Վերնատուն

Թերեզա Միրզոյան -100. «մարմնի լեզվին» տիրապետող արվեստագետը․ «Վերնատուն»

Անվանի քանդակագործ Թերեզա Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առիթով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է արվեստագետի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը։

Թերեզա Միրզոյանի արվեստը կարևոր դեր և ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա, այնինչ նրա անունը հանրության շրջանում գրեթե հայտնի չէ։

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ասում է, որ Թերեզա Միրզոյանը կարևոր արվեստագետ է, իսկ ցուցադրությունը՝ լավ առիթ՝ բացահայտելու արվեստագետին։

Ստեղծագործությունները ներկայացնում են 1950-2000- ականների տարբեր փուլեր։ Ցուցադրությանը ներկայացված շուրջ 40 քանդակների մեծամասնությունը ընտանիքի՝ խնամքով պահպանված հավաքածուից է։

«Հավաքածուն ներկայացնում է արվեստագետի մոտեցումների տարբերությունն ու առանձնահատկությունը՝ ինչ տեխնիկայի է տիրապետել, ինչ նյութեր է կիրառել և ինչքան տարբեր է եղել նրա մոտեցումը՝ նուրբ պլաստիկական լուծումներից մինչև կոպիտ ու մոնումենտալ», — ասում է Արմեն Եսայանցը։

Թերեզա Միրզոյանի դուստրը՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյանը պատմում է, որ մի շրջան նրանք նույն արվեստանոցում են ստեղծագործել:

«Ես սովորել էի արվեստը դիտարկել չորս կողմից՝ որպես քանդակագործ, և ինչ որ պահ եղավ, որ ինքս նույնպես ուզեցի քանդակել։ Դա շատ հետաքրքիր համագործակցություն էր», – պատմում է Անուշ Առաքելյանը՝ հիշելով նաև Միացյալ Նահանգներում ունեցած իրենց համատեղ ցուցահանդեսը։ «Թերեզա Միրզոյանն իր աշխատանքներում վերաիմաստավորում է կնոջ կերպարը: Ինձ, որպես արվեստաբանի, հետաքրքիր է, թե ինչպես է նա տիրապետում մարմնի լեզվին։ Մարմնի ստատիկ դիրքերով շատ հետաքրքիր արտահայտչամիջոցներ կարելի է նկատել, կարելի է տեսնել հզոր կնոջ կերպար՝ իր ներքին մղումներով ու ապրումներով, ֆիզիկական, և թե՝ ներքին ուժով», – ասում է Արմեն Եսայանցը:

Back to top button