ԿարևորՀասարակություն

Ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ․ կարգը հաստատվեց

Գործադիրը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:  

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցել է «Հայոց լեզու»,  «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն»,  բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ:

Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50 % հավելավճար է ստացել 166,40 % հավելավճար է ստացել 153, իսկ  30 %՝  159 ուսուցիչ: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և  հավելավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես նշել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան, կամավոր ատեստատավորում արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000  ՀՀ դրամ:  Ըստ նրա՝  դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում  ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է  ընդունած որոշումը և նշել. «2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթություններից  են և  միշտ էլ մնալու են որպես առաջնահերթություն: Հիմա էլ ուզում եմ այդ համոզմունքս վերահաստատել. մենք այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, այս շենքի ներսում, այս շենքից դուրս, յուրաքանչյուր գյուղում,  ֆերմաներում, փոքր և միջին ձեռնարկություններում վերաբերում է կրթության ոլորտին: Բոլոր ոլորտներում առկա ցանկացած թերության  հետևից որ գնանք, առնչվելու ենք կրթության ոլորտում ինչ-որ մի համակարգային խնդրի հետ: Ուստի,  կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Այսինքն՝ կա կրթություն և մնացած բոլոր հարցերը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենին շատ կարևոր լրացում կա, որ կրթությունը ցկյանս պրոցես է: Կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհով, որևէ դպրոցով, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինի լրացնել: Եվ մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտություններն ի վերջո ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»:

Այդ համատեքստում վարչապետն առաջնային հարցերից է համարել  ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը. «Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում: Մենք մտածում էինք ինչ անենք, որպեսզի ոչ թե մենք որոշենք, թե ինչքան է ուսուցչի աշխատավարձը, այլ ուսուցիչն ինքը որոշի՝ ինչքան է իր աշխատավարձը: Ի վերջո, պլանավորեցինք և 2021 թվականի գարնանից սկսեցինք այս սկզբունքային նշանակության բարեփոխումը, որը այսօրվա որոշմամբ շարունակում ենք:  Ըստ այդմ՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների դրույքաչափը 108 000-125 000 դրամի փոխարեն կլինի 200 000 դրամ: Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, որոնք նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի 1-ից կարող են ստանալ արդեն 400.000 դրամ աշխատավարձ»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ուսուցիչներին տրվելու է այդ համակարգից մի քանի անգամ օգտվելու հնարավորություն, սակայն իքս պահից սկսած ատեստավորում չանցած ուսուցիչը դպրոցում ուղղակի չի աշխատելու:

Վարչապետն անդրադարձել է կրթական ենթակառուցվածքի նոր համակարգի հայեցակարգին, որն իրականացվելու է Սյունիքի մարզում. «Այն  ամբողջությամբ պատրաստ է: Ես տվել եմ հանձանարարական արդեն սկսել շինարարության և ծրագրի իրականացման նախագծման աշխատանքները: Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը միայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման մասին չէ, մենք տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծենք, որի մեջ մտնում են նաև ավտոճանապարհները»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կազմակերպվելու են բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ բարդ, բայց կարևոր քննարկումներ: «Մենք բարձրագույն կրթության ոլորտում էլ մասշտաբային բարեփոխումներ ենք  իրականացնելու,  քաղաքական որոշումը վաղուց ենք կայացրել: Դրա իրականացման լոգիստիկայի հարցը պետք է որոշենք և գնանք առաջ»:

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման կարգը հստակեցնելու, վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու, ինչպես նաև  տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում: Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է  կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք այլ բացեր ևս, մասնավորապես՝ ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին, վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է  նաև մոդուլները: Նախատեսվում է, որ կազմակերպությունը կազմում է  վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները, ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է  կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է: Սահմանվել է նաև վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Back to top button