Գոյության ծածկագիր

75 զարկ, 36.6 աստիճան, 100 000 կմ… մաթեմատիկան մարդու օրգանիզմում․ «Գոյության ծածկագիր»

Չափահաս մարդու օրգանիզմում նրա քաշի 7-8 տոկոսի չափով արյուն կա։ Արյան 1 խորանարդ միլիմետրի մեջ 4.5-5 միլիոն էրիթրոցիտ՝ կարմիր գնդիկ և 4000-9000 լեյկոցիտ՝ սպիտակ գնդիկ է տեղավորվում։ Մարդու հասակն առավելագույնը 2 մետր է լինում և ընդամենն այդքան տարածքում կարելի է գտնել 100 000 կմ մազանոթ։

Մարդու օրգանիզմը և դրանում կատարվող գործողությունները հնարավոր է «կարդալ» մաթեմատիկայի լեզվով․ ոսկորների թիվ, երիկամներում արտադրվող առաջնային և երկրորդային մեզի քանակ, սրտի զարկերի հաճախականություն ու ուժգնություն։ Անգամ սրտի աշխատանքի ու հանգստի ռեժիմն է թվագրվում՝ 0.8 վայրկյան տևողությամբ աշխատանքային ցիկլի ուղիղ կեսը՝ 0.4 վայրկյանը սիրտը հանգստանում է։ Թվերը ցույց են տալիս նաև, թե մեր սրտի որ հատվածն է «ամենածույլը»․ նախասիրտն, օրինակ, 0.8 վայրկյանից աշխատում է միայն 0.1 վայրկյանը, իսկ մյուս 0.7 վայրկյանների ընթացքում հանգստանում։ Մեր օրգանիզմն աշխատում է ժամացույցի պես, որի ճշգրտությունից է կախված թերևս ամենակարևորը՝ կյանքը։

Յուրաքանչյուր հիվանդի պետք է նայել որպես ոչ ստանդարտ դեպքի։ Մաթեմատիկական մտածողություն ունեցողներն ունեն այդ հատկությունը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների նշաններից մեկը, օրինակ, ջերմությունն է, իսկ ջերմությունն ուղիղ համեմատական կապ ունի սրտի զարկերի աշխատանքի հետ։ Ամեն աստիճան բարձրանալուց սրտի զարկերը 10-ով ավելանում են։ Օրինակ՝ եթե նորմայում սրտի զարկերը րոպեում 85 են, ջերմությունը 37 աստիճան դառնալու դեպքում հասնում են 95-ի»։

Բժիշկ-վարակաբան Ռուբեն Գրիգորյանը ինֆեկցիոն հիվանդությունների բուժմամբ զբաղվում է 6 տարի, սակայն դրանից առաջ երկար մասնագիտական ճանապարհ է անցել, սկզբում՝ որպես ռազմական բժիշկ։ Հիմա յուրաքանչյուր հիվանդի հետ շփվելիս նրա օրգանիզմում կատարվող գործընթացների մեջ հստակ տրամաբանություն, ճշգրտություն, հաշվարկ է տեսնում․

«Ինչքան ջրազրկվում է մարդ, այնքան զարկերակային ճնշումը նվազում է, որովհետև օրգանիզմում զարկերակային ճնշում ապահովող ֆակտորներից մեկը արյան ծավալն է։ Արյունը նվազում է՝ հակադարձ համեմատական ձևով իջնում է զարկերակային ճնշումը։ Անալիզների, հետազոտությունների մեջ է շատ կարևոր, օրինակ՝ բակտերիոլոգիական հետազոտությունների ժամանակ, եթե բակտերիաների քանակը մինչև 105 է՝ բուժման կարիք չունի։ Բայց 105 և ավելիի դեպքում արդեն դրվում է զգայունություն ու նշանակվում է հակաբակտերիալ պրեպարատ»։

Բժիշկը մաթեմատիկայի հետ կապված մեկ այլ՝ կարևոր առնչություն է տեսնում․ ճշգրիտ գիտությունը ոչ միայն հաշվել, այլ նաև տրամաբանել, մտածել է սովորեցնում․ առանց դրա մարդու կյանքի հետ աշխատողները ոչինչ անել չեն կարողանա․

«Երբ յուրացրած ես լինում մաթեմատիկա՝ մտածելու, կենտրոնանալու հատկություն ես ունենում։ Իսկ բժշկության մեջ պետք է առաջինը կենտրոնանաս հիվանդի վրա՝ каждый раз как в первый раз։ Յուրաքանչյուր հիվանդի պետք է նայես որպես ոչ ստանդարտ դեպքի։ Մաթեմատիկական մտածողություն ունեցողներն ունեն այդ հատկությունը»։

Մարդու առողջության մասին պատկերացում ունենալու համար մենք առաջնորդվում ենք տարբեր մաթեմատիկական տվյալներով։ Ինչ-որ ցուցիչներ կան, որոնցով մենք որոշում ենք՝ մարդն առողջ է, թե ոչ, կամ որքանով են արտահայտված խնդիրները։

«Ե՛վ էլեկտրասրտագրությունը, և՛ ընդհանրապես սրտաբանությունը շատ ուղիղ կապի մեջ են մաթեմատիկայի հետ։ Օրինակ՝ մենք առաջին իսկ կոնտակտի ժամանակ սկսում ենք հաշվել սրտի զարկերի հաճախականությունը, զարկերակային ճնշման ցուցիչը»։

Մարո Սաֆարյանի աշխատանքային օբյեկտը մարդու սիրտն է։ Սրտաբանն ամեն օր է հաշվարկներով, վերլուծություններով, գնահատումներով զբաղվում, քանի որ սիրտը իր աշխատանքի մասին բժիշկներին հենց մաթեմատիկական տվյալներով է պատմում։

