ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռի Մատենադարանի պատվավոր հյուրերը

Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գլխավոր խմբագիր Սարգիս Մելքոնյանի ուղեկցությամբ այսօր Մայր Աթոռի Մատենադարան են այցելել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գործող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրեն Ռոյ Քնոքեն և գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը։

Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մարդասեր Յոհաննես Լեփսիուսն իր ողջ գիտակցական կյանքում պայքարել է Հայոց ցեղասպանությունը ամբողջ մարդկությանը հասու դարձնելու համար։ Նրա հավաքած վկայությունները, գրքերն ու հոդվածներն այսօր արխիվային նյութեր են, անհերքելի փաստեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Յոհաննես Լեփսիուսի ժառանգությունը պահվում է Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվում, որը հիմնել է Հերման Գոլցը (բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ․)։

Հյուրերը շրջել են կառույցի տարբեր սրահներում, ծանոթացել Մատենադարանում ցուցադրված Մայր Աթոռի հրատարակություններին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրականությանը, գերմաներեն հավաքածուին։ Նրանց առանձնակի հետաքրքրել է Մայր աթոռի Մատենադարանի հնատիպ հավաքածուն, ուր, ի թիվս այլ կարևոր տպագրությունների, հնարավորություն են ունեցել տեսնելու առաջին տպագիր Աստվածաշունչը և առաջին տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը»։ Շրջայցի ընթացքում նրանք ներկայացրել են նաև իրենց տուն-արխիվի գործունեությունը։

Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։ Նրանք Մատենադարանին են նվիրել «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» գերմաներեն ժողովածուն (Գյոթինգեն, 2017թ․) և Յոհաննես Լեփսիուսի «Հայերի դրությունը Թուրքիայում» 2016թ․ հայտնի զեկույցի նոր հրատարակությունը (գերմաներեն, Պոտսդամ, 2017թ․)։ Երկու գրքերն էլ այսուհետ հասանելի են Ս․ Էջմիածնի Մատենադարանի ընթերցասրահում։

Back to top button