Մտքի ուժը

ԱԹՍ-ներ գյուղոլորտում. հողերի քարտեզագրումը` դրոններով․ «Մտքի ուժը»

Հինգերորդ սերնդի պատերազմների անբաժանելի մաս կազմող դրոններն արդեն այլ՝ տարբեր ոլորտներում են կիրառվում։ Գիտական միտքը կանգ չի առնում։ Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ կառավարությունում գյուղացիներին հորդորում են հող մշակել։ Ավելին, նաև առաջարկում են ոռոգման ջուրը խնայել։ Իսկ փրկօղակը ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն է։ Բայց նախ պետք է հետազոտություններ անել։ Եվ ահա, Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնում սկսել են գիտական հետազոտություններ՝ կաթիլային տեխնոլոգիաների  արդյունավետությունը, կիրառման հնարավորությունը հանրապետության բնակավայրերում պարզելու համար։ Ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ նախ փորձում են մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Գիտնականն ասում է․ 

 «Փորձասարքերը բոլորը պատրաստ են։ Դա մեզ հնարավորություն կտա, որ արդյունքները կիրառական նշանակություն ունենան։ Այս պահին ճշտում ենք անհրաժեշտ ջրի քանակը, թե ինչպիսի էֆեկտ կարող է բերել, որքան է արդյունավետությունը՝ ըստ բույսերի։ Տարանջատում ենք այն բոլոր մշակաբույսերը, որոնք հնարավոր է տվյալ գոտում ջրել կաթիլային եղանակով, որպեսզի ներդրողները տեղյակ լինեն՝ տվյալ գոտում հնարավոր է ջրել ոռոգման կաթիլային եղանակով։ Բայց ժամանակ է պետք, որ թվերի լեզվով խոսենք»։         

Գիտական խմբում ուսումնասիրելու են հողի խոնավության աստիճանը, ջրի մաքրման հնարավորությունները։ Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ ջրամբարների ջուրը ֆիլտրացիայի կարիք ունի։ Այս հարցը նույնպես գիտական խմբի ուսումնասիրության առանցքում է։ Նախ բնակավայրերից կբերեն անհրաժշետ հողը, կչորացնեն լաբորատորիայում, ապա կսկսեն հետազոտությունները։Ստացվում է, որ գիտական հետազոտությունները նոր են սկսվում, բայց կաթիլային ոռոգման համակարգի խրախուսման ուղղությամբ ջանք ու եռանդ չեն խնայում։  Արդյունավետությունը գնահատելու համար կրկին հետազոտություններ են պետք։ Ի վերջո՝ ճիշտ է արդյո՞ք բոլոր բույսերի համար, փրկօղակ կաթիլային ոռոգման համակարգը դիտարկելը։ Գիտնականը նկատում է․

«Իհարկե սխալ է բոլոր բույսերը մշակել կաթիլային եղանակով։ Տարբեր վայրերում տարբեր է կլիման, հողի մեխանիկական կազմը։ Սրան գումարվում է նաև ջրամատակարարաման հուսալիությունը։ Կաթիլային ոռոգման դեպքում սա կարող է իր մեջ ռիսկ պարունակել»։ 

Ստեղծված իրավիճակում այլ ելք, քան ջրի կուտակումն է, չկա։ Մինչև տարեվերջ կշահագործվի Վեդու ջրամբարը։ Օրակարգում նաև 15 փոքր ու միջին ջրամբարների նախագծման աշխատանքներն են։ Իսկ մինչ ծրագրերը կյանքի կկոչվեն, հույսը նաև բնության՝ տեղումների վրա է։  Օրակարգում նաև Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումն է։ Դեռ խորհրդային տարիներին սկսված աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասել։ Ըստ թարմացված ծրագրի՝ ջրամբարն առաջին փուլում կկուտակի շուրջ 25 մլն լիտր, երկրորդ փուլում ջրի ծավալը կհասնի 60 մլն-ի։ Կապսի ջրամբարի կառուցման համար անգամ հարակից Ջրաձոր գյուղն է տեղափոխվելու։ Բայց Կարեն Դաղբաշյանի խոսքով, որոշումը դեռ որոշում է.  

«Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են ընթանում շինարարի ընտրության շուրջ։ Հետո արդեն կմտնենք բուն շինարարության փուլ։ Ծրագրի շրջանակում նաև բնակիչների վերաբնակեցման հանձնաժողովների ձևավորման աշխատանք է ընթանում, որպեսզի տվյալ ծրագիրը նույնպես իրականացնենք»։

15 փոքր ու միջին ջրամբարների նախագծում ու կառուցում՝ այս ու հաջորդ 4 տարում. կառավարության ծրագիրն է։ Անելիքի հրատապությունը ստիպել է բյուջեից հատկացումն ավելացնել։ Ֆինանսավորման չափը հստակ է՝  2022 թ.-ի բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները:

Արդյունավետ գյուղատնտեսության մեջ կարևոր են ժամանակակից ու  նորագույն սարք սարքավորումների կիրառումը։ Ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի գիտական կենտրոնում դրանց պակասը չկա՝ ԱԹՍ–ներից  մինչև ռովեռ։

Ցուցադրել ավելի
Back to top button