ԿարևորՀասարակություն

Կատարվել է ծրագրերի 1/3-ը, hաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծվել են առավելապես կրթության ոլորտում

Հայաստանում, ըստ  պաշտոնական տվյալների, հաշմանդամություն ունեցող շուրջ 165 հազար անձ է ապրում․  44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն ավելացել է  շուրջ 1500-ով։ Օրենսդրական մակարդակում բազմաթիվ փոփոխություններ են արվել, քայլեր են իրականացվել հաշմանդամություն ունեցողների կյանքի պայմանները բարելավելու համար, բայց  ոլորտի ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները ահազանգում են՝ հիմնական խնդիրները, ինչպես օրինակ քաղաքային մատչելիությունը, կրթության և տեղեկատվության հասանելիությունը, դեռ լուծված չեն։

Վերջին 5 տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ամենաշատը լուծվել են կրթության ոլորտում․ սա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ–ի դիտարկումն է․ վերլուծել են «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. Կառավարության համալիր ծրագիրը» և արձանագրել, թե որքանով է պետությունը կատարում իր ստանձնած պարտավորթյունները այս ոլորտում։ ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը նկատում է՝ կան ոլորտներ, որոնցում հրատապ լուծում պահանջող խնդիրները շատ են, բայց լուծումների հարցում էական առաջընթաց չկա։

«Ընդհանուր առմամբ լիովին իրականացած միջոցառումներ ամենաշատը արձանագրել ենք զբաղվածության ոլորտում, առողջապահության ոլորտում, օրինակ, ծրագրերի 75 տոկոսն է իրականացել։ Իրականում ամենամեծ առաջընթացը եղել է հենց կրթության ոլորտում։ Օրենսդրական փոփոխություններ են եղել և վերջապես ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը գաղափարը»,-նկատում է Մուշեղ Հովսեփյանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ենթակառուցվածքների մատչելիության ապահովման համար ևս միջոցառումներ իրականացվել են, սակայն ըստ Մուշեղ Հովսեփյանի, դրանք հիմնականում անարդյունավետ են։ Հետազոտող Սյուզաննա Գրիգորյանը նկատում է․

«Քննարկումների ժամանակ պարզել ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք խնդիրներ ունենում են հիմնականում հենց ամենատարրական, կենցաղային հարցերում՝ տրանսպորտի մատչելիությունից մինչև ենթակառուցվածքներից օգտվելու մատչելիություն։ Այս հարցը ավելի օրհասական է հատկապես մարզերում»։

Ընդհանուր առմամբ դիտարկվել է Կառավարության՝ 2017-2021թթ-ի շուրջ 60 ծրագիր։ Ըստ հետազոտության արդյունքների՝ դրանցից միայն 1/3–ն է լիովին իրականացվել։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանը նկատում է՝ որպես կանոն  ծրագրերը մեծ ու հավակնոտ  խնդիրներ  են դնում իրենց առջև ու  այդպես էլ մնում են թղթի վրա։ Պետք է սահմանել չափելի թիրախներ և փոքր քայլերով լուծել մեծ խնդիրները՝ ասում է։

«Պետությունը 2010թ․ վավերացրել է «Հաշմնանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան», որն այս ոլորտի միջազգային կարևորագույն փաստաթուղթն է։ Դրանով պետությունները համաձայնում են իրենց բոլոր գործողություններն իրականացնել այդ փաստաթղթի դրույթներին համապատասխան։ Հայաստանը, օրինակ, պարտավորթյուն ուներ փոխելու իր օրենսդրությունը․ դա մասմաբ իրականացվեց 2021-ին՝ պարտավորությունը ստանձնելուց 11 տարի անց միայն»,-ասում է Մուշեղ Հովսեփյանը։

Բազմաթիվ փոփոխություններից հետո, ըստ ՀԿ ներկայացուցիչների, օրենսդրությունը դարձյալ փոփոխությունների կարիք ունի։ Մասնագետները խնդիրներ են տեսնում նաև Սահմանադրության մեջ։

«Սահմանադրությամբ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք անգործունակ են ճանաչված, զրկված են ընտրելու և ընտրվելու իրավունեից․ սա փաստորեն հակասում է միջազգային կոնվենցիաներին»։

Հատկապես հետպատերազմյան շրջանում ԱԻՆ-ը հաճախ է աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ԱԻ ազդարարման շչակների փորձարկումներ անում։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ում վերապահումներ ունեն․ ԱԻՆ ազդարարման համակարգը բոլորովին հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ ժամանակին գործում էր «SOS 911» հավելվածը՝ հատուկ լսողության և տեսողության խնդիրներ ունեցողների համար, սակայն կարճ ժամանակ անց, ըստ Հովսեփյանի, ֆինանսավորում չունենալու պատճառով դադարեց գործել։

«Ուսումնասիրել ենք նաև գերատեսչությունների հաշվետվությունները․ եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ շատ գործողություններ, պարտավորություններ իրականացվել են տարբեր ՀԿ-ների, այլ ոչ թե պետության ջանքերով։ Սա ևս լուրջ խնդիր է ծրագրերի տևականությունն ապահովելու համար»,- կարծում է ՀԿ ներկայացուցիչը։

Արձանագրված ամենամեծ խնդիրը տեղեկատվության և մասնավորապես հեռուստատեսության մատչելիության բացակայություն է՝ նկատում է հետազոտող Սյուզաննա Գրիգորյանը։ Հայկական իրականության մեջ շատ քիչ հաղորդումներ են ներկայացվում նաև ժեստերի լեզվով, մինչդեռ աշխարհի  շատ երկրներում ժեստերի լեզուն պետական լեզվի կարգավիճակ ունի։

ՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են հաշմանդամության խնդիրներին առնչվող Կառավարության հաջորդ ծրագրի մշակման աշխատանքներում ընդգրկել հենց հաշմանդամություն ունեցող անձանց՝ սեփական փորձով խնդիրները մատնանշելու համար։

Back to top button