ԿարևորՄշակույթ

Պարն ազգային պատմության, կենսակերպի, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում է. ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձէ հղել Պարի միջազգային օրվա առթիվ.

«Պարարվեստի՛ սիրելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:  

Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված է միավորելու բոլոր ուղղությունների պարերը՝ որպես արվեստի միասնական ձև, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման:

Պարը ոչ միայն արվեստի գեղեցիկ արտացոլում է, մարմնի լեզու, այլև ազգային պատմության, կենսակերպի ու ավանդույթների, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում: Ի պատիվ պարարվեստի մեր երախտավորների՝ աշխարհը հաղորդակից է դառնում մեր պարային մշակույթի թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից դրսևորումներին, բացահայտում մեզ նաև այս տիրույթում: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը մի շարք ծրագրերով մշտապես աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:

Պարարվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ»:

Կարդացեք նաև
Close
Back to top button