1924 թվականին Վիլլեր Էյնթհովենը ստացավ Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում։ Նա նախագծել էր սարք, որը թույլ էր տալիս գրանցել էլեկտրասրտագրությունը՝ հայտնի կարդիոգրաման։ Մարո Սաֆարյանն այսօր էլ դա սրտի աշխատանքը վերլուծող անփոխարինելի միջոց է համարում։

«Էլեկտրասրտագրությունը ամբողջությամբ մաթեմատիկական վերլուծություն է։ Մենք ստանում ենք գրաֆիկական պատկեր տարբեր կոմպլեքսներից։ Պետք է այդ կոմպլեքսների առանձին ալիքները գնահատենք՝ ալիքների բարձրություն, նրանց տևողություն, տարբեր ինտերվալներ։ Այս ամբողջը իրենից մաթեմատիկական հաշվարկ է ներկայացնում։ Էլեկտրասրտաբանությունը անփոխարինելի մեթոդ է սրտաբանության մեջ։ Անկախ նրանից՝ որքան են հետազոտությունները զարգանում, առաջ գնում, սա շարունակում է իր տեղում մնալ։ Ամբողջությամբ հենց մաթեմատիկա է լուրջ պատկերացումներ է տալիս սրտի ախտահարումների մասին։ Տարբեր փոփոխություններ կարող ենք գնահատել իրենով»։

Որքան էլ նորմալ համարվեն որոշակի ֆիքսված թվեր, օրինակ՝ սրտի աշխատանքը րոպեում 60-90 կամ 60-100 զարկ, բժիշկը զբաղվում է նաև տվյալների հավաքագրմամբ և համադրմամբ։ Այսպես, օրինակ, եթե առողջ մարդու դեպքում րոպեում մինչև 90 զարկը նորմալ է, ապա սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողի դեպքում վերին շեմը րոպեում 75 զարկն է․

«Հատկապես պրակտիկ գործունեությամբ զբաղվելու ժամանակ հասկանում ես, որ ամեն ինչ թվերի ամբողջություն է՝ և՛ դեղերի դեղաչափերի հաշվարկը, և՛ ցուցանիշների հաշվարկը, բանաձևերի դուրսբերումը։ Եվ ինչքան արագ ես դու այդ ամենն անում՝ հատկապես շտապ իրավիճակներում, այնքան ավելի քիչ է տուժում հիվանդը»։

«Տված ցանկացած հաբի համար մենք պատասխանատվություն ենք կրում չէ՞ որ ամեն ինչ ունի իր ցուցումը, իր հակացուցումը, իր դոզավորումը։ Եթե որևէ տեղ բժիշկը, օրինակ, մոռանում է գրել դոզավորումը (ինչը շատ նորմալ է այդ լարվածության, հիվանդների հոսքի մեջ), մենք արդեն կրկնակի, եռակի պատասխանատվությամբ ենք փորձում հասկանալ՝ ով է խմելու, ինչքան ժամանակ, օրը քանի անգամ, որպեսզի ճիշտ դոզավորում տանք»։

Լուսինե Ավագյանը դեղագետ է՝ 15-ամյա աշխատանքային փորձով։ Հատուկ ուշադրություն է դարձնում՝ դեղագետը, դեղագործը և դեղ վաճառողը էականորեն տարբեր են։ Ասում է՝ սա գիտություն է, որում սխալվելու իրավունք չկա․

Դեղատանը որևէ դեղ պատրաստելու և չափաբաժինները որոշելու համար մաթեմատիկան անհրաժեշտ է, ինչպես օդը՝ մարդուն։       

«Դեղագործը չպետք է շփոթվի։ Մենք գործ ունենք մարդու օրգանիզմի հետ, մանավանդ երբ աշխատում ենք երեխաների հետ։ Գերդոզավորումը երեխաների համար շատ վտանգավոր է՝ կարող է հասցնել ընդհուպ մինչև հիվանդանոց, նույն ասպիրինի գերդոզավորումից հնարավոր է ունենալ արյունահոսություն։ Աշխարհում անվնաս դեղ գոյություն չունի՝ նույնիսկ եթե թվում է, որ դա ուղղակի թեթև ցավազրկող է»։

Ենթադրենք՝ հստակ է, որ X հիվանդության դեպքում անհրաժեշտ է Y դեղորայքը։ Դեղ ընդունման միջև ժամանակը պետք է լինի 8 ժամ, այսինքն՝ դեղը պետք է խմել օրը 3 անգամ։ Ենթադրենք՝ հիվանդությունից ազատվելու համար դեղ պետք է խմել 1 կգ-ին՝ 20 մգ չափով։ Ստացվում է, որ օրինակ 60 կգ քաշ ունեցող մարդը օրական պետք է ընդունի 1200 մգ։ Դա բաժանում են 3-ի և նշում՝ հիվանդը պետք է օրը 3 անգամ խմի տվյալ դեղի 400 մգ չափաբաժին։ Թվաբանորեն պարզ հաշվարկը պարտադրում է մասնագիտական խորը գիտելիքներ ունենալ։

Մարդու օրգանիզմը խոսում է թվերի լեզվով։ Այստեղ ամեն ինչ չափված, հաշվարկված, բանաձևված է՝ ճշգրտությանն ու տրամաբանությանը խիստ հավատարիմ։ Մաթեմատիկան պատմում է մեր առողջության մասին, ճշգրտությունը՝ պայմանավորում դրա անխափան ընթացքը։ Այլ կերպ ասած՝ մարդն ինքնին մաթեմատիկական տվյալների ամբողջություն է։ Իսկ թե ուրիշ որտեղ կարող ենք գտնել մաթեմատիկա՝ կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button