ԿարևորՀասարակություն

Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը

Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը,  բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա առթիվ ելույթ ունեցան Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի կողմից՝ Գաբրիելա Մուժուքյանը։ Ներկաներին տեսաուղերձ էր հղել Հայաստան-Ուրորգվայ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Խորհրդարանի նախագահ Բասգեթը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «գորշ գայլերի» նշանի ցուցադրմանը, խստորեն դատապարտեց այն՝ հայտարարելով․ «Մենք այդ ժեստը համարում ենք վիրավորանք ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Ուրուգվայի ժողովրդին»։

Իր հերթին Ուրուգվայի փոխնախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց իր երկրի հավատարմությունը Հայ դատի պայքարին և ավելացնեց, որ ինչպես պատմականորեն ընդունված է, իր երկիրը միշտ շարունակելու է ոգեկոչել այս օրը, որպեսզի կանխվեն հետագա վայրագությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն էր։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, բարձր գնահատելով Ուրուգվայի կեցվածքը, մասնավորապես նշեց․ «Այսօր, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն իսկ իրողություն է, առանձնակի ակնածանքով ենք հիշում 1965-ին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դրանով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ համընդհանուր մոռացության միջից արդարության ձայն հնչեցրեց և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Մեր ժողովրդի հուշերում  ու հոգեկերտվածքում Ուրուգվայն ընկալվում է իբրև իրական և անշահախնդիր բարեկամ»։

Միջոցառումը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անունից, եզրափակեց Գաբրիելա Մուժուքյանը, ով քննադատական խոսք ասաց երկրի արտգործնախարարության հասցեին՝ թուրք արտգործնախարարին ընդունելու համար և միաժամանակ բարձր գնահատեց երկրի նախագահի արագ արձագանքը Չավուշօղլուի ժեստի կապակցությամբ։

Back to top button