավագույնս կխորհրդանշի հայ ժողովրդի միասնությունը։

Back to top button