ԿարևորՀասարակություն

Բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. իրավապաշտպան  

Ընդդիմության քայլերթի ժամանակ բռնության ենթարկված «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի միջադեպը հանրային տարբեր շրջանակներում տարբեր արձագանքների է արժանացել և դարձյալ քննարկումների թեմա դարձրել ոստիկանների գործողությունների համաչափության հարցը։ Մի մասը կարծում է, որ տեղի ունեցածը անպատժելիության և ոստիկանության անգործության հետևանք է, մյուսներն էլ ճիշտ հակառակ գնահատականն են տալիս՝ ոստիկաններին մեղադրելով անհամաչափ ուժ կիրառելու մեջ։

Ի պատասխան ոստիկանույթունից վստահեցնում են՝ կառույցը իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը։

Բռնությունն այլևս  հայ հասարակությունում խորը արմատներ ունի։ Եթե այսպես շարունակվի, հետևանքներն անդառնալի կլինեն՝ նկատում է փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը՝ մասնավորապես անդրադառնալով Երևանում օրերս բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարների հարձակմանը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։

«Երբ ոստիկանների ներկայությամբ բռնություն է իրականացվում և ոստիկանը որևէ քայլ չի ձեռնարկում, դա էլ է հանցագործություն։ Եվ որևէ գնահատական չի տրվում։ Արդեն մի քանի օր է դեպքից անցել, մինչ օրս որևէ մեկին չեն ձերբակալել, մեղադրանք չեն առաջադրել»։

Բռնության որևէ դրսևորում արդարացում չունի՝ նկատում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Բռնության  ցանկացած դեպքով պետք է զբաղվեն իրավապահները, բայց դրա համար  նախևառաջ իրենք պետք է բարեփոխվեն, ասում է, հասարակության վարքագիծը ևս պետք է փոխվի, և դա պետք է սկսել մանկուց։

«Իրականում հենց դպրոցներից, ու մանկապարտեզներից է պետք սկսել ու չջատագովել, որ եթե դու ուժեղ ես, քո հարցերը ուժով պետք է լուծես։ Ամենամեծ խնդիրը երբ ամենաբարձր ամբիոններից է հնչում  հայհոյանք, վիրավորանք։ ԱԺ-ում բառացիորեն խուլիգանական պահվածք է դրսևորվում։ Մի քանի պատգամավոր՝ կապ չունի, թե որ թիմից, «ռազբոռկա» է սկսվում, ու պատկերացնում եք, թե ինչքան վստահ պետք է լիեն, որ անպատիժ են մնալու։ Երբ որ բռնությունը չի դատապարտվում, հասկանում է, որ կարող է ավելի լկտի գործել»։

Նույն կարծիքին է նաև Արմեն Մարտիրոսյանը, ում վրա ավելի վաղ հարձակվել էին ցուցարարները։  Վստահ է, եթե իրավապահները ժամանակին  ընթացք տային իր նկատմամբ հնչող սպառնալիքներին, բանը բռնությանը չէր հասնի։

Մինչ «Անտարեսի» տնօրենն ու իրավապաշտպանները խոսում են  իրավապահների անգործությունից , ընդդիմադիր թևը ոստիկաններին հակառակում է մեղադրում։ Ընդդիմադիր գործիչներչից շատերը համոզված են, որ  վերջին օրերի բողոքի ակցիաների  ժամանակ  իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների հանդեպ ։

Երկու թևերից հնչող մեղադրանքներին Ոստիկանությունից կարճ են արձագանքում։ Կառույցն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները ՝ապահովելով հասարակական կարգը։ Իսկ  նշված միջադեպի  առիթով  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն էլ ուղարկվել է նախաքննական մարմին հետագա քննության՝ տեղեկանում են Ոստիկանությունից մեր հարցման ի պատասխան։

Back to top button