ԿարևորՀասարակություն

Ստուգե՞լ,  թե՞  խրախուսել. ուսուցիչների կամավոր ատեստավորումը  կշարունակվի

Ուսուցիչների կամավոր ատեստավորման 2021 թվականի գործընթացի առաջին փուլին հանրապետության շուրջ 38 հազար ուսուցիչներից մասնակցել է 996-ը կամ մոտ 2.5 տոկոսը։ Անցողիկ շեմը հաղթահարել է նրանց ընդամենը 47 տոկոսը։ Ծրագրի առաջին փուլին մասնակցած ու անցողիկ շեմը չհաղթահարած ուսուցիչները նորից ատեստավորվելու հնարավորություն կունենան, գործընթացը կշարունակվի 3-4 տարի։ Կրթության նախարարությունն առաջարկում է նաև վերապատրաստման ծրագրեր քննության անցողիկ շեմը չհաղթահարածների համար։ Խնդիր կունենան այն ուսուցիչները, որոնք այդպես էլ չեն դիմի կամավոր ատեստավորման ծրագրին։

Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 80 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը ստանում է հավելավճար։ Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման հիմքում, ինչպես նախարարությունն է նշում, նոր, արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց ապահովելն է՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։

Բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին խրախուսել, իրենց ներուժի նկատմամբ անվստահ ուսուցիչներին` մոտիվացնել. ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի նպատակն այսպես  է բանաձևում փորձագետների մի խումբ։ Մյուս խումբն էլ պնդում է` կամավոր ատեստավորումը չի գնահատում ուսուցչի մանկավարժական ունակությունները, այլ  ստուգում է ուսուցչի գիտելիքները տվյալ առարկայից։ Նրանց կարծիքով` կան  մասնագետներ, որոնք ամեն ինչ լավ գիտեն, բայց հնարավորություն, հմտություն ու կարողություն չունեն ամբողջը երեխաներին փոխանցելու։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյան. «Ուսուցչի հմտություններն ու կարողությունները չեն գնահատվում, գնահատվում է միայն գիտելիքը, այն էլ դպրոցական և բուհական։ Պետք է մեխանիզմներ մշակել ուսուցչին որպես ուսուցիչ գնահատելու համար` մանկավարժական մեթոդաբանության համապատասխան»։

Կառավարությունը հաստատել է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի խոսքով` նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ:

«Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 50 տոկոս հավելավճար, և տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Օրինակ՝ մեկ դրույքով աշխատող ուսուցիչը ատեստավորումից հետո կստանա 300 հազար դրամ: Եվ, իհարկե, ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն` այնտեղ ևս մինչև 50 տոկոս կարող է բարձրանալ, եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ` կարող է դառնալ 400 հազար դրամ աշխատավարձ»։

Բոլոր ուսուցիչները պետք է տեղեկանան ինստիտուցիոնալ այս շատ կարևոր գործընթացից` կարծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝  կամավոր ատեստավորման գործընթացին  առնչվող  քննադատությունները հաշվի առնելով՝ կանոնակարգը հղկվել է.

«Մենք այսօր պետք է մտածենք ոչ միայն աշխատող ուսուցիչների, այլև այն շրջանավարտների տրամաբանությամբ, որոնք պետք է մասնագիտություն ընտրեն։ Մեր պոտենցիալ շահառուները նաև նրանք են։ Նպատակը ուսուցչի աշխատանքի գրավչությունը բարձրացնելն է։ Մենք բոլորս բազմիցս հոտընկայս խմել ենք մեր ուսուցիչների կենացը, բայց իրականության մեջ մեր դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է, ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը պակասել է:»

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ուսուցչի մասնագիտության գրավչությունը միջինից բարձր աշխատավարձն է համարում։ «Մեր նպատակը կրթության ցածր որակը բարձրացնելն է, ինչպես նաև այդ գործն անող ուսուցիչներին խրախուսելը,- ասում է, — դրա համար անհրաժեշտ է, որ ուսուցիչն իրեն լավ զգա, իսկ հասարակությունը ակնածանքով վերաբերվի ուսուցչին»։

Հայաստանի ավելի քան 100 դպրոցներում կան ուսուցիչների թափուր հաստիքներ հատկապես բնագիտական առարկաների գծով։ Ըստ Ատոմ Մխիթարյանի` կրթության միջոցառումները պետք է լինեն խրախուսող, ոչ թե ստուգող։  «Անհրաժեշտ է ուսուցչի աշխատավարձը համընդհանուր բարձրացնել, սա չպետք է կապել որևէ ատեստավորման հետ։ Պետք է ուսուցչի դրույքաչափի համար գումարն անշեղորեն աճի, սա պետք է առնչվի բոլոր ուսուցիչներին։ Դրանից հետո այն ուսուցինչերը, որոնք ստեղծագործական որևէ հնարքներ կբանեցնեն, կաճեն, նրանց կարելի է խրախուսել աշխատավարձը բարձրացնելով։ Ուսուցչի աշխատավարձը պետք  է բավարարի ընտանիքի կենսամակարդակը նվազագույն շեմից բարձր պահելու համար»։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը կամավոր ատեստավորման գործընթացին ուսուցիչների ցածր մասնակցությունը պայմանավորում է նրանց անորոշությամբ և մտավախություններով։

«Ուսուցիչները չեն կողմնորոշվում, թե ինչն է լավ, ինչը` վատ։ Ինչ–որ մ փոփոխություն, որ հասնում է ուսուցչին, հետո նորից փոխվում է, ստացվում է քաոսային մի իրավիճակ, որտեղ իսկապես չի երևում, թե որ ուղղությամբ պետք է մեր կրթական համակարգը զարգանա։ Սա բացասաբար է ազդում մեր կրթական որակի վրա», –ասում է փորձագետը։     Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին 50 տոկոս հավելավճար տրամադրելու որոշումն ուժի մեջ կմտնի  մայիսի 1-ից։

Back to top button