ԿարևորՔաղաքական

Սահմանադրությունը ժամկետեր է հուշում. ընդդիմության հավակնությունների իրավական կողմը

Ընդդիմության ապակենտրոն ակցիաները ծրագրված են մինչև մայիսի1-ը, դրանից հետո նախատեսվում են միավորված գործողություններ:

Ապրիլի 27-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերվել է ակցիայի 52 մասնակից, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Եթե ընդդիմությունը դժգոհում է ոստիկանության կիրառած անհամաչափ ուժից, իշխանության ներկայացուցիչները բարձրաձայնում են ակցիաների ժամանակ գրանցվող ծեծի ու հարձակման միջադեպերի մասին: 

Իջևանից և Տիգրանաշենից դեպի Երևան եկող ընդդիմադիրների երթերին ավելացել է  երրորդ ուղղությունը, որի սկզբնակետեր են ընտրվել Սարդարապատն ու Ապարանը: Ընդդիմադիրները հիմնավորում են՝ ընտրությունը խորհրդանշական է: «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արամ Վարդևանյան.

«Կարծում եմ՝ հենց Սարդարապատից շարժվելը,  հիշելով Սարդարապատի մեր հաղթանակը, շատ կարևոր է: Մեր հայրենակիցները, ընկերները իրազեկելու են մեր քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բացատրելու են»:

Մինչև մայիսի 1-ը ընդդիմությունը դեռ իրականացնում է բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մարզերից շարժվող խմբերին զուգահեռ մայրաքաղաքում ընդդիմադիրները նույնպես տարբեր ակցիաներ են կազմակերպում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներն առայժմ առանձին են գործում, միավորվել նախատեսում են  երրորդ փուլում, երբ մարզերից եկող խմբերը կհանդիպեն մայրաքաղաքում: Այդ  հանդիպումը ծրագրում են մայիսի 1-ին․ հենց այդ օրն էլ, ինչպես  ընդդիմադիրներն են ձևակերպում, նախատեսվում է  «վերջին տարիների ամենահուժկու» հանրահավաքը: Հորդորում են այդ օրը ժամը 16-ից հետո անձնական պլաններ չկազմել:

Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը առայժմ գոհ են իրենց պայքարի ընթացքից, բայց դեռ չեն բացահայտում, թե միավորվելուց հետո ով է գլխավորելու ընդդիմադիր շարժումը.

Իշխան Սաղաթելյան․ «Դուք քաջ գիտակցում եք, որ փողոց դուրս չեք եկել մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար: Դուք դուրս եք եկել հանուն Հայրենիքի, հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն մեր վաղվա օրվա»:

Արթուր Վանեցյան․ «Կրիտիկական զանգվածը դեռ փողոցում չէ, բայց կրիտիկական զանգված չասենք, մեր ժողովրդի մեծամասնությունը հասկացել է՝ ինչ է կատարվում և իր վճռական խոսքը առաջիկա 2-3 օրվա ընթացքում ասելու է, ես համոզված եմ»:

Մինչ այդ ընդդիմադիրները շարունակելու են գործողությունները՝ տարբեր փողոցների արգելափակումները, իրազեկման ակցիաները ԲՈՒՀ-երում և փողոցներում:

Երկու կողմից էլ տարածվում են տեղեկություններ բռնությունների մասին. ընդդիմությունը դժգոհում է ոստիկանության կիրառած անհամափաչ ուժից, իշխանությունը փաստում է՝ գրանցվել են խուլիգանական գործողություններ: Շեշտում են՝ ակցիա իրականացնողները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրառման միջոցով դիմել է իրավապահներին՝ նշելով, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից: Իշխանական պատգամավորը գրում է. «Եթե այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնամխելիությունն իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում»: Պատգամավորն ակնկալում է , որ վերջին երեք օրերին ծեծ կազմակերպած, իրականացրած  ու հրահրած անձինք պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ կարգավիճակից:

Իշխանությունն ընդդիմադիրների պայքարում գաղափարական մոտեցումներ չի տեսնում, վստահ է, որ պայքարը հանրության մեծամասնության աջակցությունը չի վայելում։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հավաստիացնում է, որ ընդդիմադիրների իրազեկման ակցիաները չեն խոչընդոտում ԲՈՒՀ-երի բնականոն աշխատանքին:

«Ի՞նչ մեկնաբանեմ. Ակցիա են անում, ասում են, գնում են: Իմ տեղեկություններով դասապրոցես չի խանգարվում, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում երիտասարդների մի խումբ մի ակցիա է, մեկ այլ խումբ՝ մեկ այլ ակցիա է անում: Այս պահին արտառոց որևէ բան, այսինքն՝ կարգ խախտվի, դասապրոցես խախտվի և այլն, չկա: Ինչպես տեսնում եք, մենք մեր աշխատանքային ռեժիմով կարևորագույն հարցեր ենք քննարկում ուսուցիչների հետ կապված, ԲՈՒՀ-երի հետ կապված, կրթական համակարգի, գիտության հետ կապված: Մենք մեր աշխատանքային ռոժիմով շարունակում ենք գնալ առաջ ի շահ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների»:

Չնայած արդեն մի քանի օր Երևանում իրականացվում են անհնազանդության ակցիաներ, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նույնպես խոսում է աշխատանքների բնականոն ընթացքից.

«Կարծում եմ, դա կեղծ օրակարգ է, որ պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից: Ես կարծում եմ, նման բան չի կարող լինել»:

Արտախորհրդարանական ուժերից ոչ բոլորն են միացել ակտիվ պայքարին: «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը տարբեր փաստարկներով է հիմնավորում իր դիրքորոշումը.

«Այդ դեմագոգիային պետք է վերջ տալ: Արցախը պահելու մի ձև ես գիտեմ՝ Արցախում ապրելով, և առհասարակ հողը պահում են այդ հողի վրա ապրելով: Այսօրվա խորհրդարանական ընդդիմության առաջնորդները ծնունդով Արցախից են: «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում ես ինքս, դիմելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, գնահատելով կրիտիկական իրավիճակը, նրանց հորդորել եմ իրենց երեխաների, թոռների հետ, որպես քաղաքական ժեստ, որպեսզ քարոզչական ժեստ, ի ցույց աշխարհի, Արցախին նոր շունչ տալու նկատառումից ելնելով վերադառնալ Արցախ, նոր շունչ տալ Արցախին: Ինքս պատրաստ եմ ծափահարել նրանց այդ քայլի համար»:

Մասնագիտությամբ իրավաբան Նորայր Նորիկյանը մատնանշում է նաև իրավական խնդիրներից մեկը: Գործող Սահմանադրությամբ վարչապետին անվստահություն կարող է հայտնել նրա նշանակվելուց մեկ տարի հետո: Իսկ նոր վարչապետ նշանակելու հնարավորություն Սահմանադրությունը տալիս է գործող վարչապետի հրաժարականի դեպքում միայն:

Back to top button