ԿարևորՀասարակություն

Վարչապետն ընդունել է ԱՀԿ տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աջակցության տրամադրումը:

ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը կարևորել է ՀՀ կառավարության հետ գործընկերությունը և բարձր գնահատել Հայաստանի կողմից համավարակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր և միևնույն ժամանակ բաց պահել տնտեսությունը: Հանս Կլյուգեն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները հանրային առողջապահության ոլորտում և ԱՀԿ աջակցությունը հայտնել գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են Covid-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Կարևորվել է պատվաստումային գործընթացի հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ուղղություններով մեկնարկած բարեփոխումների ընթացքի շուրջ, ընդգծվել է դրանց կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում վարչապետը հիշատակել է հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը և կարևորել միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի բարձրաձայնումը:

Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:

Back to top button